Ինչո՞ւ են եվրոպացիները եկել մեր տարածաշրջան

Ինչո՞ւ են եվրոպացիները եկել մեր տարածաշրջան

Արդեն բավականին ժամանակ է, ինչ Ադրբեջանի ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ձեռք են քաշում Արցախից, իսկ ռուսների, ԱՄՆ-ի, եվրոպացիների խիղճը, իբրեւ թե, սկսել է շարժվել, եւ նրանք Արցախի բնակչության ճակատագրի ուղղությամբ տարբեր քայլեր են փորձում իրականացնել: Հենց այս օրերին տարածաշրջան են այցելել եվրոպացի պաշտոնյաներ, ովքեր պետք է տեղում ծանոթանան իրավիճակին եւ, ըստ այդմ, փորձեն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ ճանապարհով հետագա գործողությունները կարգավորելու համար: Նվազագույնն անհասկանալի է, որ եթե ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Եվրոպան այս պահին էլ կողմ են արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ լրիվ մոռացության տալով ազգերի ինքնորոշման իրավունքը (կարճ ասած՝ պաշտպանում են Ադրբեջանին), այդ դեպքում ի՞նչ իրավիճակի հետ են փորձում ծանոթանալ, որից հետո էլ պարտավորվում են, իբր, արդար մոտեցում ցուցաբերել այդ երկրների հետագա հարաբերությունների կարգավորման հարցում:

Եղբայր, եթե դու որոշել ես առաջնորդվել միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքով, լրիվ անտեսելով մյուս կարեւոր՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, այն էլ՝ այն դեպքում, երբ հենց դուք՝ եվրոպացիներդ, մշտապես բարձրաձայնել եք, որ Արցախի անկախության հարցի լուծումը պետք է հիմնվի ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ այցելել եք տարածաշրջան եւ ձեր մոտեցումները ձեւակերպելիս խոսում եք միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ու ոչ մի խոսք չեք հնչեցնում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: 

Սա խոսում է զուտ այն մասին, որ եվրոպացիների երկամսյա այցը բնավ կապ չունի նախկինում իրենց իսկ կողմից բազմիցս հնչեցված Արցախի կարգավիճակի քննարկման հետ: Հետեւաբար, պարզ է դառնում, որ նրանց այցի նպատակը ոչ թե Արցախի կարգավիճակի հետ կապված ուսումնասիրություններն են, այլ, կույրին էլ է տեսանելի, արդեն երկու տարի Արցախում տեղակայված ռուսական ուժերի կողմից մինչ այժմ իրականացված խաղաղապահ գործունեությունը ստվերելը, պախարակելն ու նրանց դուրս մղելը։ Նրանք փորձ են անելու հիմնավորել, որ եվրոպացիները պատրաստակամ են ավելի օբյեկտիվ, արդարացի խաղաղապահ գործունեություն իրականացնել, եւ իրենք անտարբեր չեն Արցախի բնակչության ճակատագրի՝ անվտանգության նկատմամբ:

Կարծում եմ՝ դա ընդամենը հերթական բլեֆն է, նրանց այցի բուն նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աստիճանական թուլացման ու ապագայում իրենց ազդեցության մեծացման միտումն է: Թե որքանով դա կհաջողվի նրանց, ցույց կտա կյանքը, բայց բնական է, որ նրանց ցանկությունը կախված կլինի նաեւ այն բանից՝ հակամարտող կողմերը հակված կլինե՞ն Ռուսաստանի խաղաղապահ միջնորդության շարունակմանը, թե՞ կցանկանան, որ խաղաղապահ առաքելություն իրականացնեն եվրոպական կառույցները:

Փաստացի, Արցախի ու Հայաստանի այս ճակատագրական վիճակում երկու կողմն էլ ոչ թե կարեւորում են հետագա՝ խաղաղ բանակցությունների իրականացումը հօգուտ Արցախի, այլ հերթական անգամ փորձում են, օգտվելով Արցախի թուլացած վիճակից, իրենց հարցերը լուծել՝ տարածաշրջանը պահել սեփական ազդեցության ներքո՝ հետագայում ամեն մեկն իր ուզած եւ իրեն ձեռնտու տարբերակով այդ հակամարտության կարգավորումն ավարտին հասցնելու համար:
Այլ խոսքով, իրականում երկու կողմերն էլ թքած ունեն Արցախի հետագա կարգավիճակի, ինչպես նաեւ այն իրողության վրա, որ այդ հակամարտության պատճառով, համարյա 30 տարի շարունակ, երկու կողմից էլ տասնյակ հազարավոր զոհեր ու բազում դժբախտություններ են եղել, նրանք ընդամենը իրար հետ մեծ կոնֆլիկտի մեջ են եւ միմիայն ուզում են իրենց ազդեցությունն ընդլայնել հնարավորինս շատ տարածաշրջաններում, այս դեպքում՝ Արցախում, Հարավային Կովկասում: Իսկ ժողովրդի ճակատագիր, հարցերի արդարացի լուծում եւ նմանատիպ այլ բաներ նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում...

Գաղտնիք չէ, որ խոշորների համար փոքրերը միշտ էլ խաղալիք են եղել, մնում է միայն, որ մեր ժողովուրդը դա հասկանա եւ ցանկացած որոշիչ գործողության ժամանակ ճիշտ կողմնորոշվի...      

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ