Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության կողմից ընտրովի մոտեցում է դրսևորվում 

Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության կողմից ընտրովի մոտեցում է դրսևորվում 

Հարցազրույց Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետ Արամ Մամիկոնյանի հետ    

-Դուք հարցազրույցներ եք տալիս եւ հայտարարում, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ կապված իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը անգործություն են ցուցաբերում, կմանրամասնե՞ք խնդիրը։

- Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները ողողված են այս կամ այն ոլորտում պետական պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների կատարման, այդ առնչությամբ պատշաճ պետական վերահսկողության բացակայության և/կամ մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելու զանազան փաստերով: Դրանք առանձնակի ուշադրության արժանացան հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Օրերս Պաշտպանության նախարարությունում կատարված պետական գնումների գործընթացի շուրջ հրապարակայնորեն մեծ աղմուկ բարձրացավ և նույնիսկ անձ կալանավորվեց: Մինչդեռ որևէ անգամ այդ առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն և պարզաբանում չպահանջվեց ու չներկայացվեց Պաշտպանության նախարարությունում հաշվեքննություն և ստուգում իրականացնող սահմանադրական մարմնի՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարից... Նույնը վերաբերելի է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության, այդ թվում՝ հիմնադրամից պետական բյուջե գումար փոխանցելու մասին մամուլում պտտվող լուրերին:

-Այսինքն, Հաշվեքննիչ պալատն այդտեղ ստուգումնե՞ր է արել։

-Այո, իսկ Պաշտպանության նախարարությունում, իմ տեղեկությամբ, նույնիսկ ամեն տարի: Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ, ինչն ամրագրված է Սահմանադրության 198-րդ և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներում: Իսկ, թե ինչո՞ւ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բացահայտ և անթաքույց կերպով չի իրականացնում հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելու նույն «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված պարտականությունը, առնվազն տարակուսանքի և մտահոգության տեղիք է տալիս... 

-Ինչո՞ւ։

-Որովհետև Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դեռևս զբաղեցնող, կենսաթոշակային տարիքի նախաշեմին գտնվող Լևոն Յոլյանը որդեգրել է այսպես կոչված «ջայլամային» քաղաքականություն` նպատակ ունենալով հնարավորինս երկարաձգել իր պաշտոնովորումն այդ պաշտոնում: Վերջինիս գործելաոճն ակնհայտ է, որ ձեռնտու է իշխանությանը, քանզի Հաշվեքննիչ պալատի թույլ ղեկավար ունենալն ուղղակի համեմատական է ոչ լիարժեք պետական հաշվեքննության և/կամ պետական հաշվեքննության ընդհանրապես բացակայության հետ: Սա հնարավորություն է ընձեռում Կառավարությանը, որպեսզի վերջինս համոզված կերպով վստահ լինի իր բոլոր գործողությունների նկատմամբ օրենքով սահմանված պատշաճ հաշվեքննության չիրականացման մեջ, ինչը կարող է հանգեցնել զսպումների մեխանիզմի բացակայության, իսկ երբեմն նաև` ամենաթողության... Իմ կարծիքով հենց այս պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում Լևոն Յոլյանից, որովհետև իշխանությանը ձեռնտու է Հաշվեքննիչ պալատի թույլ նախագահ ունենալը: Արդյունքում` իրավական առումով խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ինչպես նաև գործնականում խափանվում է պետական ապարատի բնականոն գործունեությունը:

-Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է գերակա։

-Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի և այդ առնչությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու մասին, սակայն իշխանության և անձամբ իր կողմից որևէ գործուն քայլ չի ձեռնարկվում բազմազան աղմկոտ կոռուպցիոն դրվագներում ու քրեաիրավական բնույթի գործերում ներգրավված Լևոն Յոլյանին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կամ գոնե` պաշտոնանկ անելու ուղղությամբ: Եվ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ Լևոն Յոլյանին առնչվող կոռուպցիոն և քրեաիրավական պատմությունները պարբերաբար լուսաբանվում են լրատվամիջոցներում, ինչպես նաև այդ մասին բազմիցս հայտարարվում է ԱԺ բարձրագույն ամբիոնից: Օրինակ, 25 միլիոն դոլար չինական վարկի ծախսման հետ կապված Հաշվեքննիչ պալատի ստուգումների կամ Լևոն Յոլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց բիզնեսների առնչությամբ աղաղակող հրապարակումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հանցագործության մասին հաղորդումներ: Այսինքն, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարում իշխանության կողմից ընտրովի մոտեցում է դրսևորվում, քանզի ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքար կարելի է մղել բոլորի դեմ, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի: Զավեշտալի է, չէ՞... Ակնհայտ է, որ իշխանական թիմն ուղղակիորեն հովանավորում է Լևոն Յոլյանին, այլապես չէր ցուցաբերի բացարձակ անգործություն և Յոլյանն այսքան երկար ժամանակ չէր շարունակի պաշտոնավարել ՀՀ բարձրաստիճան պաշտոնում: