Ի՞նչ է իրականում շատերին վախեցնող խոլեստերինը

Ի՞նչ է իրականում շատերին վախեցնող խոլեստերինը

Խոլեստերինը կամ խոլեստերոլը ճարպային նյութ է, որն արտադրվում է օրգանիզմում և օրգանիզմի կողմից յուրացվում սննդի միջոցով:

Խոլեստերինը առողջության համար անփոխարինելի նյութ է, սակայն դրա բարձրացած քանակները կարող են վնասել արյունատար անոթների պատերը և բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:


Խոլեստերինի որոշ քանակներ անհրաժեշտ են, որ օրգանիզմը սկսի նորմալ գործել: Օրինակ, խոլեստերինը մտնում է բջջաթաղանթների կառուցվածքի մեջ և մասնակցում է որոշ հորմոնների արտադրությանը:

Մեր օրգանիզմի խոլեստերինի շուրջ 75% արտադրվում է լյարդի կողմից, իսկ մնացած 25%-ը ստանում ենք սննդի օգնությամբ:


Խոլեստերինն արյան մեջ տեղափոխվում է լիպոպրոտեիդներով, որոնց երկու հիմնական տեսակներն են բարձր խտության և ցածր խտության լիպոպրոտեիդները։

Առաջինը հայտնի է որպես «լավ» խոլեստերին, քանի որ հեռացնում է խոլեստերինը զարկերակներից և տեղափոխում այն դեպի լյարդ՝ պահեստավորման: Երկրորդը համարվում է «վատ» խոլեստերին, որովհետև իր խոլեստերինը թողնում է զարկերակների պատերի վրա:


Խոլեստերինի հայտնի լաբորատոր թեստերն արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և վերջինիս երկու մակարդակների որոշումն է: Այս հետազոտությունը թույլ է տալիս բժշկին, որ նա գնահատի հիվանդի մոտ սրտի իշեմիկ հիվանդության (այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի) և ինսուլտի ռիսկը: Իհարկե, բժիշկը հաշվի է առնում նաև այլ ռիսկի գործոններ ևս, ինչպիսք են՝ արյան բարձր ճնշում, ավելցուկային կշիռ կամ գիրություն, 2-րդ տիպի դիաբետ և ծխախոտի օգտագործում:

Տրիգլիցերիդը կամ եռգլիցերիդը նույնպես արյան ճարպի մի տեսակ է, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Տրիգլիցերիդները սովորաբար որոշվում են խոլեստերինի և դրա մակարդակների քննության շնորհիվ:

Թեև խոլեստերինի որոշ քանակներ անփոխարինելի են օրգանիզմն առողջ պահելու համար, նույն այդ խոլեստերինի նորմայից բարձր մակարդակները կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Ցածր խոլեստերինի ավելցուկային քանակները կուտակվում են անոթի պատի վրա՝ առաջացնելով թիթեղիկներ, որոնք արյան սահուն հոսքի համար դառնում են խոչընդոտ:

Արյան խոլեստերինի բարձր լինելու պարագայում, կարելի է նվազեցնել այն տարբեր ճանապարհներով՝

կրճատել սննդով ընդունվող հագեցած ճարպերի քանակը,
օգտագործել բջջանքով հարուստ մթերքներ,
սննդակարգը դարձնել առողջ և բազմազան,
ապահովել ֆիզիկական ակտիվությունը:

Հագեցած ճարպերով հարուստ սննդամթերքներից են՝

տորթեր և թխվածքներ,
ճարպոտ միս,
կարագ և չճարպազերծված (բարձր յուղայնությամբ) կաթնամթերքներ,
կոկոսի կամ արմավի յուղ պարունակող մթերքներ:

Ապրելակերպի և սննդակարգի բալանսավորման միջոցով խոլեստերինի կարգավորման ոչ բավարար արդյունքների դեպքում, բժիշկը կարող է նշանակել խոլեստերինը նվազեցնող որոշ դեղեր: Պարզապես պետք է գիտակցել, որ դեղերը ոչ թե փոխարինելու են առողջ ապրելակերպի միջոցառումներին, այլ լրացնելու են դրանք: