Արցախն ասել է, թե ինչ ձևով է հնարավոր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելը

Արցախն ասել է, թե ինչ ձևով է հնարավոր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելը

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

-Տոտալ բլոկադայի պայմաններում խանութներում արդեն հնարավոր չէ գտնել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ նման մտահոգիչ լուրեր ենք ստանում Արցախից։

-Առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր է առաջացել, որովհետև մինչև այդ տոտալ բլոկադան հումանիտար ռուսական խաղաղապահների և Կարմիր Խաչի օգնությամբ բերում էին և առաջին անհրաժեշտության ապրանքները հասանելի էին դառնում Արցախի ժողովրդի համար։ Իսկ հիմա արդեն լրիվ տոտալ բլոկադայի պայմաններում դժվարություններ են առաջացել։ Ինչ-որ բաներ հնարավոր է ֆիքսել, բայց դե արդեն խնդիրներ կան։ 

-Ի՞նչ եք կարծում, քանի օրից կսրվի իրավիճակը՝ մթերքի բացակայություն երբ կզգաք։

-Ճիշտն ասած չեմ կարող ասել նման տվյալներ, այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն օր իրավիճակը գնալով վատանալու է բնականաբար։

-Մարդկանց հոգեվիճակն ինչպե՞ս է։ Պատրաստակա՞մ են շարունակել պայքարը, թե կոտրված են։

-Արցախը տոտալ բլոկադայի մեջ է, եթե մինչև այդ հումանիտար բեռներ հնարավոր էր տեղափոխել՝ հիմա հնարավոր չի։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր տրամադրություններ կան։ 

-Դեղորայքի առումով խնդիրները ևս շա՞տ են։

-Այո, առաջին անհրաժեշտության դեղորայքի բացակայություն կա։ Ամենավատը, որ մեր ծանր հիվանդներին, որ «Կարմիր խաչով» տեղափոխում էին Հայաստան` ում արդեն հնարավոր չէր բուժօգնություն ցույց տալը Արցախում, այդ հիվանդներին չենք կարողանում հանել դուրս՝ լրիվ հումանիտար աղետ է։

-Երեկ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասով որոշում է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանին անհապաղ բացել Բերձորի միջանցքը, ու վերջ տալ Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Ի՞նչ որ հույս ներշնչում է այս հայտարարությունը, թե այն հերթական կոչն է լինելու։

-Ցանկացած միջազգային կառույց, որն Ադրբեջանին դատապարտում է և բանաձևեր ընդունում այն մասին, ինչ կատարվում է Ադրբեջանի հանցագործ իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ, այո, մենք ողջունում ենք։ Բայց պետք է ռեալ քայլեր կատարել այն բոլոր միջազգային կառույցներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանին զսպել և նաև մինչև սանկցիաներ կիրառվեն։ Եթե այդ ամեն ինչը չլինի, իմ կարծիքով դրանք մնալու են զուտ կոչեր։ 

-ԵԽԽՎ-ն կոչ էր անում, որ Բաքուն Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցության մեջ մտնի։ Ի՞նչ մտահոգություններ է դա Ձեզ մոտ առաջացնում։

-Մենք պաշտոնական հայտարարել ենք, թե որ ձևաչափով, ինչ միջազգային մեխանիզմներով ենք պատրաստ շարունակել բանակցությունները։ Կա Արցախի պաշտոնական դիրքորոշում, Արցախը հայտնել է, թե որ ձևով է հնարավոր լինելու Ադրբեջանի հետ բանակցություններ վարել։ Անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և միջազգային մեխանիզմներ պետք է կիրառվեն, որպեսզի բանակցություններ լինեն։ Այսինքն, այս հումանիտար աղետի վիճակից դուրս գալու, ինքնորոշման հարցը և այլն։ 

-Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Արցախում բնակվող շուրջ 120 հազար հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ չեն տրամադրելու և հայկական կողմի այդ պահանջը որակել են որպես Ադրբեջանի ներքին հարցերին խառնվել։ Արդյոք Ադրբեջանն այդպիսով չի ասում՝ ինչ ուզեմ, կանեմ։

-Միջազգային հանրությունը վաղուց ընդունել է, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին հարցը չէ, որ Արցախի հարցով ՄԱԿ-ը ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խումբ, որպեսզի զբաղվեն Արցախի հիմնախնդրով։ Ադրբեջանը խախտել է բոլոր այս միջազգային կառույցների ընդունած որոշումները և հիմա ուժի և սպառնալիքի տակ ցանկանում է ինչ-որ հարցեր լուծել։