Արեւելք եւ Արեւմուտք. Բորիս Ակունին

Արեւելք եւ Արեւմուտք. Բորիս Ակունին

Պատմվածք. հեղինակ Բորիս Ակունին (Գրիգորի Շալվոյի Չխարտիշվիլի)

1.

Հաջի Մուրադովը իջել էր լեռներից, որպեսզի մի քիչ կռվեր։ Նրա մյուրիդները նույնպես սկսել էին ձանձրանալ մռայլ կիրճերում նստելուց, ու դեռ պետք էր նաեւ անհավատներից վրեժ լուծել մեծ Իմամի համար, ով նենգաբար սպանվել էր երկնքից ընկած հրթիռից։

Ընթանում էին բեռնատարներով՝ հարթ մայրուղով։ Ժամանակ առ ժամանակ ուղեկալներ հանդիպում էին իհարկե, սակայն փառք Ալլահին ռուսները «փեշքեշի» մեռած էին, իսկ Մուրադովը արծաթ շատ ուներ։

Նա արդեն սկսում էր մտածել, որ կկարողանա  ընդարձակ հարթավայրով հասնել մինչեւ գյաուրների գլխավոր քաղաքը, որը, եթե հավատալու լիներ հեռուստացույցին, փայլփլում էր բազմագույն կրակներով եւ բոլորովին էլ չգիտեր, թե ինչ բան է պատերազմը։ Սակայն լուսադեմին, մեծ գյուղի մուտքի մոտ, որի անվանումը նայիբը չէր մտապահել, հաջողությունը նրանից երես թեքեց։

Գյուղի ճանապարհին՝ լեռան վրա գտնվող ուղեկալի հրամանատարը հակառակի նման շատ ազնիվ մարդ դուրս եկավ, գուցե թե՝ նաեւ շատ հիմար։ Նա փող չվերցրեց եւ սկսեց կրակել։ Նուկերները սպանեցին համառ սպային եւ նրա մարդկանց, սակայն դրանից հետո առաջ գնալ այլես չէր կարելի։ Զինվորները ցրվեցին քուն մտած փողոցներով, վախից կրակելով տների պատուհաններին, իսկ բոլոր կողմերից արդեն զինվորականներն ու կազակները սկսել էին հավաքվել։

«Թող որ այստեղ լինի,- որոշեց Հաջին,- այս վայրը այլ որեւէ վայրից վատը չէ»։ Եւ ափսոսաց միայն, որ չէր մտապահել գյուղի անվանումը, որտեղ նա պետք է հանդիպեր Ալլահի հետ։ Գյուղի կենտրոնում մի մեծ սպխիտակ տուն կար՝ հաստ պատերով, բարձր պարսպով պարսպապատված։ Նման տանը երկար կարելի էր դիմադրել։ Մուրադովի մարդիկ ներխուժեցին նախասրահ, դիրքավորվեցին լուսամուտների մոտ, դուրս հանեցին ինձնաձիգների փողերը եւ սկսեցին կրակել։

Գյաուրները սակայն, կրակին սկսեցին չպատասխանել, թեեւ փողոցներում ավելի ու ավելի շատ էին դառնում զրահատրանսպորտյորները, իսկ երկնքում արդեն մարտական ուղղաթիռների թնդոցն  էր լսվում։ Նաիբին մոտեցավ Կուրբանն ու ասաց․
- Գործերս վատ է, Հաջի։ Նրանք չեն կրակում, որովհետեւ սա հիվանդանոց է։


2.
Լուր ստանալով այն մասին, որ չեչեն զինյալները գրավել են հիվանդանոցը, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ կան, վարչապետ Վիկտոր Ստեպանովիչ Լորիս-Մելիքովը դարձավ դեպի սրբապատկերներն ու խաչակնքվեց։ Ժամը հասավ, որին նա վախով ու երկյուղով էր սպասում սկսած այն օրվանից, երբ որոշեց ոտք դնել հանրային ծառայության ասպարեզ։ Նա գիտեր, որ ուշ թե շուտ ճակատագիրն իրեն ընտրության առաջ կանգնեցնելու է, որը իրականում ընտրություն չէր էլ հանդիսանում։ Վիկտոր Ստեպանովիչը միշտ ասում էր, որ մարդը, ով իր կյանքը նվիրել է ժողովրդին, դադարում է ինքն իրեն պատկանելուց։ Հիմա արդեն ժամանակ է, որ այդ խոսքերն ապացուցի գործով։

-  Օդանավս պատրաստեք,- ասաց օգնականին։- Դուրս ենք գալու։

-  Արիադնա Արկադեւան խնդրել է, որ զանգահարեք իրեն,- հիշեցրեց օգնականը։

-  Այո, այո, բայց հետո,- գլխով արեց Լորիս-Մելիքովը, խոստանալով ինքն իրեն, որ կնոջ մասին առայժմ չի մտածելու, քանի որ հիմա պահանջվում է աներեր հաստակակամություն ու վճռականություն։


 3.
Մյուրիդները հարգանքով հետեւում էին, թե ինչպես Հաջին ծունկի եկած «Մենք հոգ ենք տանում աշխատավորների առողջության համար» պատի թերթի մոտ, աղոթում էր Բարձրյալին:
- Հասկացրու, սովորեցրու,- շշնջում էր Մուրատովը` ճակատը հպլեով սառը լինոլեումին:- Ինչպես վարվել: Չի կարելի, որ անմեղ մարդիկ տուժեն:
Հիվանդանոցը շրջափակված էր բոլոր կողմերից:

Մյուրիդները փորձել էին ծառայողական մուտքից թեկուզ եւ ծննդկաններին բաց թողնել, սակայն հենց որ դռները մի փոքր բացվել են, հրապարակից, անկանոն կրակ էր բացվել եւ հարվածել էին խոշորակալիբր գնդացրով` մեկ կնոջ սպանելով եւ երկուսին` վիրավորելով:
«Ինչպես դուրս բերել հիվանդներին եւ բժիշկներին, որպեսզի «ոտքի տակ չընկնեին» եւ չխանգարեին կռվել: Չէ որ մարգարեն ասել էր. «Թող որ քո համար թշնամիներ չլինեն փոքրերն ու թույլերը»»:
Ալլահը պատասխան չէր տալիս: Երեւի ինքն էլ չգիտեր, թե ինչպես է պետք վարվել այս դեպքում:


4.
«Մինվոդիի» օդանավակայանը մնաց հետեւում: Նախարարական ավտոշարասյունը խելահեղ արագությամբ սլանում էր փոշոտ գյուղերի կողքով: Լորիս-Մելիքովը եւս մեկ անգամ ինքն իրեն հարցրեց` արդեն առանց որեւէ հույսի նշույլի. «Իսկ գուցե այլ ելք գոյություն ունի»:

Սակայն ոչ, այլ ելք գոյություն չուներ: Իհարկե, այդ հանցագործների հետ զիջման գնալ չի կարելի: Բավական է մեկ անգամ զիջել, ու կսկսպի առեւանգումների եւ պատանդառությունների մի ամբողջ վակխանալիա: Յուրաքանչյուր կյանքը, որ կփրկագնվի այսօր, վաղը կամ մյուս օրը կբերի իր հետ հարյուրավոր կամ հազարավոր մահեր: Ոչ, ոչ, հազար անգամ ճիշտ են հրեաները` ոչ մի զիջում, ոչ մի գործարք, ոչ մի առեւտուր:

Պետք է մեկ անգամ արյունոտ գին վճարել հետագայում կրկին ու կրկին չվճարելու համար: Նա, Լորիս-Մելիքով, Աստծո եւ պետության կողմից իրեն տրված իշխանությամբ, իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Օգտվելով առիթից, որ ադյուտանտը ննջել էր, վարչապետը գաղտագողի դուրս հանեց վերնաշապկի տակից ոսկե մեդալյոնն ու համբուրեց այնտեղ պահած կնոջ լուսանկարը. «Ներիր ինձ, գանձս, եւ մի դատիր»:
-Գնդապետ,- Վիկտոր Ստեպանովիչը զգուշորեն հպվեց ադյուտանտի ուսին.- Ալորիզիյ Խրիստոֆորովիչ, արթնացեք: Միացրեք ինձ, աղավնյակս, Մուրատովի հետ:
 

5.
Գլխավոր բժշկի աշխատասենյակի հեռախոսը, որ արդեն բազում ժամեր կենդանության նշաններ ցույց չէր տվել, խլացնող ձայնով զնգաց: Կուրբանը զեկուցեց, որ նաիբի հետ ցանկանում է խոսել գյաուրների ամենագլխավոր ղեկավար Լորիս-Մելիքովը, չեչեն ժողովրդի կատաղի թշնամին:


Հաջին ծանր զգացողություններով վերցրեց լսափողը: Գիտեր, թե հիմա ինչ է լսելու: Նախարարը կասի` հանձնվեց Մուրատով, եւ այդ ժամանակ ես թույլ կտամ, անմեղներին դուրս գալ: Հակառակ դեպքում քո անունը դարեդար կանպատվվի եւ քո պատիվը կնետվի կեղտի մեջ:


- Ես եմ,- կարճ ասաց Հաջին խոսափողի մեջ, ու փակեց աչքերը. դեռեւս չիմանալով, թե ինչպես է պատասխանելու: Որքան ափսոս, որ Ալլահը, Իր անվերջ իմասությամբ, արգելել է ինքնասպանությունը:
-Հաջի Մուրատով, դուք ինձ լսում եք,- լսեց նա այն ձայնը, որ բազմաթիվ անգամներ լսել էր հեռուստացույցով:
-Այո:
-Հաջի Մուրատով այդ դուք եք,- հարցրեց Վիկտոր Ստեպանովիչը, վստահ չլինելով, որ այդքան կարճ պատասխաններ տվողը բավարար չափով ռուսերեն գիտի: - Ես ձեր հետ բանակցություններ չեմ վարի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հիվանդներն ու ողջ բուժանձնակազմը ազատ չեն արձակվի: Դուք հասկացաք ինձ:
Լռություն:
-Այդ բոլոր մարդկանց փոխարեն ես առաջարկում եմ, որ ինձ պատանդ վերցնեք,- ասաց Լորիս Մելիքովը հստակ արտասանելով յուրաքանչյուր բառը:
Այդ ժամանակ նա հիշեց, որ ոչ այդքան վաղուց, քաղաքական գործիչներից մեկը, նախընտրական քարոզչության ընթացքում արդեն առաջարկել էր, որ իրեն փոխանակեն բոլոր կովկասցի գերիների հետ միանգամից, եւ շտապել էր ավելացնել.


-Դա դեմագոգիա չէ, Մուրատով: Ես կգամ ձեր մոտ, դուք կբացեք դռներն ու բոլորին բաց կթողնեք: Ինը հարյուր քաղաքացիական անձանց փոխարեն դուք որպես պատանդ կստանաք Ռուսաստանի վարչապետին: Ձեռնտու գործարք է, համաձայնեք: Ու այդ դեպքում ես կլսեմ ձեր պահանջները:


Կնիքված ծրարի մեջ հրամանն էր, որ կազմվել էր դեռ օդանավի մեջ. տասը րոպե անց այն բանից հետո, երբ վերջին պատանդը դուրս կգա հիվանդանոցից, այն ռմբահարել եւ սկսել գրոհ: Փլատակների տակ կզոհվեն բոլոր չարագործները եւ նրանց հետ նաեւ` Վիկտոր Ստեպանովիչ Լորիս-Մելիքովը, սակայն դրանից հետո եւ ոչ մի ահաբեկիչ չի համարձակվի ռուսահպատակների պատանդ վերցնել: Երբեք:


Հաջին մտածեց. «Ահա այն, հրաշքը, որ Ալլահը շնորհեց: Պատիվը կփրկվի, եւ անձնատուր լինելու կարիք չի լինի: Դեռ կռվելու առիթ կունենանք»: Ապա շարունակեց. «Այ, եթե Սպիտակ Ցարի բոլոր նախարարները այդպիսին լինեին, գուցե թե անկախության կարիք չլիներ էլ»: Սակայն բարձրաձայն ասաց.
-Իսլամի մարտիկները կանանց եւ հիվանդների հետեւում չեն թաքնվում: Պահիր բորենիներիդ, որ չկրակեն: Ինքդ էլ չգաս: Ինչ եմ անելու քեզ:


6.
Վերջինը դարպասից դուրս եկավ գլխավոր բժիշկը: Ժամը 18-ն անց էր 07 րոպե: Նա մի պահ կանգ առավ, շրջվեց դեպի հիվանդանոցի շենքը, ասես ուզում էր հրաժեշտ տալ, եւ վազքով հատեց դատարկ հրապարակը: 18.30 սկսվեց հրաձգությունը, հետո` ռմբակոծությունը: Մարտը շաունակվեց դեռ երկար ժամեր: Կռվում էին սկզբում առաջին հարկում, հետո արդեն երկրորդում, երրորդում, չորրորդում եւ վերջապես` տանիքին:

Արդեն ուշ գիշեր էր, երբ գիմնազիայի հանդիսաությունների սրահ, որտեղ տեղակայված էր Ժամանակավոր շտաբը, ներս մտավ գավառի զիվորական մասի հրամանատարը եւ խոնարհվելով Լորիս-Մելիքովի առաջ` սեղանին դրեց Հաջի Մուրատովի կտրված գլուխը:


-Ձերդ Բարձր Գերազանցություն, ոչ մեկ կենդանի չի մնացել,- ձեռքերը տարածեց գեներալը: Հաջիի գլուխը սափրած էր: Սակայն ուներ երկար ու խիտ սեւ մորուք: Բաց մնացած աչքերը, պարզվեց, որ կապույտ էին: Նրանք կատաղի հայացքով նայում էին վարչապետին, սակայն ընդհանուր առմամբ հայացքը հանգիստ էր, նույնիսկ` անվրդով:

«East is East, West is West»,-տխուր մտածեց Վիկտոր Ստեպանովիչը, ով մի փոքր պոետիկ խոհերի գիրկն էր ընկել` երկրորդ ծննդյան առիթով: «Ամենայն հավանականությամբ, լեռների այդ վայրի զավակներին պետք է ազատ արձակել: Թող ապրեն, ինչպես ուզում են: Բռնի չես ստիպի, որ քեզ սիրեն»: