Դատավորի թեկնածուն դատի է տվել ԲԴԽ-ին. ինչի՞ շուրջ է վեճը

Դատավորի թեկնածուն դատի է տվել ԲԴԽ-ին. ինչի՞ շուրջ է վեճը

Մամուլն այսօր գրել էր, որ ապագա դատավորները հայց են ներկայացնում դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշումների:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից՝ խոսքը դատավորի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանի հայցի մասին է: 

Գաբրիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով 24.05.2021թ. թիվ ԲԴԽ-որոշումը՝ Լիլիթ Գաբրիելյանին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու մասին անվավեր ճանաչել:

Հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲԴԽ լրատվական ծառայությունից.

«Ձեր նշած հայցադիմումը ոչ թե պարոն Ջհանգիրյանի, այլ ԲԴԽ-ի կողմից կայացված որոշմանն է վերաբերում: 

Այդ որոշման հիմքում ընկած է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 5-րդ կետով կարգավորվող իմպերատիվ պահանջը:

Դատավորի թեկնածուին առաջարկվել է զբաղեցնել դատավորի՝ այդ պահին առկա թափուր հաստիքը, ինչից նա հրաժարվել է, որն էլ իր հերթին հանգեցրել է օրենքով սահմանված կարգով, նրա անունը ցուցակից հանելուն: 

Սա ոչ թե ԲԴԽ-ի ցանկությունն է, այլ օրենքի պահանջ, որով էլ խորհուրդն առաջնորդվել է»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԴԽ լրատվական ծառայության պետը: