Գերիների համաձայնությունը բավարար չէ՝ նրանց դեմքերը ցույց տալու համար

Գերիների համաձայնությունը բավարար չէ՝ նրանց դեմքերը ցույց տալու համար

Բաքվից Հայաստան եկավ եւս 5 ռազմագերի։ Ուրախալի լուրը իշխանությունները շտապեցին շոուի եւ PR ակցիայի վերածել։ Այն իշխանությունները, որոնք նույնիսկ ռազմագերիների թիվը չէին հայտարարում՝ պատճառաբանելով, թե դա կարող է նրանց վնասել: Նրանք, որ պատերազմի 44 օրերին մեզ պահեցին ինֆորմացիոն բլոկադայի մեջ՝ կեղծ ինֆորմացիայով սնելով, այնքան «բաց ու թափանցիկ» էին, որ մոռացել էին Հայաստան վերադարձած գերիների իրական շահերի ու իրավունքների մասին։

Գերիների՝ Հայաստան ժամանելուն պես նախ հրապարակեցին նրանց անուն-ազգանուն-հայրանունները, ապա նաեւ ՌԴ ՊՆ-ն տեղադրեց տեսանյութ, որում երեւում էին նրանց դեմքերը։ Այսինքն՝ մարդկանց նույնականացման համար պահանջվող ինֆորմացիան հանրայնացվեց, մինչդեռ անգամ ռազմագերիների համաձայնությունն ունենալու դեպքում պետք է մտածել՝ արդյո՞ք կարելի է հրապարակել նրանց անուններն ու դեմքերը․ երբ մեր կյանքում գերակշռում են ատելությունն ու անհանդուրժողականությունը, նրանք թիրախ չե՞ն դառնա։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հարցրինք՝ սա վերադարձած տղաների իրավունքների խախտում չէ՞։ «Այստեղ շատ կարեւոր մի խնդիր կա․ երբ խոցելի անձանց՝ մասնավորապես գերիներին․․․ առաջին կարեւոր հարցն այն է, որ անպայման նրանց համաձայնությունը պետք է լինի՝ նրանց դեմքով եւ անուն-ազգանուններով ասելու համար։

Սա ամենակարեւորն է, բայց իրավապաշտպանության մեջ մի կարեւոր սկզբունք կա, որ եթե, պայմանական ասած, «զոհը» համաձայնում է իր դեմքով երեւալ եւ անուն-ազգանունով, դա դեռեւս բավարար չէ նրա դեմքը ցույց տալու եւ անուն-ազգանունները հայտնելու համար։ Այս տեսակետից շատ հետաքրքիր է, թե արդյոք այդ գերիները համաձայնություն տվե՞լ են իրենց դեմքերը ցույց տալու եւ անուն-ազգանուն ասելու։ Այստեղ իսկապես բավականին լուրջ խնդիր կա մարդու իրավունքների տեսակետից։ Որեւէ խոշտանգման կամ գերության եւ այլ հարցերով զոհերին դեմքով ցույց տալու, նրանցից հարցազրույց վերցնելու, նրանց անուն-ազգանունը հրապարակելու  հետ կապված շատ կարեւոր պայման է նրանց համաձայնությունը, բայց դա բավարար չէ, պետք է լուրջ մտածել, որ նույնիսկ եթե համաձայնություն տալիս են, գուցե չե՞ն գիտակցում իրենց խոցելիությունը»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանին հարցրինք՝ դեմքերը ցույց տալն ու անունները հրապարակելն ի՞նչ խնդիր կարող են առաջացնել։ «Ես մեկ այլ օրինակի վրա ասեմ․ կարող է խոշտանգման կամ բռնաբարության զոհ լինի, եւ երբ նրանց ցույց ենք տալիս, հանրությունն արդյոք պատրա՞ստ է ընկալել նրանց խոցելի վիճակը, թե՞ նրանք կարող են հանրության համար դառնալ վտարանդի։ Ահա, այսպիսի լուրջ խնդիր կա։ Գուցե նրանց հարազատները չէին ցանկանում, որ դա ցուցադրվեր, գուցե նրանց հարազատները ցանկանում էին դա գաղտնի պահել։ Կարելի էր դեմքը փակ պահել, որ ցույց տալիս չերեւար, եւ հրապարակել անուն-ազգանունների առաջին տառերը։ Սա էլ է մտնում այդ նույն սկզբունքների մեջ»,- պատասխանեց Իշխանյանը։

Զրուցեցինք նաեւ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով եւս ընդգծեց, որ ռազմագերիների համաձայնության դեպքում միայն կարող էին հրապարակվել նրանց անուն-ազգանուններն ու ցուցադրվել դեմքերը։ «Եթե այդ մարդկանց համաձայնությունը ստացել են, ապա վերադառնալուց հետո դա չի կարող միանշանակորեն համարվել մարդու իրավունքների ոտնահարում։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին վերադարձած գերիները, պատանդները շատ անգամ ելույթներով են հանդես եկել եւ այլն, սակայն եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են երեւալ։ Այսինքն՝ այստեղ շատ կարեւոր է այդ մարդկանց հստակ ձեւակերպված համաձայնությունը։ Կներեք համեմատության համար, բայց նույնը վերաբերում է նաեւ կալանավայրերում գտնվող մարդկանց, եւ եթե նրանց հետ խոսում ես, ապա անպայման պետք է նրա համաձայնությունը ստանալ՝ դեմքը ցույց տալու համար։ Այսինքն՝ տվյալ դեպքում ամեն ինչ կախված է այդ մարդկանց արտահայտած կարծիքից»,- ասաց Ալավերդյանը։

Հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է, որ մարդիկ համաձայնություն տալիս չգիտակցեն, որ խոցելի վիճակում են՝ նկատի առնելով, որ հանրությունում կան մարդիկ, որոնք գերեվարվելու համար դեռ մեղադրում են ռազմագերիներին։ «Այ, այստեղ է շատ կարեւոր․ մենք տարիների ընթացքում աշխատել ենք հանրության հետ՝ մանավանդ այն գյուղերում կամ քաղաքներում, որտեղ վերադարձված զինգերի է եղել, որ նրանք թոթափվեն եւ ընդհանրապես մերժեն սովետական ժամանակվա մոտեցումը, ստալինյան այդ հրամանից հետո ընդհանրապես ամոթ է եղել, որ զինգերի է, բայց ես չեմ ընդունում, որ զինգերի լինելն ամոթ է, մանավանդ՝ այս պայմաններում։ Ինչ է՝ մենք սպասում էինք, որ պատերազմի մեջ ինքն իրեն սպաներ, բայց գերի չընկնե՞ր։ Այդպես մտածող մարդկանց հետ է պետք աշխատել, եւ այս առումով ես իրենց խոցելի եմ համարում, որ նրանք հիմա խնդիր ունեն հոգածության ե՛ւ պետական մակարդակով, ե՛ւ  հասարակական կազմակերպությունների կողմից, եթե դրանք կան»,- ասաց Ալավերդյանը։