Սատանի մայլում քյանդրբազ են խաղում

Սատանի մայլում քյանդրբազ են խաղում

Հիմա չեմ ուզում անգամ իմանալ, թե այս աղջիկն ուր է և կա՞ արդյոք, բայց կար ժամանակ, երբ նա Հայաստանից, ինչպես իր շեֆը, հոխորտում էր Ալիևի վրա։ Սա ես ինչու եմ հիշեցնում։ Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանության եկավ,   Ալիևի վրա «մատ էր թափ տալիս» , խոսում էր նրա հետ որպես հաղթանակած  երկրի վարչապետ։ Անգամ նրա ամենափոքրիկ դետալները «ծնգծնգում էին» իրենց հաղթած լինելու մասին։ Մակունցներն ու մանեները Ալիևի հետ խոսում էին հաղթողի դիրքերից։ Ընդամենը մի փոքրիկ բան հիշեցնեմ, որը հայտարարել էր Լիլիթ Մակունցը 2020 թվականի հունիսի 27-ին․ 
«Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում»։

Նիկոլն ու իր դետալները մեր հաղթանակների մասին էին խոսում։ Ասել է թե՝ գիտեր, որ երկիրը գտնվում է հաղթանակների բարձունքում, և ինքը եկել ու թառել է այդ հաղթանակների վրա։ Նրանք համոզված էին, որ Արցախը միասնաբար պաշտպանած ու հաղթանակած  պետություն է Հայաստանը, հիմա ի՞նչ է եկել «Սատանի մայլում քյանդիրբազ խաղում»։ Հազարավոր մեջբերումներ կանեմ, որ Հայաստանը անպարտելի, մարտունակ ու հզոր երկիր է ճանաչել՝ իր դետալների հետ մեկտեղ։ Ադրբեջանը Բաքվում կապիտուլյացիայից հետո հայկական ռազմատեխնիկայի առգրավման ու հանձնման շքանհանդեսն  էր կազմակերպել։ Հիմա էլ Ստեփանակերտը դատարկելուց հետո նոյեմբերի 8-ին  այնտեղ է հաղթական զորահանդես կազմակերպում։ Ինքը ի՞նչ է անում՝ հաղթանակած երկրի վարչապետը։ Ինչու՞ հաղթանակած երկրին պարտության քրջեր հագցրիր։ Ինչու այդ աղջկան ամերիկաներից չես բերում, որ  մոլորյալ մասսայիդ  բացատրի, որ Հայաստանը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետություն էր։