Տնտեսակա՞ն, թե՞ առողջապահական

Տնտեսակա՞ն, թե՞ առողջապահական

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հեղինակած «հակածխախոտային» նախագիծը մակագրել է ոչ թե ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, այլ՝ տնտեսական, ինչն առաջացրել է Թորոսյանի վրդովմունքը։

Ենթադրվում էր, որ, ոլորտին համապատասխան, նախագիծը պետք է ուղարկվեր նախարարի հետ ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող Նարեկ Զեյնալյանի գլխավորած առողջապահության հանձնաժողովին, սակայն ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, որոշել է սանիկին չգցել կրակը եւ հերթական առիթը բաց չթողնել Արսեն Թորոսյանի փայլուն գաղափարները քննադատելու համար։ Բանն այն է, որ տնտեսական հարցերի հանձնաժողովը չի ողջունի ներկայացված նախագիծը, քանի որ այն ուժի մեջ մտնելուց հետո մարդիկ կխուսափեն այցելել սրճարաններ, ռեստորաններ, որտեղ արդեն օրենքով արգելվելու է ծխելը, իսկ դա նշանակում է, որ տնտեսությանը մեծ վնաս է հասցվելու՝ նվազելու են հաճախորդները, պակասելու են հարկային մուտքերը։

Երեկ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում չէր թաքցրել, որ դժգոհ է ԱԺ նախագահի որոշումից, որն իր համար «անհայտ պատճառներ» ունի։ Նա ասել է, որ միգուցե փորձի բացատրելով փոխել հանձնաժողովը, քանի որ օրենքն առողջապահական է, ոչ թե տնտեսական: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Արարատ Միրզոյանի կամքով նաեւ օրեր առաջ «Իմ քայլի» պատգամավորները բոյկոտել են նախարարի՝ «Իմ քայլի» կենտրոնական գրասենյակում կազմակերպած քննարկումը նախագծի շուրջ, հսկա խմբակցությունից մի քանի պատգամավոր է մասնակցել միայն։