Հրապարակը պետք է ծառայի Արցախի փրկությանը և գործող իշխանությունների հեռացմանը․ Անդրանիկ Գրիգորյան

Հրապարակը պետք է ծառայի Արցախի փրկությանը և գործող իշխանությունների հեռացմանը․ Անդրանիկ Գրիգորյան

Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։ 

- Պարոն Գրիգորյան, մի քանի օր է Ազատության հրապարակում են Արթուր Վանեցյանը, ով կիրակի օրը հայտարարեց նստացույց՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի և Արցախի փրկության պահանջով։ Հրապարակում է «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը, «5165» շարժման անդամները, արցախյան պատերազմի երկու հերոս տղաները հացադուլ են անում, մեծ թվով մարդիկ գնում են հրապարակ։ «ժառանգություն» կուսակցությունը չի՞ միանալու հրապարակին՝ Արցախի փրկության պահանջով։

-  Ես ձեզ պետք է ասեմ, որ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական օրակարգում կա գործող իշխանությունների հեռացման խնդիրը։ Դա վերջին մեկուկես տարիներին անընդհատ շեշտադրել ենք մենք։ Այս պահին որոշակի քննարկման և վերլուծական աշխատանքներ են կատարվում։ Ես կարծում եմ, որ այդ հրապարակը պետք է ծառայի Արցախի փրկությանը և գործող իշխանությունների հեռացմանը։ Հենց առաջին օրվանից Ռաֆֆի Հովհաննիսյանը այցելել էր Ազատության հրապարակ։ Լուսակցության ղեկավար կազմն էլ հրապարակում լինում է, որտեղ բոլորի հետ լինում են քննարկումներ, խոսակցություններ։ Ուղղակի չի հասունացել պահը պաշտոնական արարողակարգի համար։ Դա արդեն ընթացքը ցույց կտա։ Բայց որ գործող իշխանությունները սպառել են այլևս Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու բոլոր հնարավորությունները, դա իրողություն է։

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն են հնչեցնում Ազատության հրապարակում, խոսում են Արցախը փրկելու մասին։ Սակայն պարզ չէ՝ ինչ ծրագրով։ Ունի՞ արդյոք «Ժառանգությունը» հստակ ծրագիր, որով  կարելի է փրկել Արցախը։

- Կարծում եմ, որ այս պահին գնդակը խորհրդարանական ընդդիմության տիրույթում է։ Եվ մենք էլ ենք սպասում, որ գործիքակազմը և ճանապարհային քարտեզը կհրապարակվի նրանց կողմից։ Որովհետև սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով այս ճգնաժամը պետք է հանգուցալուծվի խորհրդարանում։ Որքան էլ որ մենք ընդունենք կամ չընդունենք խորհրդարանի, չգիտեմ, այդ կազմի գործունեության հնարավորությունը, միևնույն է, գործող իշխանության խորհրդարանական այլընտրանքը խորհրդարանական ընդդիմությունն է։ Եվ դա էլ է որոշակի, այսպես, զսպիչ գիծ։ Քանի որ դեռ չենք տեսել թե ծրագիրը, թե ճանապարհային քարտեզը, դա էլ է պաշտոնական արարողակարգային կոմպոնենտ հաղորդելու Ժառանգության մասնակցությանը հրապարակին կամ այլ քաղաքական գործընթացներին։

- Երեկ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Երկու երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ «Ժառանգություն» կուսակցությունն ունի՞ դիրքորոշում այս հայտարարության վերաբերյալ։

- Դեռևս դա չի քննարկվել ընդհանուր մեր կուսակցական ֆորմատում։ Այս տեսանկյունից, միայն անձնական կարծիք կարող եմ հայտնել՝ այնտեղ Հայաստանի շահը բավականին սքողված էր։ Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական խնդիրներն է լուծում, և այստեղ, որքան էլ դա մեզ դուր գա կամ դուր չգա, իրենք իրենց խնդիրներն են լուծում, աշխարհաքաղաքական մեծ խաղերի մեջ։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պետք է այնպես անեին, որ շահերի համադրում տեղի ունենար, բայց առաջին հայացքից բավականին փակ էր և սքողված։