Հյուսիսային հոսքի սառեցումը կտեւի մեկ-երկու ամիս. Եվրոպան իր շահերը չի զիջի հանուն Ուկրաինայի

Հյուսիսային հոսքի սառեցումը կտեւի մեկ-երկու ամիս. Եվրոպան իր շահերը չի զիջի հանուն Ուկրաինայի

Էներգետիկ խնդիրների փորձագետ Արմեն Մանվելյանի հետ զրուցեցինք ռուս-ուկրաինական էսկալացիայի էներգետիկ հետեւանքների մասին: Նա կարծում է, որ եվրոպական սանկցիաները զուտ ձեւական բնույթ են կրելու: «Ինչ-որ ժամանակ սանկցիաներ կկիրառվեն, իսկ հետո նորից կսկսեն առեւտուր անել: Ռուսական էներգակիրներին Եվրամիությունն այլընտրանք չունի: Այսպես թե այնպես, պետք է Ռուսաստանից վերցնի գազը»: 

- Իսկ Ուկրաինա՞ն: Նա շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից՝ միաժամանակ խզելով նրա հետ դիվանագիտական հարաբերությունները, սա ի՞նչ պատերազմ է: 

- Նույն վիճակին էլ Ուկրաինան է: Ուկրաինան չի կարող գոյատեւել առանց ռուսական գազի: Հրաժարվել չի կարող, չնայած դեռ հարց է, թե այս պատերազմից հետո Ուկրաինայից ինչ կմնա: Բայց խնդիրն առաջին հերթին Եվրամիությունն է, որի սպառման 50 տոկոսը ռուսական գազն է: 

- Այսինքն՝ հյուսիսային հոսքը սառեցնելու մասին խոսակցությունները լուրջ չե՞ն: 

- Չէ, կսառեցնեն, միանշանակ, բայց այդ սառեցումը կտեւի երկու-երեք ամիս, առանց ռուսական գազի իրենք ի՞նչ են անելու: Իրենք իրենց շահերը չեն զիջի հանուն ոչ մեկի, առավել եւս՝ հանուն Ուկրաինայի: 

- Սանկցիաների մեծ փաթեթը, որոնց մասին այսօր խոսեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, ինչքանո՞վ է սարսափելի Ռուսաստանի համար, ի՞նչ սանկցիաների մասին է խոսքը, ըստ Ձեզ: 

- Քանի որ Ռուսաստանի առեւտուրը ԵՄ-ի հետ հիմնականում էներգակիրներն են՝ նավթն ու գազը, հետեւապես այդ սանկցիաները, մանավանդ, ԱՄՆ-ի կիրառած, հիմնականում այնպիսին կլինեն, որ հարվածեն էներգետիկ ոլորտին, որ նավթ ու գազ քիչ վաճառվի: Բայց նավթի հետ կապված սանկցիաների կիրառումն անիմաստ է, քանի որ նավթը բիրժային ապրանք է, եւ, այսպես թե այնպես, բիրժան է գինը որոշում: Էսօր նավթը մոտ 100 դոլարով է վաճառվում, բայց դա նշանակում է, որ ռուսական ընկերությունների շահույթն էլ է կտրուկ ավելանում: Դեռ երկու ամիս առաջ նավթի գինը 50 դոլար էր, հիմա 100 է: Մի երկու ժամ առաջ Բրենդը 102 դոլար էր: Բացի դա՝ 2014 թվականից, երբ որ սկսեցին սանկցիաներ կիրառել ՌԴ-ի դեմ, ժամանակը ցույց տվեց, որ ռուսական ապրանքաշրջանառությունը Եվրոպայի հետ մոտ 50 տոկոսով ավելացավ: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի հետ էլ ավելացավ առեւտուրը: Մի կողմից իրենք խոսում են սանկցիաների մասին, բայց երբ որ թվերով ենք նայում, ապրանքաշրջանառությունն ավելանում է: Որպես կանոն, այդ սանկցիաները ձեւի համար են: Այսպես ասեմ՝ երկրին դոլար բերող ապրանքները գազն ու նավթն են: Դրանց շուկան միառժամանակ վնասներ կկրի, բայց միաժամանակ նավթի գները կբարձրանան, եւ Ռուսաստանը, գերշահույթներ ստանալով, կփոխհատուցի դրանք: Պետք է հիշել, որ Ռուսաստանը նաեւ խոշոր զենք վաճառող է, եւ եթե Ուկրաինայի օպերացիան հաջող ավարտվի, դա կբերի ռուսական զենքի վաճառքի ավելացման: Իսկ էներգետիկ ծավալները, համոզված եմ՝ մեկ տարի հետո կրկին կվերականգնեն: 

- Հայաստանի համար հետեւանքներ կլինե՞ն: 

- Եթե հարված լինի ՌԴ տնտեսությանը, իհարկե, սա նաեւ, ոչ ուղղակիորեն, Հայաստանին է հարվածում: Ռուսական ռուբլին այսօր էժանացել է դոլարի նկատմամբ, սա նշանակում է, որ մեր ապրանքներն այնտեղ որոշ չափով դառնում են ոչ մրցունակ: Էս առումով, նախորդ անգամներն էլ՝ 2008 թվականին, 2014 թվականի սանկցիաներից հետո ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կտրուկ ընկավ, բայց հետո վերականգնվեց, եւ մեկ-երկու տարի հետո կարողացանք նախկին ծավալներին վերադառնալ: