Հանուն Արցախի

Հանուն Արցախի

Այսօր ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Իհարկե, կարող ենք նստել մեր տաքուկ տներում եւ փնովել «ապաշնորհ» ընդդիմությանը, որ չկարողացավ հեռացնել պարտված իշխանություններին եւ բեկում մտցնել Հայաստանի ճակատագրում` գոնե բանակցողի փոփոխություն ապահովելով: Կարող ենք հազար թերություն գտնել նրանց գործողություններում, մեղադրել թուլության, անհետեւողականության, պայքարի ծրագիր ու մարտավարություն չունենալու մեջ եւ մենք, անշուշտ, իրավացի կլինենք: Բայց վստահ եղեք` նման մեղադրանքներ առաջ քաշողներն ընդամենը արդարացնում են իշխանությանը ծառայելու եւ կերակրատաշտին մոտ կանգնելու իրենց ձգտումները: Դրանք «Քաղպայմանագրի» քողարկված պաշտպաններն են ու հենարանը, որոնց «քննադատական» ոգու եւ հավերժ դժգոհության վրա էլ իշխանությունը կառուցում է իր քաղաքականությունը եւ երկարաժամկետ ծրագրեր կազմում:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի մեր ժողովրդին եւ հմտորեն օգտագործում է նրա դյուրահավատությունը, վախերն ու անտեղյակությունը: Կարողանում է անհրաժեշտ պահին սեղմել նրա թույլ տեղերի վրա ու ստանալ իր ուզած արդյունքը: Նա վստահ է, որ նախկին իշխանությունների հանդեպ ատելությունը հրահրելու միջոցով միշտ կարողանալու է պահպանել իշխանությունը, եւ իր ձեռնարկած ոչ մի հակապետական քայլ չի կանխվելու, չի դատապարտվելու ժողովորդի կողմից, քանի դեռ ինքը կարողանալու է հանրությանը վախեցնել Սերժ-Ռոբերտ զույգի վերադարձով: Մի բան, ինչից, պարզվեց, մեր ժողովուրդն ավելի շատ է վախենում, քան թուրքին ու ադրբեջանցուն երկիր հանձնելուց, պետականությունը կորցնելուց, Արցախը հանձնելուց: Եվ, իհարկե, պատերազմի հանդեպ վախը, որը եւս հմտորեն շահարկում են իշխանությունները եւ ամեն գնով խաղաղության գնալու իրենց ազգակործան ծրագիրն առաջ մղում: