Դետեկտորը չի դիմանա
Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, եւ մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչապետը «պատահական» մի խանութատիրոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակ հազարներով կվերադառնան՝ առեւտուրդ կթեժանա։ Այնուհետեւ կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաեւ օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում։
Սուտն այնքան ակնհայտ էր, որ առաջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր։ Բնականաբար՝ տեխնիկական միջոցներով։ Քանզի վաղուց այլեւս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին։
Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց․․․ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի մասին։
Վերջինս, անշուշտ, չի կարող ապահովել հետազոտության արդյունքի հարյուր տոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է։ Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փոփոխություն եւ այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին։
Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան։ Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը` գրանցված պոլիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում։
Վստահ կարելի է պնդել, որ ստի դետեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով։ Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունակության խոր ինքնահմայանքի մեջ։ Օրինակ՝ փոխվարչապետ Տ․ Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կառավարության աջակցությամբ նոր բնակարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնակարանները կառուցվում են բարերարների օժանդակությամբ։
Բնականաբար, ստի դետեկտորը առավել եւս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին։ Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել։
Թե ինչ պատճառով՝ տե՛ս տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»։
Կարծիքներ