Դիմում եմ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին

Դիմում եմ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին

«Ողջունում եմ բոլորին։ Ուզում եմ դիմել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին․ բարև, Պողոս։ Հույս ունեմ, որ դուք նույնպես ինձ հիմա հետևում եք, որովհետև ես հիմա մի քանի հայտարարություն ունեմ անելու, Պողոս, որոնք վերաբերվում են նաև քեզ։ Իհարկե ես քեզ չեմ ասի անգրագետ Պողոս, ինչպես քեզ ասում էր քո հարևան Բաբկեն Թունյանը, ուղղակի ես ուզում եմ, որ դու լսես այն, ինչ ես հիմա հայտարարելու եմ»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես ուզում եմ մի քանի մեջբերումներ անել օրերս Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցից, որից հետո վերջնականապես, կարծում եմ, կփակվի հարցը, թե ի վերջո ով էր մեղավոր 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար, ով բերեց պատերազմը մեր դուռ, ով է մեղավոր հինգ հազար ու ավելի զոհերի համար, ով դադարեցրեց բանակցային պրոցեսը, ով է մեղավոր Արցախի տոտալ հայաթափման համար և այլն։ Ալիևը հարցազրույցում հայտարարեց, որ բանակցային պրոցեսին վերջակետ է դրել հենց Փաշինյանը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստան է ու վերջ։ Ալիևը հայտարարել է, որ հիմա Փաշինյանը հակառակն է ասում՝ Ղարաբաղը Ադրբեջան է ու վերջ, սակայն հիմա դա պիտի ամրագրվի փաստաթղթով։ Ալիևը իր տված հարցազրույցում հայտարարել է, որ իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառը Հայաստանի այս  կառավարությունն է։ Վերջ, սրանով իսկ թեման փակվեց, փակվեց այն թեման, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է անում Արցախի հետ կապված ամեն բան մանիպուլյացիա անել»,- պնդեց նա։