«Հրապարակ». Նրանք 2018 թվականի ապրիլին Փաշինյանի կողքին էին․ հեղափոխությունից 5 տարի անց

«Հրապարակ». Նրանք 2018 թվականի ապրիլին Փաշինյանի կողքին էին․ հեղափոխությունից 5 տարի անց

Ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին երկիրը փոթորկված էր։ Ընդամենը 25 օրում Գյումրիից Երեւան քայլելով՝ Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ թիմի հետ հեղափոխություն իրականացրեց։ Նրա թիմի անդամներին այսօր բոլորն են ճանաչում, բայց մեծ թվով մարդիկ նրանց աջակցում էին՝ չլինելով առաջին պլանում։ Ովքե՞ր էին նրանք, որտե՞ղ են հիմա, ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանին եւ 2018-ի իրադարձություններին։

Հինգ տարի առաջ այս օրերին, Ցեղասպանության 103-րդ տարելիցին, հուշահամալիր այցելողների թիվն առանձնակի մեծ էր։ Ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետության հրապարակում հավաքված միտինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բղավում էր․ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, քո ցավը տանեմ»։ Ու ոչ ոք չէր պատկերացնի, թե ինչերի միջով ենք անցնելու հաջորդ տարիներին, ինչ կռիվ է տալու ազգային արժեքների դեմ 18-ին եկած երիտասարդ իշխանությունը։ Չէինք  պատկերացնի, որ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ից մի քանի օր առաջ թուրքական դրոշ է ծածանվելու, եւ ինչպես է 5 տարի հետո հալվելու, նոսրանալու դեպի Եղեռնի հուշահամալիր գնացողների թափորը։ 

Ինչ էին ուզում անել՝ ինչ ստացվեց, ինչից են գոհ, ինչից՝ դժգոհ, այսօր ինչ են մտածում կատարվածի մասին։ Մենք փորձել ենք զրուցել նրանց հետ, ովքեր ակտիվորեն մասնակցեցին 2018-ի հեղափոխական շարժմանը, աջակցեցին Նիկոլին, սակայն այսօր նրա կողքին չեն։ 

««Դուխովը» ջնջի, տեղը գրի «դեբիլ»»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ապրիլի 24-ի հետ կապված՝ հյուրեր ուներ։ Երեկ նաեւ ԱԻՄ տարեդարձն էր՝ երկար չխոսեց, բայց ասաց, որ չի փոշմանել, որ 5 տարի առաջ ապրիլի քայլարշավի ժամանակ հատուկ հասել է Իջեւան՝ Նիկոլ Փաշինյանին ողջունելու եւ նրա հետ քայլելու համար։ Հայրիկյանը հիշեցնում է, որ դա ինքն անձամբ արեց, մինչդեռ ԱԻՄ կուսակցությունը դեմ էր արտահայտվել։ Հրապարակումներ եղան այն ժամանակ, եղան մարդիկ, որոնք դատապարտեցին ԱԻՄ առաջնորդին, թե ինչպես կարող է կանգնել Նիկոլի կողքին, որը նրա մասին  «ստոր» բաներ էր գրել իր թերթում։

«Նիկոլն ասում էր այն, ինչ մենք ենք ասում՝ մենք ենք տերը, մերժիր Սերժին, որը կեղծեց Սահմանադրությունը։ Ես այդ զգացողությունն ունեմ, որովհետեւ, որքան էլ որ տեսնում եմ, որ իրենց շատ ապիկար են պահում, այդ պահի դրությամբ սկզբունքային դիրքորոշում եմ ունեցել։ Սերժ Սարգսյանը լուրջ սխալ էր թույլ տվել, նա պետք է հեռանար, ու այդ պահին ով էլ որ գար այդ կոչով, ես կասեի, որ ողջունում եմ։ Ով էլ որ գա իմ կոչերով՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ինքնորոշում», «Ազգը պետք է որոշի»՝ դրանք իմ կոչերն են, ով էլ որ էսօր դա հայտարարի, ես կասեմ՝ ապրես։ Բայց պարզվեց, որ Նիկոլը ստախոս է, ու էլի առաջինը ես եմ նրան քննադատել։ Հենց որ Նիկոլը սկսեց իշխանության համար պայքարել, եւ բոլշեւիկյան դրսեւորումներ եղան, ես ասացի՝ դու հիմա ասա՝ ե՞րբ ես ստախոսում՝ երբ կառավարության ծրագի՞ր էիր ընդունում, թե՞ հիմա։ Ասում էի՝ «դուխովը» ջնջի, տեղը գրի «դեբիլ», ու էլի խիղճս հանգիստ է, որովհետեւ այն ժամանակ շատերն ինձ ասացին, թե ինչու ես կպնում իրեն։ Ես ըստ գործերի եմ գնահատել եւ որեւէ բանի համար չեմ զղջում»։ Բայց դուք Նիկոլին աջակցում էիք, չէ՞։ «Երբ որոշ մարդիկ ինձ այդպես են ասում, ես պատասխանում եմ՝ ոչ։ Նիկոլն իմ կարգախոսներն էր վերցրել, եւ ես չէի կարող նրա դեմ խոսել։ Երբ ասում էր՝ մերժիր Սերժին, ինքը ճիշտ էր, որովհետեւ Սերժը գնացել էր իշխանազավթության, կեղծ սահմանադրության ճանապարհով եւ այլն։ Երբ պարզվեց, որ Նիկոլը չի մերժում իրականում Սերժին, այսինքն՝ նրա սահմանադրությունը եւ հակաքաղաքակրթական կողմերը, բնականաբար, ես վայրկենական տվել եմ իմ գնահատականը, առանց ձեւականության»,- ասում է Պարույր Հայրիկյանը։ 

«Շատ բաների ապականում եղել էր, բայց ոգուն ձեռք չէին տվել»․ Նարինե Թուխիկյան 

Նարինե Թուխիկյանը հեղափոխությունից հետո իշխանական պատգամավոր էր, ապա՝ 2019-ին, մանդատը վայր դնելուց հետո մշակույթի փոխնախարար նշանակվեց։ Աշխատեց 2 տարի եւ 2021 թվականի հունվարին ազատվեց պաշտոնից։ Հիմա ընտանեկան փոքրիկ հրատարակչություն է հիմնել, մանկական գրքերով է զբաղվում։ Ասում է, որ «հեղափոխականներից» հիասթափվեց պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ «Զրույցներ, խոսակցություններ, հանդիպումներ, որոնց ես չեմ կարող հիմա անդրադառնալ։ Հետո այդ սոսկալի օրը նոյեմբերյան, այն ցինիզմը, որով խոսվում էր ամեն ինչի մասին՝ կորուստների, պատերազմի հետեւանքների, այն անառողջ հոգեկան վիճակը, որով թույլ էին տալիս ժողովրդի հետ խոսել, հիշել իրենց կորցրած ժամացույցներն ու օծանելիքները»։ Այդ օրն ապրած շոկից Նարինե Թուխիկյանը մինչ օրս դուրս չի եկել, թեեւ նրա նախկին ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ասում էր՝ ոչինչ, հետպատերազմյան շոկ է, երկու օրից կանցնի։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մեծ խաբեություն էր, խոր հիասթափություն, խոր ցավ»։ Խաբեություն ազգի՞ հանդեպ։ «Ազգի, պետության, ժողովրդի։ Ես զարմանում եմ, թե ինչպես ես չեմ զգացել դա ի սկզբանե։ Բայց իսկապես այնպիսի ոգեւորություն էր, ու այնպիսի անհագ ցանկություն կար՝ փոխելու եղածը»։ Ինչպե՞ս եղավ, որ ատելությունն օլիգարխիկ ռեժիմի հանդեպ մեզ ոտքի հանեց, իսկ այսօրվա վիճակը՝ ոչ, հենց թեկուզ այսօր, որ նվազել է Ծիծեռնակաբերդ գնացողների քանակը, մեզ չի հուզում, կարծես։ «Կարծում եմ, որ տեղի է ունեցել բարոյական արժեքների, ոգեղեն երեւույթների ահավոր բռնաբարում։ Այն, որ մենք անտարբեր ենք, ու մնացած շատ վատ հատկությունները, որ մենք, պարզվում է, ունենք, նրանից է, որ մեր ոգին փչացրին, ապականեցին։ Այդպիսի ապականում չէր եղել, լիքը բաների ապականում եղել էր, բայց ոգուն ձեռք չէին տվել։ Այդ մարդիկ իրենք էլ ապականեցին ու դավաճանեցին փոփոխությունների գաղափարը, ինչի համար որ ժողովուրդն իրենց թույլ տվեց լինել առաջնորդ»։ 

«Հպարտ քաղաքացուն վերաբերվում են որպես մուրացկանի»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Նիկոլ Փաշինյանին աջակցող առաջին քաղաքական գործիչներից է։ 22 թվականի փետրվարի 6-ից նա վայր է դրել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի լիազորությունները, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ Փաշինյանը «կուսակցության ներսում կեղտոտություն էր անում»։ Հիմա ամեն առավոտ լրահոսն է բացում, որ տեսնի՝ ունե՞նք զոհ, թե՞ չունենք։ «Մենք այս տուրբուլենտությունից դուրս կգանք, եթե սրանք մի քիչ մարդ լինեն։ Բայց՝ ոչ։ Եվրադիտորդներին բերեց, բայց 2 օր առաջ ԱԺ-ում արդեն ՀԱՊԿ-ի դիտորդներից էր խոսում։ Այս անհայրենիքները պետությունը ճողվածքի են տանելու»,- ասում է նա։ Վերադառնալով 5 տարի առաջվա դեպքերին՝ Մակեյանը հիշում է, թե ինչպես մարտի 10-ից մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժման առաջին հանրահավաքը։ «Մենք հաշվարկել էինք, որ ապրիլի 9-17-ը իշխանական վակուում է լինելու, եւ այդ օրերին որոշել էինք ժողովրդին հանել ու թույլ չտալ, որ Սերժը դառնա վարչապետ։ Նիկոլը եկավ մեզ հետ հանդիպման, լսեց մեր ծրագիրը, ասեց՝ թե մենք էլ ծրագրեր ունենք։ Մյուս հանդիպմանը եկավ, թե «14+» ծրագիր ունենք՝ 14 օր Գյումրիից քայլելով գալիս եմ, 4 օրն էլ՝ Երեւանում։ Այսինքն՝ դա նույն մեր միտքն էր՝ 17-ին ավարտվում էր։ Մենք Երեւանում ամեն վարչական շրջանում միտինգներ էինք անում, ինքը գալիս էր միանում։ Դիլիջանում մենք նրա հետ հանդիպեցինք քայլելու ժամանակ, պայմանավորվեցինք դետալների մասին, բայց ապրիլի 13-14-ին, որ պետք է մտներ Երեւան, ամբողջ պլանը փոխեց։ Ասեց, որ մենակ ինքը պետք է խոսի։ Մենք այլընտրանք չունեինք։ Հետո, թե՝ հանրահավաքներն առանձին անենք։ Բայց դա նշանակում էր ժողովրդին տանել հուսախաբության, երկու ուժեր ո՞նց կարող էին ժողովրդին տարբեր հանրահավաքների տանել։ Ու եկանք կոմպրոմիսի, որ ինքը միայն ելույթ ունենա»։ Բայց ինչո՞ւ էիք դուք նրան հետագայում էլ աջակցում։ «Այո, որովհետեւ երբ ժողովուրդը ոգեւորված էր, քո հակառակ կանգնելը ոչինչ չէր տալու։ Ամսի 15-ին նա եկավ, մի քանի մարդու անուններ տվեց ճակատից՝ Ալբերտ Բաղդասարյան, Թամարա Հովհաննիսյան, Ենիգոմշյան, ու ասեց, որ նրանց հետ անելիք չունի»,- հիշում  է Մակեյանը։ Այն ժամանակ Փաշինյանը Սեֆիլյանին ու Ճակատի մյուս անդամներին ներկայացրել է որպես ուժային տարբերակի կողմնակիցներ, եւ քանի որ ինքը մերժում էր բռնությունն ու ուժը՝ այդ անձանց մեկուսացրին։ Այդ բոլոր անձինք՝ Փաշինյանի նախկին դաշնակիցները, կրկին հրապարակում էին, բայց արդեն՝ որպես շարքային քաղաքացի։ 

Մակեյանը բացահայտ սկսել է քննադատել Փաշինյանին, երբ նա նախկիններին պաշտոնների է նշանակել՝ հայտարարելով, որ դեմ է քաղաքական ռասիզմին։ «Նիկոլը վատ գործիք դարձավ մեզ համար՝ ազգադավ, աղետաբեր։ Այն կատուն է, որին ոնց գցես, թաթերին է ընկնում։ Հպարտ քաղաքացուն վերաբերվում են որպես մուրացկանի։ Նրանք, ովքեր սպասարկում են իշխանությունը պահելուն՝ ոստիկանություն, դատախազություն, Քննչական կոմիտե, մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ են ստանում, իսկ թոշակառու-ուսուցիչ, մնացածը կամ 5-10 տոկոսն են ավել ստանում կամ էլ ատեստացիա պետք է անցնեն։ Բայց բացասականը՝ սղաճ, գների բարձրացում, իրենք չեն տեսնում։ Գտել են իշխանությունը պահելու ձեւը՝ նախկիններին դեմ են տալիս՝ տեսեք, եթե մենք չենք՝ իրենք են, ու երկու կողմն էլ կարծես ընդունել են խաղի կանոնները։ Ժողովրդի մեջ կա մի շերտ՝ մուկուչյանական ընտրազանգվածը, որը միշտ սպասարկել է բոլոր իշխանություններին։ Հիմա նրանք են դարձել նիկոլական։ Նրանք են ակտիվ, իսկ մտածող ժողովուրդն ասում է՝ սրանց հետ ինչ խելք դնենք»,- եզրափակում է Պետրոս Մակեյանը։ 

Ոչ բոլորը, ում դիմեցինք, ցանկացան այս ցավոտ հարցերի շուրջ խոսել։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Նիկոլի ժամանակ մի շրջան Սյունիքի մարզպետ աշխատած Հունան Պողոսյանը, որը պատերազմից հետո հրաժարական տվեց ու հիմա ոչ մի պաշտոն չունի, ասաց, որ ինքը չի խոսում։ «Ծակ պրոֆեսորների, անհասկանալի փորձագետների պակաս չունենք ամբողջ քաղաքական դաշտում։ Ես լռության մեջ եմ»,- ասաց նա։