«Հրապարակ». Առանց մրցույթի վաճառեցին Լեհաստանին, որ ռուսներին, իրանցիներին ու չինացիներին վտարեն մեր երկրից

«Հրապարակ». Առանց մրցույթի վաճառեցին Լեհաստանին, որ ռուսներին, իրանցիներին ու չինացիներին վտարեն մեր երկրից

Հայաստանի ֆոնդային բորսան վաճառում են լեհերին: Եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք` այն ձեռք է բերում Եվրոպայի ամենառուսաֆոբ երկիրը՝ Լեհաստանը։ Մայիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հայտարարել է, որ համաձայնություն է տվել գործարքին։

ԿԲ-ն, որն օրենքով ֆոնդային բորսայի կարգավորող եւ վերահսկող մարմինն է, պայմանավորվածություն է ձեռք բերել Վարշավայի ֆոնդային բորսայի հետ, որ վերջինս ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս), իսկ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն։ Մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

Միակ բացատրությունը, որը տրվում է հանրությանը, թե ինչու է բորսան վաճառվում, այն է, որ «ինստիտուցիոնալ ներդրող» Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա «նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը եւ խթան կհանդիսանա հայկական եւ լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար»։

Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 1,8 մլն դոլար։ «Մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո»,- հայտնում է ԿԲ-ն։ Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի մասին լուրը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Նախ, անհասկանալի է, թե ինչպես է որոշվել մեր բորսայի արժեքը։ Եռամսյակը մեկ բորսայի ղեկավարությունն առեւտրի եւ շուկայի ծավալների աճ ցուցադրող թվեր էր հրապարակում՝ ձգտելով օրեցօր զարգացող մարմնի իմիջ ստեղծել: Վերջին անգամ գործարքների ավելացման մասին ազդարարեցին առաջին եռամսյակից հետո։ «Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 256 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակն աճել է 6 անգամ՝ հասնելով 188-ի»,- հաղորդվեց առաջին եռամսյակի ավարտին։ 

Հայաստանի ֆոնդային բորսայի կապիտալիզացիան կազմում էր ՀՆԱ-ի 2-3 տոկոսը, այսինքն՝ 300-400 մլն դոլար։ Նկատի ունենալով, որ այսօր մեր բորսայում քիչ ընկերություններ կան ցուցարկված, արժեքը կարող է ավելի ցածր լինել։ Ըստ որոշ գնահատականների՝ այսօր Հայաստանի ֆոնդային բորսայի արժեքը նվազագույնը 100 մլն դոլար է: Այս թիվը հնչեցրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բայց, փաստորեն, մեր բորսայի հայտարարված արժեքն այս նվազեցված արժեքից մոտավորապես 6 անգամ պակաս է։ Սա նշանակում է, որ հայկական բորսան պարզապես նվիրում են լեհերին։

Երկրորդ մութ կետը մրցույթն է կամ դրա բացակայությունը: ՀՀ կառավարությունը հերթական անգամ մութ, ոչ թափանցիկ գործարքի է գնում: Ինչո՞ւ է Հայաստանի միակ ֆոնդային բորսան վաճառվում առանց մրցույթի: Միակ տեղեկությունը, որ գիտեինք, այն է, որ դեռեւս 2020-ի աշնանը՝ պատերազմական սեպտեմբերին հայտարարվեց, որ Վարշավայի բորսան մտադիր է գնել Հայաստանի բորսան: ԿԲ կայքում տեղ գտած այս հայտարարությունն աննկատ անցավ, եւ հաստատապես կարող ենք փաստել, որ լեհերի հետ պայմանավորվածությունն անակնկալ էր հայ հանրության համար։ 

Հարցն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, ինչպես բազմաթիվ հարցեր՝ այսօրվա Հայաստանում: Եթե մեր բորսային տիրանում է Լեհաստանը, ապա ավտոմատ կերպով այնտեղ կասեցվում է չինական, իրանական, հատկապես ռուսական ընկերությունների մուտքը։ Ինչպե՞ս է որոշվել Հայաստանի ֆոնդային բորսայի գինը, ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, եւ ինչո՞ւ է Հայաստանն այսօրվա` բոլոր առումներով ծանր իրավիճակում գնում նման հակառուսական քայլի:

Հարցերն ուղղել էինք Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայությանը եւ ստացել ենք հետեւյալ գրությունը. «Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման գործարքի արժեքը որոշվել է բանակցությունների արդյունքում եւ, ըստ անկախ գնահատողների, արտացոլում է Հայաստանի ֆոնդային բորսայի ներկա իրական արժեքը: Մրցույթ չի հայտարարվել, քանի որ Կենտրոնական բանկը նման կարեւոր գործարքների պարագայում առաջնորդվում է ոչ թե առավելագույն գնի տրամաբանությամբ, այլ երկրի ֆինանսական համակարգի երկարաժամկետ զարգացման շահով, ինչը պարտադիր ենթադրում է ինստիտուցիոնալ ռազմավարական գործընկերոջ ներգրավում: 2017թ.-ից սկսած, ՀՀ ԿԲ-ի եւ NASDAQ OMX-ի (Հայաստանի ֆոնդային բորսան 2008 թվականից Nasdaq OMX group-ի մի մասն է՝ Ս. Ս.) պայմանավորվածության համաձայն, ակտիվ աշխատանք են իրականացրել՝ նոր կառավարիչ գտնելու համար։ 

2018-2019 թթ. բանակցություններ են ընթացել տարբեր հնարավոր ներդրողների, մասնավորապես՝ London Stock Exchange-ի, Euronext-ի, Deutsche Bourse-ի, ինչպես նաեւ մեր տարածաշրջանի բոլոր խոշոր բորսաների հետ: Վարշավայի ֆոնդային բորսան հետաքրքրվածություն է դրսեւորել՝ ձեռք բերելու Հայաստանի ֆոնդային բորսան: Ընդ որում՝ լեհական կողմն այս գործարքը դիտարկում է նաեւ որպես եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու հնարավորություն։ Գործարքի շուրջ բանակցությունները սկսվել են 2019-ին, որի վերաբերյալ 2020 թ. սեպտեմբերի 18-ին տարածվել է ՀՀ ԿԲ-ի եւ Վարշավայի ֆոնդային բորսայի համատեղ հայտարարությունը :

Ի դեպ, գործարքը պետք է տեղի ունենար դեռեւս 2021թ. առաջին եռամսյակում, սակայն հետաձգվեց՝ կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով։ Կենտրոնական բանկն այս գործարքը դիտարկում է բացառապես Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարի տեսանկյունից»: 

Այսպիսով, ԿԲ-ն մեր բարձրացրած հարցերից երկուսին՝ ֆոնդային բորսայի գնի սահմանման եւ մրցույթի վերաբերյալ, ֆորմալ, ոչինչ չասող պատասխաններ է տվել, իսկ գնորդի ընտրության քաղաքական կոմպոնենտի վերաբերյալ հարցադրումն ուղղակի թողել է անպատասխան: Ավելին` այս պատասխանով հաստատել է բոլոր մտավախություններն ու կասկածները: Բնական է` Լեհաստանը թույլ չի տա, որ ռուսական ընկերությունները ցուցակագրվեն մեր բորսայում, ուստի, կարող ենք պնդել, որ կատարվել է քաղաքական գործարք: Հավանաբար, խնդիր է դրված մեր երկրից հնարավորինս «տշել» ռուսներին, իրանցիներին եւ չինացիներին: Հակառակ դեպքում, եթե կառավարությունն իրոք առաջնորդվեր, ինչպես ԿԲ-ն է գրում, արժեթղթերի շուկայի զարգացման տրամաբանությամբ, ապա կընտրեր ռուսների նկատմամբ ավելի լոյալ երկիր, ոչ թե Լեհաստանը: Իսկ լեհերի ընտրությունը անկասկած հերթական առճակատման է բերելու ռուսների հետ, ինչը այսօրվա ծանր իրավիճակում անթուլատրելի է: