Զգույշ խոսեք

Զգույշ խոսեք

Խոսքի ազատության, սեփական կարծիք ունենալու համար պատժելու միտումները մեզանում նոր երեւույթներ են: Չգիտեմ՝ երբվանից սկսվեց այս պրոցեսը: Թերեւս` առաջին դեպքը ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Հայաստանի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն էր եւ նրան Հայաստանում անցանկալի անձ հայտարարելը։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր` ինչ-որ հարցազրույցում իբրեւ թե ասել է, որ Փաշինյանը միջանցք է տալիս Ադրբեջանին: Հետո պարզվեց, որ ասվածի միտքը լավ չեն հասկացել, անգամ եթե հասկացել են, եւ հենց այդպես էլ ասել է` ստացվեց, որ մարդուն` կարծիք արտահայտելու, քաղաքական վերլուծություն անելու համար, զրկում են Հայաստան գալու իրավունքից:

 

Հաջորդ նման դեպքը դատավորներից մեկի պաշտոնանկությունն էր` ԲԴԽ կոչվող «աստծուն» քննադատելու համար: Պարզվեց` Կարեն Անդրեասյանի օրապակաս հիմնարկը քննադատության ենթակա չէ: Այդ քննադատությունը կարող է դատավորի պաշտոն արժենալ: Իրենք միայն քծնանքն են խրախուսում, ցանկալի է` Նիկոլ Փաշինյանին ուղղված, իսկ քննադատությունը` անգամ Փաշինյանի ստրուկ կառույցների հասցեին, մահացու մեղք է` պաշտոնանկության հիմք:

 

Երեկ էլ հաջորդ տխմար որոշման մասին իմացանք` Նաիրի Հոխիկյանին մեղադրանք են առաջադրել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար` ՀՀ Քրօր․ 489 հոդվածով, իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման պատճառով, որով նա, պարզվում է, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել, վիրավորական արտահայտություն օգտագործել դատավոր Հովհաննիսյանի հասցեին։ Մեղադրել է «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» եւ «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» մեջ: Այսինքն, քաղաքական գնահատական տալ, քննադատել այլեւս չի կարելի: