Ինչ պետք է անի Ռուսաստանը հիմա

Ինչ պետք է անի Ռուսաստանը հիմա

Ռուսական մամուլում եւ հեռուստատեսային քաղաքական շոուներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչ պետք է անեն ռուսական իշխանություններն ի պատասխան Արեւմուտքի կողմից նավթի գնի առավելագույն գնանիշի սահմանումից, ինչպես նաեւ՝ ռուսական նավթի դեմ ավելի վաղ սահմանված էմբարգոյի որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Չնայած տեսակետների պակաս չկա, սակայն ընդհանուր տրամադրությունները հանգում են հետեւյալին՝ իշխանությունները պետք է անեն ամեն բան, որպեսզի պահպանեն ռուսական նավթի արտահանման ծավալները։ Bloomberg լրատվական գործակալությունը, հիշեցնենք, որ երեկ հաղորդեց, որ Մոսկվան կարող է սահմանել արտահանման նվազագույն գնանիշ, իսկ ռուսական «Ведомости» -ն էլ ներկայացրեց երեք հնարավոր սցենարներ, որոնցով կարող է շարժվել ռուսական կողմն ի պատասխան Արեւմուտքի հակառուսական այս նոր գործողությունների։

Ըստ այդմ, Մոսկվան հնարավոր է արգելի նավթի արտահանումն այն երկրներ, որոնք աջակցում են ռուսական նավթի գնի վերին սահմանաշեմի սահմանմանը, երկրորդ, կարող է արգելել սահմանային գնանիշների մասին հիշատակությունը կնքվելիք պայմանագրերում եւ կարող է «Բրենտ» եւ «Ուրալս» տեսակի նավթի միջեւ սահմանել գնային ֆիքսված դիկոնտ։ Որոշումներն, իհարկե, Մոսկվան կկայացնի, սակայն մասնագետները նաեւ նշում են, որ բիզնեսին զսպելը չափազանց բարդ է, չասելու համար անհնար եւ ռուսական նավթն այնուամենայնիվ կարող է հասնել Եվրոպա տարբեր առեւտրային հարթակների միջոցով։ Կարեւորն այն է, որպեսզի այնպիսի կտրուկ որոշումներ չկայացվեն, որոնք բիզնեսին անհարմարություններ կպատճառեն, կարծում են ռուս փորձագետները։

Ուշագրավ է նաեւ այն, որ հակազդման հետ կապված Մոսկվան ստիպված է լինելու վերանայել իր օրենսդրական դաշտը, քանի որ, օրինակ, Արեւմուտքի կողմից սահմանված գնային վերին սահմանանիշին հետեւելն արգելել օրենքով անհնար է, որովհետեւ Ռուսաստանում չկան այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն նմանատիպ իրավիճակները։ Ամենայն հավանականությամբ, կարգավորումները կյանքի կկոչվեն ոչ թե ըստ օրենքի, այլ ոչ ֆորմալ պայմանավորվածությունների տեսքով, ինչպես որ մինչ այժմ տարատեսակ խնդիրները կարգավորվել են իշխանությունների եւ ոլորտի «հիմնական խաղացողների» կողմից։