Պետք չէ լինել հանճար՝ հասկանալու համար, որ սահմանագծերից մեկը անցնելու է Հարավային Կովկասով

Պետք չէ լինել հանճար՝ հասկանալու համար, որ սահմանագծերից մեկը անցնելու է Հարավային Կովկասով

«Որքան Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը խորանում է, այդքան ռիսկերն ավելանում են այն գոտիներում, որտեղ Ռուսաստանն այս կամ այն ձև ունի ազդեցություն։ Այսօր՝ չկա ռուս-ուկրաինական հակամարտություն, կա՝ Արևելք-Արևմուտք պայմանական նոր աշխարհաքաղաքական ֆորմացիաների ձևավորում։ Ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն «պայմանական» աշխարհի մեծերի մեջ։ Այո, միաբևեռ աշխարհը վերջացավ, մի քանի բևեռ է լինելու։ Դա ակնհայտ է, բայց, որտեղով են ֆիզիկապես անցնելու այդ աշխարհաքաղաքական բևեռների սահմանները կամ ազդեցության գոտիները, և որտեղով են վերջանալու, դա է այսօրվա  կռիվը։ Ռուսաստանի վրա ճնշում են գործադրելու ոչ միայն արցախյան ուղղությամբ, այլ նաև Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի և մի քանի այլ ուղղություններով, և դա բնականոն երևույթ է այս իրավիճակում»,-մեզ հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը։

Վերջինս գտնում է, որ մեր խնդիրն այն է, թե աշխարհաքաղաքական սահմաննները, կոպիտ ասած, անցնելո՞ւ են Հայաստանով, որովհետև պայմանական աշխարհաքաղաքական տարածքային սահմանների ճարտարապետներից շատ մեծ հավակնություններ ունի Թուրքիան, որը նաև ուզում է ձևավորել աշխարհաքաղաքական իր կոնգլոմերացիան։ Արման Աբովյանը կարծում է, որ սա լուրջ խնդիր է եւ մենք սթափ չենք գնահատում  իրավիճակը։

«Փոխարենը լոկալ ինչ-որ որոշումներ ենք փորձում իրագործել, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան, որն իրականում շինծու կատեգորիա է և բերելու է ավելի լուրջ վտանգների։ Այո, անխուսափելի է լարվածությունն Արցախում և Հայաստանում, և այդ լարվածությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ առաջինը՝ ռուսների համար բացել պայմանական երկրորդ ճակատ, այս կոնտեքստում նշեմ, որ  այս պահին Ադրբեջանում է գտնվում Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Երկրորդ՝ թուրքերն ու ադրբեջանցիները ուզում են շանտաժ անելով հասնեն իրենց բաղձալի նպատակներին՝ Արցախի հայաթափում և առաջին փուլով Հայաստանի մասնատում, խոսքը մեր լոգիստիկ հանգույցների վերահսկողության մասին է։ Եվ երրորդը, որը իրենք երբեք չեն թաքցրել՝ հայկական էթնո քաղաքական գործոնի կամ չեզոքացումը, կամ դուրս մղումը, կամ ոչնչացումը տարածաշրջանից»։

Արման Աբովյանի խոսքով, խաղաղության պայմանագիր ստորագրելով, որն ըստ էության խաղաղության պայմանագիր չի լինելու, այլ՝ թղթի վրա՝ Արցախի և Հայաստանի հետաքրքրությունների և շահերի, և անվտանգային համակարգերի լիարժեք հանձնումը թշնամուն, եւ բացառվում է դա մոտեցնի իրական խաղաղությունը։

«Այնպես է փոխվել միջազգային անվտանգային համակարգը, որ յուրաքանչյուր խաղաղության պայմանագիր ադրբեջանցիների և թուրքերի հետ, նույնիսկ չարժե այն թղթի գինը, որի վրա գրված է։ Միակ երաշխիքը դա անվտանգության, յուրաքանչյուր պետության ռազմատնտեսական գործոնն է, և Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Մնացածը սին խոսքեր են և սին մտահղացումներ, որոնք կբերեն երաշխավորված ավելի դաժան՝ թե արհավիրքների, թե պատերազմների։ Պետք չէ լինել հանճար՝ հասկանալու համար, որ սահմանագծերից մեկը անցնելու է Հարավային Կովկասով։ Հիմա անցնելու է Հայաստանով, թե շրջանցելով, դա իրականում բացառապես հետաքրքրում է միայն մեզ և մենք ենք պատասխանատու, թե այդ գործընթացների ընթացքում մենք կմնանք, թե կլինենք մասնատված թուրք-ադրբեջանական ոհմակի կողմից»,-ասաց Արման Աբովյանը։