Ստիպված եմ բացատրել համացանցի պարսավանքի ուղղվածությունը

Ստիպված եմ բացատրել համացանցի պարսավանքի ուղղվածությունը

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը,  թե զոհվածների մայրերը պարսավանքի են ենթարկվում, երբ որոշում են կրկին մայրանալ, զբոսնել, հաց ուտել, կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ նա ներկայացնում է վարչապետի ինստիտուտը, դրանով իսկ պետական մակարդակով վիրավորում, նսեմացնում է հայ մարդուն, հայ ժողովրդին, հայ հանրությանը, ընդհանրական իմաստով՝ հայ ազգին, որոշեցի անդրադառնալ ու ասել ճշմարտությունը։ 

Զոհված զինվորի մայրը սրբություն է եղել հայ ազգի համար։ Որդուն հավասար՝ մեծարում էին մորը։ Ու ցանկացած հայ, ում շուրթերից դուրս է գալիս, որ հայ մարդը պարսավում է, որ զոհվածի մայրը երեխա է ունենում, սրբապղծություն է, և միանշանակ կարելի է ասել, որ նա մեր արժեքների վրա թքելու գործառույթ է իրականացնում։ Ինչքա՜ն եմ հանդիպել, երբ զոհվածի մայրը երեխա է ունենում, հանրության դրական, ոգեշնչված գրառումները։ Ես դեռ բացասական գրառման չեմ հանդիպել։

Հինգ հազար, գուցե և ավելի կոկոնների գլխատումը, վարդի թփերի ամայացումը մեր ազգային ողբն է ու ամեն նոր թփի տնկում խանդավառությամբ են ընդունում մարդիկ։ Ուզում եմ պարզապես հասկանալ՝ ի՞նչն է քեզ դրդում, որ այդքան սևացնում, պախարակում, խայտառակում ես մեր ազգին։ Կամ երբ ասում ես, թե՝ ըստ մեր հասարակության որոշ շերտերի՝ զոհվածների մայրերը պետք է սև հաց ու ջրից բացի ոչինչ չուտեն ու միայն սգան, նման բան տեսած, լսած  կա՞ս․․․ Դու խոսում ես մեր ազգային սրբությունների մասին, պետական մակարդակով վիրավորում հայ ժողովրդին, գոնե դա հասկանու՞մ ես։ 

Ես ստիպված եմ բացատրել, թե ինչու՞ էին պարսավում ու վիրավորում, թեև դու  դա ինձնից լավ գիտես։  Դեսուդեն չեմ ընկնի, պարզ կասեմ՝ հայ հանրությունը ինչ ասում, քեզ էր վերաբերվում։ Պատկերացրու՝ ինչքան են մարդիկ «քեզնից վառված» , որ քեզ հետ եթե անգամ մեր ազգի սրբությունն է կանգնում՝ զոհվածի մայրը, մարդիկ վիրավորվում ու պարսավում են։ Այդ մասին մտածիր․ բոլոր պարսավանքները ուղղված են քեզ։  Ինքդ էլ լավ հասկանում ես՝ Մեհրիբանին թեյ խմելու հրավերդ ոչ ոք չի մոռացել։ Ոչ էլ բոլոր այն խոսքերդ, որոնցով ոչնչացնում, հողին էիր հավասարեցնում պատերազմում զոհվածներին, ասելով՝ որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։ Չընդլայնվեմ։ Ինքդ էլ լավ գիտես, որ պատերազմից հետո ում հետ էլ դուրս գաս,  այդ մարդիկ հայտնվելու են հանրության թիրախում։

Հանրությունը քեզ չի ընդունում, և դու եթե որպես վահան օգտագործել ես զոհվածների մայրերին, ասեմ, որ հանրությունը շատ զգայուն է և անմիջապես զգացել է բուն նպատակդ։ Պառակտել, քանդել, ավերել մեր բոլոր սրբությունները։ Քո միջոցով հանրության մեջ կամեցել ես զոհվածի մոր պատվանդանը իջեցնել և դնել այնտեղ, որտեղ դու ես։