Ինչու է ներողություն խնդրում Անահիտ Ավանեսյանը

Ինչու է ներողություն խնդրում Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին «Հրապարակը» հարց ուղղեց՝ քանի՞ չճանաչված դիեր կան հանրապետության տարածքում։ Խնդրել էինք նշել կոնկրետ թիվ։ Հռիփսիմե Խաչատրյանը կոնկրետ թիվ չնշեց, սակայն հարցին, թե քանի տեղ կան դիերի պահմաան կետեր (սառնարաններում պահվող կամ առանց), ասաց․«Խոսքը մեր բոլոր դիահերձարանների մասին է։ Այս պահի դրությամբ ինֆորմացիան սա է»։

Հիշեցնենք, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր այցելել էր առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժին, որտեղ մինչեւ երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։ Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան, եւ այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար։

Նաիրա Զոհրաբյանը վատ վիճակում էր, այլ մանրամասներ չցանկացավ հայտնել, ասաց, որ իրեն էլ դիերի կոնկրետ թիվ ու քանակ չի հաջողվել ճշտել, թեև խոսել է պաշտոնատար անձանց հետ։ Միայն ասաց, որ շատ հին՝ 7-8 ամսվա դիեր էին։

Հիշեցնենք նաև, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներողություն էր խնդրել.

«Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»:

Նա նաև վստահեցրել էր, թե վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:

Իրականում, սակայն, ինչպես հուշեցին խիստ նեղ մասնագիտական՝ պաթոլոգոանատոմիական շրջանակներից, իրականում՝ դրա պատասխանատվությունը դատաբժշկական կենտրոնինն է, և նախարարը չէր կարող պահման պայմաններին ծանոթ լինել։