«Հրապարակ»․ Այլ երկրում սովորել՝ չի նշանակում լքել հայրենիքը, հուսամ՝ կավարտեն, կվերադառնան

«Հրապարակ»․ Այլ երկրում սովորել՝ չի նշանակում լքել հայրենիքը, հուսամ՝ կավարտեն, կվերադառնան

«Հայաքվե» նախաձեռնությանը երեկ միացան նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը եւ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Մանե Թանդիլյանը մեր այն հարցին, թե ինչու է որոշել միանալ այս նախաձեռնությանը, նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նախաձեռնությանը միանալ: Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնն այսօրվա իշխանությունների դադարեցումն է` որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն: Սա հատուկ որոշում չէ, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք միտված են այս կամ այն կերպ Արցախի հարցում իշխանությունների հետ անհամաձայնության, մենք այդ նախաձեռնություններին կողմ ենք եւ դրա մասնակիցը»:

- Տիկին Թանդիլյան, իշխանական լրատվամիջոցները, այսպես կոչված, քարոզչամեքենաները Ձեր դեմ ակնհայտ արշավ են սկսել, ամեն օր կարելի է Ձեր դեմ տարատեսակ հոդվածների հանդիպել իշխանամերձ լրատվականներում: Ինչո՞վ կբացատրեք այս թիրախավորումը: Ինչպե՞ս եք իշխանությունների զայրույթը շարժել:

- Դա ունի շատ պարզ բացատրություն` իշխանությունները կանխատեսում են մեր մոտալուտ հաղթանակը, փորձում են վնասել, բայց չի հաջողվելու:

- Շատ է շահարկվում Ձեր որդիների` բանակում չծառայելու հանգամանքը: Իշխանական կայքերը գրում են, թե Ձեր որդիներին Հայաստանից փախցրել եք, որովհետեւ չեք ցանկացել, որ նրանք իրենց պարտքը տան հայկական բանակին:

- Դրանք շահարկումներ են, որովհետեւ նախընտրական պայքար է, եւ ես շատ եմ ցավում, որ ընտանիքի անդամներին թիրախավորելու միջոցով են արդեն նման քայլեր արվում` ընտրությունների բնականոն ընթացքը խաթարում: Որդիներս կրթության նպատակով են մեկնել Ավստրիա, հուսամ, որ կավարտեն ուսումը եւ կվերադառնան Հայաստան: Նորություն չէ, որ Հայաստանում որակյալ կրթություն չկա: Ամեն դեպքում, այլ երկրում սովորել՝ չի նշանակում լքել հայրենիքը: Կարծում եմ, որ ուսումն ավարտելուց հետո բոլոր մարդիկ էլ պետք է վերադառնան հայրենիք:

- Ընտրությունների համար կարգախոս արդեն ընտրե՞լ եք:

- Դեռեւս ոչ: