Նիկոլ vs Դուչե

Նիկոլ vs Դուչե

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ժամանակին իրեն համեմատում էր Քրիստոսի հետ, ինչի համար հիմք էր ծառայել որոշ պնակալեզների կողմից նրան «ժողովրդի փրկիչ» անվանելը: Ես, սակայն, նրան կհամեմատեի Բենիտո Մուսոլինիի (1883-1945) հետ, ով պաշտոնապես կրում էր «դուչե» (իտալերենով՝ առաջնորդ) տիտղոսը: Սակայն կհամեմատեի ոչ թե հենց տիտղոսի, այլ զուտ իշխանության գալու առումով: Մուսոլինին եւս, համարյա ինչպես հետագայում Նիկոլը, սկզբում հարել է մի կուսակցության, իսկ հետո համախոհների հետ ստեղծել է մեկ ուրիշը: Քաղաքականությանը զուգահեռ զբաղվել է լրագրությամբ, իշխանության է եկել «Դեպի Հռոմ» արշավի շնորհիվ՝ օգտագործելով սոցիալական եւ ազզգայնական կարգախոսներ: Դրանով զուգահեռները վերջանում են, քանի որ 1922-ին Իտալիայի վարչապետ կարգվելով՝ Մուսոլինին սկզբում բավական դրական գործեր է կատարել: Նույնիսկ մեծացրել է Իտալիայի տարածքը՝ թագավորությունը հռչակելով կայսրություն: Եվ ինչպես ինքն իրեն հարգող յուրաքանչյուր բռնապետ, հետապնդումներ է իրականացրել ընդդիմադիրների նկատմամբ: 

Բայց այնուհետեւ եկել է ձախողումների շարքը եւ, որպես դրա պսակ՝ անփառունակ վախճանը: Ինչպեսեւ Նիկոլին՝ նրան եւս ձախողումների շրջանում նեցուկ են եղել արտասահմանից: Եվ եթե Մուսոլինիի դեպքում աջակիցը Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերն էր, Նիկոլի դեպքում անդեմ հավաքական Արեւմուտքն է: Ինչպես Նիկոլի, այնպես էլ այդ շրջանում «դուչեի» նկատմամբ բնակչության վերաբերմունքը բնութագրվում էր սոսկ մեկ բառով՝ ատելություն: Չգիտեմ, այդ շրջանում առկա՞ են եղել, արդյոք, «դուչեապաշտներ», եւ եթե ոչ, ապա պետք է ընդունել, որ դա զուտ հայկական ֆենոմեն է: Իսկ եթե այդպես է, ապա, ենթադրաբար, պայմանավորված է պետականության հազարամյա բացակայությամբ: Ու դրանով պայմանավորված՝ օտար լծի ներքո առաջացած ստրկամտությամբ:

Բայց հաստատ կա մի երեւույթ, որ չի եղել «դուչեի» օրոք: Դա զուտ ժամանակակից երեւույթ է եւ հայտնի է «իրավապաշտպանություն» անվանումով՝ ի դեպ, կրկին արեւմտյան ծագում ունեցող, ինչը ծանոթ է հայաստանյան հասարակությանը նախորդ դարի 90-ական թվականներից, երբ առաջ եկան իրավապաշտպանական առաջին խմբերը: Եվ երեք տասնամյակների ընթացքում պետք է որ լիներ կայացած ինստիտուտ՝ իր դերակատարներով հանդերձ: Բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Նախկինների օրոք գործող իրավապաշտպանների մեծամասնությունը, որքան էլ դա զարմանալի թվա, գործում էր ոչ թե հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության, այլ ուղղակի ընդդեմ իշխանության: Իսկ իշխանափոխությունից հետո վերածվեցին իշխանության կցորդների կամ անհատապես ներառվեցին իշխանության կազմում: Եվ որքան էլ տխուր լինի խոստովանելը՝ պետք է ընդունենք, որ դրա հետեւանքով համարյա ամբողջությամբ վերացել է երեսուն տարվա ավանդույթը: Եվ նիկոլական, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնում այն սկզբնավորվում է զրոյից:   

Իսկ եթե այդպես չլիներ, ապա, բնականաբար, իշխող ուժի, որը պատճառ է հանդիսացել Արցախի ու այլ տարածքների կորստին ու բազմաթիվ սպառնալիքների ծագմանը, ներկայացուցչին «վիժվածք» բնութագրելը չէր վերածվի ձերբակալության, դաժան ծեծի եւ ՀՀ քաղաքացու արժանապատվությունը նսեմացնելու պատճառի: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունենար, ապա նախկին իրավապաշտպանները մեկ մարդու նման կշրջապատեին ոստիկանության շենքը, ինչպես դա տեղի էր ունենում նախորդների օրոք: Եվ միասնական հայտարարությամբ կպահանջեին, նախ, ազատ արձակել երիտասարդին, իսկ այնուհետեւ օրենքի ողջ խստությամբ պատժել նման արարք թույլ տված անձանց ու իրենց ղեկավարությանը: Բայց նման բան տեղի չի ունեցել եւ, ինչպես հասկանում ենք, դժվար թե տեղի ունենա հետագայում: