Այլևս համազգային վերածնունդ պետք է լինի. Գեղամ Ստեփանյան

Այլևս համազգային վերածնունդ պետք է լինի. Գեղամ Ստեփանյան

Hraparak.am-ը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին զրուցել է Արցախի Ժողովրդական կուսակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հետ:

- Հայաստանյան այսօրվա ներքաղաքական իրավիճակին հետևում եք և տեղյակ եք, թե ինչ է կատարվում: Վաղը ընդդիմադիրները կավարտեն իրենց երթերը շրջաններից և կհավաքվեն մեկտեղ՝ Ազատության հրապարակում:  Ի՞նչ եք կարծում վաղն ընդդիմությանը կհաջողի, այնուամենայնիվ, հասարակության լայն զանգված հավաքել հրապարակում և նախաձեռնած ակցիաները հասցնել իրենց տրամաբանական ավարտին: 

- Հայաստանում այսօր տիրող ներքաղաքական վիճակը չի կարող չմտահոգել աշխարհի ցանկացած մասում գտնվող մեր հայրենակիցներին: Չի կարելի չնկատելուն տալ, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը պարբերաբար լարվում է՝ և պատերազմում մեր կրած անհաջողությունների և, ընդհանրապես մեր ինքնության, պետականության պահպանման հույժ կարևոր հարցերում հանրային-քաղաքական տարբեր հատվածների կողմից տարբեր պատկերացումներ ունենալու պատճառով: Իմ համոզմամբ՝ պայքարը մեր ժողովրդի ապագայի հարցում իրարամերժ մոդելների միջև է՝ սեփական տեղ և մեզ պարտադրվող ոչ արժանապատիվ տեղ ունենալու: Կհաջողվի, արդյո՞ք, լայն զանգված հավաքել՝ կախված է այդ մոդելների մասին մեր պատկերացումների հարաբերակցությունից, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ հանրության մի ստվար հատվածի համար ավելի քան պարզորոշ են այն հեռանկարները, որ մենք կարող ենք ստանալ հարմարվողական դիրքորոշման դեպքում: 

- Ոմանք ընդդիմության այսօրվա նախաձեռնած ակցիաները համեմատում են Փաշինյանի 2018թ.ի հեղափոխության հետ: Ինչ եք կարծում նույն արդյունքն ու հաղթանակը կստանան ընդդիմադիրները:

- Միշտ էլ կարելի է նմանություններ գտնել պատմական իրադարձությունների միջև, քաղաքական ակցիաները այնքան էլ մեծ բազմազանություն չունեն, և դա միայն Հայաստանի պարագայում չէ այդպես: Արտաքին նշաններով գուցե այդպես է, բայց խորքային իմաստով դրանք բոլորովին տարբեր գործընթացներ են. մենք երբեք այսքան վտանգված ներկա, անորոշ ապագա և ցրված քաղաքական միտք չենք ունեցել: Հույս ունեմ, որ շատ ու շատ մարդկանց համար ակներև է դարձել, որ հեղափոխությունները շատ հաճախ փորձանք են դառնում այն իրագործած ժողովուրդների համար: Ճիշտ է մեխանիզմները նույնն են, բայց նպատակը այլ է՝ համազգային վերածնունդ այլևս պետք է լինի:

- Վաղը՝ Հայաստանում ընդդիմադիրների նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու՞ են արցախցիներ։ 

-Վստահ եմ, որ ոչ միայն արցախցիները, այլև մայր Հայաստանի տարբեր մարզերից մասնակցելու են բոլոր այն քաղաքացիներ, ում համար անտարբեր չի կարող լինել մեր վաղվա օրը: Սա պայքար չէ միայն Արցախի համար: Երբ Արցախը ուժեղ էր ու պաշտպանված, ամբողջ Հայաստանի համար վահան էր, իսկ հիմա մենք բոլոր դռները բացել ենք՝ սպառնալիքներ ստեղծելով մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի համար: