Զոհվածի մորը առևանգման մեջ մեղադրելը ուղղակի անհեթեթություն է․ Միքայել սրբազան

Զոհվածի մորը առևանգման մեջ մեղադրելը ուղղակի անհեթեթություն է․ Միքայել սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծիծաղելի է համարում, որ զոհված զինծառայողի մայրը կարող էր երիտասարդ տղայի առևանգել։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայող Ժորա Հակոբյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ձերբակալված է Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։

«Ծիծաղելի բան է, ես ծիծաղելի բան եմ համարում, որ կինը, զոհվածի մայրը կարող էր փորձ կատարել ինչ-որ երիտասարդ տղայի առևանգել, ծիծաղելի է նույնիսկ այդ բանը մտածելը։ Պարզ է, որ ներդաշնակ հարաբերություններ չեն եղել, պարզ է, որ վիրավորված ծնող է, զավակ կորցրած ծնող է, կարող է ինչ-որ մի բան այսպես ասած լինել, այնպես արած լինել, բայց առևանգումը դա ուղղակի ծիծաղելի է, և առևանգման մեջ մեղադրել կնոջը, մորը, դա պարզապես ծիծաղելի է։ Եթե տղամարդ լիներ, կասեինք՝ ինչ-որ մի տեղ մի տրամաբանական բան կարող է լինել, բայց կնոջ պարագային դա ուղղակի անհեթեթություն է։ Պարզ է, որ ինչ-որ ջերմ հարաբերություններ չեն եղել, բայց ի՞նչ առևանգման մասին է խոսքը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Միքայել սրբազանը։

Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ սոցցանցերում գրվող հայհոյանքներին, եկեղեցական ասաց, որ դա ուղղակի ամոթ է․

«Ամոթ է, հայհոյանքները երկու կողմից էլ չի կարելի՝ ոչ այս կողմից, ոչ այն կողմից։ Ընդհանրապես այդ հայհոյախառն արտահայտություններից պետք է խուսափել, բոլորը պետք է խուսափեն, բացարձակապես բոլորը։ Այդ հայհոյանքներն են, որ մեզ այսօր հասցրել են այսօրվան։ Ախր չար էներգիա է կուտակվում դրանից, դրանից ոչ մի լավ բան չի լինում։ Հասկացանք, բոլորս էլ կարող ենք միմյանց հետ խնդիրներ ունենալ, վշտացած լինել, բայց դա չի կարելի, առավել ևս, որ մեկը վշտի մեջ է, ինչպե՞ս կարող ես նրան հայհոյել, որ կարող է լեզուդ պտտվի, որ հայհոյես, ախր չափ ու սահման կա։ Մեր դժբախությունն այն է, որ մենք չափ ու սահմանը հատել ենք, բոլոր կարմիր գծերը հատել ենք։ Այս ընդհանուր բացասական մթնոլորտի անդրադարձն է այն ամեն ինչը»:

Դիտարկմանը, որ ծնողներից շատերին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը պատարստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ Արցախն էլ հետը, և ծնողներն ասում են, թե ինչո՞ւ իրենց երեխաներին սպանեցին, եթե հիմա Արցախը հանձնում են։ Միքայել սրբազանը արձագանքեց․

«Այո, այդ հարցը բնականաբար կարող է հնչել։ Այս մարդիկ ի սկզբանե էլ տրամադիր էին ոչ միայն այն զոհերի, այլ արցախյան առաջին պատերազմի զոհերի ամբողջ արածն ու զոհողությունը զրոյացնել և զրոյացնում են։ Այս մասին ես բազմից սասել եմ, արդեն 3 տարի է ասում եմ, և ես ամենասկզբից էլ ասել եմ, որ էս մարդիկ գնում են հանձնման ճանապարհով, ուղղակի դոզաներն ու չափաբաժինները կամաց- կամաց են ավելացնում, որպեսզի հասարակությունը վարժվի հաջորդ դոզային, և շատ գրագետ են անում, երևի իրենց ուսուցիչներն են իրենց ուղղորդում, որ այդպես գրագետ են գործում, որովհետև միանգամից չեն ասում՝ «Արցախն Ադրբեջան հիմա էլ կգա, կճամարտակի, կասի՝ այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը արդեն Ղարաբաղի և Ադրբեջանի հարցն է։ Մի այսպիսի բան կասի, կչքմեղանա։ Նա այնքա՜ն ճամարտակություն ունի գրպանում պահած, ամեն ինչի դիմաց մի ճամարտակություն ունի պահած, և եթե հասարակությունը սպասում է վերջին ստորագրությանը, որ ասի՝ հանձնեցինք և վերջ, դա էլ կլինի, բայց արդեն շատ ուշ կլինի մի բան փրկելու համար»,- պատասխանեց սրբազանը։