«Հրապարակ». Մենք Արեւմտյան Հայաստան ենք կորցրել, հիմա Արցախի հարցն է թելից կախված

«Հրապարակ». Մենք Արեւմտյան Հայաստան ենք կորցրել, հիմա Արցախի հարցն է թելից կախված

Մեր զրուցակիցն է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

- Պարոն Հայրիյան, որքանո՞վ եք իրատեսական համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

- Թշնամու առաջնային խնդիրն այսօր Արցախին եւ Հայաստանին անջատելն է։ Դա բոլորս էլ գիտենք եւ տեսնում ենք։ Այդ պատճառով էլ, ինչ ուզում է լինի, պիտի իրարից չանջատվենք։ Ինչպիսի տարաձայնություններ էլ ուզում է լինեն, ինչ մթնոլորտ էլ ուզում է լինի, ինչ դիրքորոշում ուզում է ունենանք, պետք է միասնական լինենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պիտի անենք։ Որովհետեւ իրականում թուրքը չի կանգնում եւ երբեք էլ չի կանգնել։ Եթե հիմա մեր հայության մեջ մարդիկ կան, որ դեռ չեն գիտակցում, եւ ինչ-որ մեկը հույս է պահում 0,1 տոկոս, որ Արցախի հարցը կապ չունի այսօրվա տեղի ունեցող իրադարձությունների հետ, սխալվում է, որովհետեւ թուրքն ամեն վայրկյան քայլ առաջ է անում։ Եվ եթե մենք 410 հազար քմ-ից մնացել ենք այն, ինչ որ մնացել ենք, ամեն ինչ պարզ է եւ ակնհայտ, թե դեպի ուր ենք գնում։ Ինչի՞ մասին է խոսքը գնում, եթե Ադրբեջանի ղեկավարը կանգնում է հանրությանը, ամբողջ աշխարհին սուտ ասելով ներկայացնում է, որ Երեւանն իրենն է, Սեւանն իրենն է, Սյունիքն իրենն է։ Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը։

- Խաղաղության պայմանագիր են պատրաստվում կնքել, գծվելու եւ բացվելու են սահմաններ։ Ի՞նչ սպասել։

- Մենք Մասիս սար ենք կորցրել, մենք Վան ենք կորցրել, Արեւմտյան Հայաստան, հիմա Արցախի հարցն է թելից կախված, ինչպես նաեւ՝ Հայաստանի։ Եթե մարդիկ կան՝ չեն գիտակցում դա, ես բան չունեմ ասելու։ Մենք նույնիսկ ժամանակ չունենք մտածելու, թե ով է գիտակցում, ով՝ չէ։ Որովհետեւ փաստ է, որ եթե Արցախում մեր կյանքը ճիշտ չապահովեցինք, վայրկենական կգան կհասնեն Երեւան, եւ անելու բան էլ չի լինի։ Ես ժամանակին ասել եմ՝ մենք պետք է ոչ թե Ստեփանակերտում ապրեինք, այլ գնայինք ամբողջ Արցախի սահմաններում բնակվեինք, որպեսզի թույլ չտայինք ճանապարհ բացվեր նրանց համար։ Արցախցիները 70 տարի միշտ էլ իմացել են, որ եթե թուրքի մոտ տոն է, ինչ-որ Բայրամ է, ինչ-որ բան է՝ հանկարծ երեխեքը դուրս չգան, հանկարծ մի բան չլինի, երբ իբր մի ժամանակ համատեղ ապրում էինք։ Այն լոլոները, որ Շուշիում շատ թուրքեր են ապրել, նույնիսկ հայաստանցի հայերն են հավատում դրան։ Չի եղել նման բան։ Ես ունեմ փաստեր՝ իմ մոր ավարտական ֆոտոալբոմն ունեմ, որտեղ իրենց դասարանում մի քանի ադրբեջանցի է եղել, եւ ունեմ 25 տարի հետո ավարտականի նման ֆոտոալբոմ, տեսնում ենք, որ 60-ական թթ․-ին եթե եղել է 10 տոկոս, 80-ական թթ․-ին արդեն եղել է 30 տոկոս ադրբեջանցի։ Ես ձեզ հավատացնում եմ՝ ճանապարհը բացելու առաջին իսկ վայրկյանից մեր երեխաները չեն ունենալու սեփական հողակտոր անգամ Հայաստանում, դա նկատելի կդառնա 10-15 տարի հետո։ Այդ մեծ երկրագնդի վրա, որն Աստված հատուկ կլոր է ստեղծել մարդկության համար, հայը, որ հազարամյակների պատմություն ունի, չի ունենա իր սեփական մետրը։ Սա է ամբողջ իրականությունը։ Եվ ես պատրաստ չեմ իմ երեխային թողնել այդպիսի անհայրենիք մի ժառանգություն։