Եթե գազի գինը սահմանին բարձրանա, կկրկնվեն 2013-ի դեպքերը

Եթե գազի գինը  սահմանին բարձրանա, կկրկնվեն 2013-ի դեպքերը

Վերջին օրերին շատ է խոսվում գազի սակագնի բարձրացման մասին։ Այս թեմայով զրուցել ենք էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

- Ձեզ հայտնի՞ է, որ գազի սակգնի բարձրացումն արդեն հաստատված փաստ են համարում, եւ կառավարությունը մոտ 10 տոկոս թանկացումից առաջացած տարբերությունը պատրաստվում է սուբսիդավորել պետական բյուջեից։

- Դեռ 2019թ․ հունվարին, երբ հայտարարվեց 15 դոլարով կամ 10 տոկոսով գազի սակագինը սահմանին թանկացնելու մասին, պարզ էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ի վիճակի չէր լինելու երկար ժամանակ իր սեփական միջոցների հաշվին զսպել ներքին սակագնի ավելացումը։ Դա էր, թերեւս, պատճառը, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշում է կայացրել իր աշխատակազմը շուրջ 1000 միավորով կրճատելու մասին։ Եվ միաժամանակ Մոսկվայում շրջանառության մեջ է դրվում Հայաստանի գազատրանսպորտային համակարգում իրականացվելիք ներդրումային ծրագրի արմատական բարեփոխման նախագիծը, ինչը նախեւառաջ խոսում է այն մասին, որ ստեղծված իրավիճակում «Գազպրոմ Արմենիան» ստիպված է գնալու ոչ պոպուլյար քայլերի։ Այս առումով մենք կարող ենք ակնկալել 2 հիմնական սցենար․ առաջինը, որ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը պահպանվում է նույն մակարդակում, ինչ 2019 թվականին, ապա միեւնույն է՝ վաղ թե ուշ գազի սակագինը բարձրանալու է՝ հաշվի առնելով այն, որ «Գազպրոմ Արմենիան», ինչպես հայտարարում է, սեփական միջոցներով ի վիճակի չէ ապահովել սակագնի զսպումը։ Իսկ գարնանը հայտարարել էր, որ ստիպված կլինի գնալ այն քայլերին, որոնց մասին ես նոր նշեցի։ Բնականաբար, հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիան» այլեւս ի վիճակի չի լինելու իր սեփական միջոցների հաշվին ապահովել այդ տարբերության զսպումը, ապա միեւնույն է՝ առնվազն գարնանը ներքին շուկայում կունենանք սակագնային որոշակի աճ։ Եթե խոսենք թվերով, ապա օբյեկտիվորեն ներքին սակագնի աճը 15 դոլար բարձրանալու դեպքում 2020-ին կկազմի մոտ 7 տոկոս։

- Սուբսիդավորման մասին Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է։

- Սուբսիդավորման մասին խոսակցությունները որեւէ հիմք չունեն։ Վստահեցնում եմ, որ 2019-ի ողջ ընթացքում եւ առայսօր սակագնի զսպումը երկրի ներսում նախեւառաջ ապահովվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, եւ եթե գազամատակարար ընկերությունը հրաժարվի շարունակել այդ քաղաքականությունը, ստիպված կլինի կրճատել իր ներդրումային ծրագիրը, որն ինքն իրենով բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության համար։ Որովհետեւ ի՞նչ է նշանակում «ներդրումային ծրագրի վերանայում»։ Նշանակում է, որ կնվազեն Հայաստանի գազամատակարարման համակարգի մոդեռնիզացման տեմպերը, չի ապահովվի գազատրանսպորտային համակարգում գազի կորստի նվազեցման քաղաքանությունը։ Ընկերությունը ստիպված կլինի գնալ աշխատակիցների կրճատման ճանապարհով։ Այսինքն՝ մի կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի ապահովել ինչ-որ ընթացիկ դրական արդյունք, սակայն ավելի երկարաժամկետ ռազմավարական տիրույթում կբախվենք լուրջ պրոբլեմների։

- Բացառո՞ւմ  եք, որ «Գազպրոմի» հետ գաղտնի պայմանավորվածություն լինի՝ եւս 1․5 տարի սուբսիդավորելու մասին։

- Ես աշխատում եմ առավելապես պաշտոնական տեղեկատվության հետ։ Թե ինչ կուլուարային գործընթացներ են տեղի ունենում «Գազպրոմ Արմենիայի» եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ, ես, ցավոք, չեմ տիրապետում։

- Հիշո՞ւմ եք՝ երբ տարիներ առաջ Հայաստանը «ՀայՌուսգազարդ»-ին վաճառեց իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, դրանից առաջ ռուսական կողմը կրկին սահմանին ավելացրել էր սակագինը, սակայն բաժանորդներից 6 ամիս նույն գումարն էր գանձվում, չնայած զգուշացնում էին, որ պարտք է կուտակվում։ Ի վերջո, այդ պարտքը կազմեց 300 միլիոն դոլար։ Հիմա նույն վիճա՞կն է։

- Երբ 2011-2012թթ․ սահմանին գինն աճում էր՝ հասնելով 180-189 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, երկրի ներսում սակագին չէր փոխվում։ Հետո պարզվեց, որ դա տարել էր մեր գազատրանսպորտային համակարգում պարտքի գոյացման, որը գնահատվեց 300 միլիոն ԱՄՆ դոլար, եւ այն մարելու համար 2013-ի դեկտեմբերին կնքվեցին այդ բազային պայմանագրերը, որը նախեւառաջ ուղղված էր այդ պարտքի մարմանը։ Նախադեպային իրավիճակ է, որովհետեւ, եթե որոշում կայացվի, որ 2020 թվականին գինը սահմանին բարձրացվի, իսկ երկրի ներսում շարունակի մնալ նույնը, ապա վաղ թե ուշ մենք կունենանք նույն իրավիճակը, երբ գազատրանսպորտային համակարգում կկուտակվի հսկայական պարտք, եւ Հայաստանը ստիպված կլինի միջոցներ հայթայթել դրանք մարելու համար։ Քանի որ գազամատակարարման համակարգն ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմ Արմենիային», այստեղ հնարավոր է՝ բանակցությունների սեղանին դրվեն գեներացիոն ենթակառուցվածքներ կամ, գուցե, ոչ էներգետիկ ենթակառուցվածքներ։

- Իսկ ի՞նչ է մնացել ռուսներին հանձնելու։

- Իրականում մենք կարող ենք խոսել ոչ միայն էներգետիկ ենթակառուցվածքների, այլեւ տարբեր արտադրական հզորությունների մասին կամ այլ՝ տրանսպորտային համակարգերի։ Եթե խոսենք էներգետիկայի մասով, ապա, օրինակ, 2017-ին «Տաշիր կապիտալ» ընկերության հետ կնքվեց պայմանագիր՝ Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը հավատարմագրային սկզբունքով կառավարման հանձնելու մասին, այնուհետեւ, թավշյա հեղափոխությունից հետո, գիտենք, որ ընկերության հետ խզվեց այդ պայմանագիրը, եւ այս ամբողջ պատմությունը, իրականում, խոսում է բարձրավոլտ էլցանցերը մասնավորեցման կամ ինչ-որ հիմունքներով կառավարման հանձնելու էական ներուժի մասին։

- Բայց հեղափոխությունը լավ առիթ չէ՞, որ պետական սեփականությունը հետ բերվի, եւ ոչ շահավետ պայմանագրերը չեղարկվեն նոր իշխանությունների կողմից։

- Չեղարկումը կնշանակեր բավականին լուրջ ռիսկեր էներգետիկ անվտանգության համար, եւ այստեղ չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել «Տաշիրի» հետ խզված պայմանագրի հետ։ Ինչո՞ւ․ որովհետեւ բարձավոլտ էլցանցերը, ավանդաբար, կառավարվել են ՀՀ ինստիտուտների ու մարմինների կողմից՝ էներգետիկայի նախարարության։ Ինչ վերաբերում է գազատրանսպորտային համակարգին, ապա այստեղ պայմանագրի խզումը կարող է բերել լուրջ իրավական հետեւանքների, որովհետեւ, երբ կարդում ես 2013-ի գազային պայմանագրերը, տեսնում ես, որ այնտեղ կան մի շարք հետաքրքիր դրույթներ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի որեւէ օրենք, իրավական ակտ ընդունելու, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բերել այս բազային համաձայնագրերի վերանայմանը։ Այսինքն՝ մենք այս առումով խիստ սահմանափակ ենք։ Եվ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե պայմանագրերի խզման, այլ այդ պայմանագրի վերախմբագրման ուղղղությամբ, որովհետեւ առկա են բազում դրույթներ, որոնք սահմանափակում են Հայաստանին՝ էներգետիկ քաղաքականություն վարելու համար։