«FlyOne Armenia» ավիաընկերության դեմ բողոքի հետքերով

«FlyOne Armenia» ավիաընկերության դեմ բողոքի հետքերով

Երեկ Հրապարակի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, որն ահազանգում էր, որ իր՝ ազգությամբ ռուս ծանոթը «FlyOne Armenia»  ավիաընկերությունից գնել է տոմս՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ, սակայն օրեր անց հաղորդագրություն է ստացել, որ հետադարձ չվերթը  չեղարկվել է։

««FlyOne Armenia» ավիաընկերությունը հաղորդագրությունով տեղեկացրել է ծանոթիս, որ չեղարկված տոմսը կարող է փոխարինվել կամ գումարի հետ վերադարձ լինել։ Վերջինս «FlyOne Armenia»-ին    պատասխանել է, որ նախընտրելի է տոմսը փոխարինեն առաջիկա չվերթով։ Սակայն դրանից հետո որևիցէ պատասխան չկա։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ ընկերս չի ուզում երկրից դուրս գալ՝ առանց հետադարձ տոմս ունենալու։ Ես այստեղից զանգահարում եմ, գրում եմ՝ չեն պատասխանում, գրել եմ և ինստագրամյան էջին, և ֆեյսբուքյան, սակայն չկա արձագանք։ Ինստագրամյան էջի նկարների տակ էլ նկատեցի ևս մի քանի քաղաքացիների կողմից նմանատիպ բողոք։ Իրենք մեկնաբանությունների դաշտը անջատել են։ Ես էլ զանգահարում եմ, չեն պատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

Մենք նույնպես փորձեցինք զանգահարել «FlyOne Armenia»-ի պաշտոնական էջում նշված հեռախոսահամարով, սակայն ոչ ոք չէր վերցնում։ 

Կապվեցինք «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, որից ստացանք հետևյալ պարզաբանումը․ «Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ Այս պահին ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են»:

Մեր այն հարցին, թե ինչու զանգերի կենտրոնը չի պատասխանում հեռախոսազանգերին, Արամ Անանյանն ասաց, որ FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար: Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու սոցիալական ցանցերում ավիաընկերության պաշտոնական էջերի մեկնաբանությունների դաշտում չեն արձագանքում հաճախորդների բարձրացրած խնդիրներին, վերջինս ասաց, որ անձնական տվյալների բաց լինելուց են խուսափում, և նշեց, որ այդ առումով միակ տարբերակը՝ խնդրին արագ լուծում տալու համար, քաղաքացիները պետք է դիմեն ավիաընկերության [email protected] մեյլին:

ՀԳ.  Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրում է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,– գրել է նա: