Անդրեյ Ռուդենկոն խոսել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ապագայի մասին

Անդրեյ Ռուդենկոն խոսել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ապագայի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն կարծում է, որ Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ նրանք նրանք կարևոր ներդրում են ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին ռուս բարձրաստիճան դիվանագետը ասել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։

Ռուդենկոն մանրամասնել է, դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նա նաեւ արձանագրել է, որ նախկինի նման մնում է պահանջված համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահության վրա: Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Մինսկյան եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց եւ այնպես, նա շեշտել է, որ պետք է լինել զգուշավոր, առանց ավելորդ շտապողականության, մինչեւ ժամանակը գա։ Իսկ ահա կոնկրետ ներկայի մասով, ըստ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Նա կարեւորել է քաղհասարակության շրջանում երկխոսության ծավալումը, քանի որ համոզված է, որ այն կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Մոսկվայի համար զգաստացնող չէ Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում, փոխնախարար Ռուդենկոն ասել է, որ Մոսկվան ելնում է այն փաստից, որ «տարածաշրջանում ռազմական գծով Անկարայի հետ ռուսական կողմի փոխգործակցությունը կառուցվում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում, որը հունվարի 30-ից գործում է Աղդամում», ըստ էության հասկացնելով Թուրքիայի ներկայության սահմանները եւ դրանից դուրս արդեն կարմիր գծերի առկայությունը։