Մեկ կյանք եվ մի ամբողջ աշխարհ

Մեկ կյանք եվ մի ամբողջ աշխարհ

«Ինձ սպասիր, եւ ես կգամ, 
Միայն շատ սպասիր…»։

Կոնստանտին Սիմոնովի բոլորին հայտնի «Ինձ սպասի՛ր» բանաստեղծությունը նա հաճախ էր արտասանում, շատ էր սիրում հայ եւ արտասահմանյան պոեզիան:

Նա՝ մեր Պարգեւը, ով ավարտելով Հայաստանում ֆրանսիական համալսարանը, գնաց բանակ՝ ծառայելու, պաշտպանելու երկրի սահմանները: Չասենք, որ նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից, երեւի շատերն են հիմա խելացի, զարգացած, բայց Պարգեւն իսկապես յուրահատուկ էր… դա նրա ընկերների խոսքերն են:
Յուրահատուկ որդի, զարմիկ, եղբայր, թոռ՝ նա բոլորի կողմից սիրված էր եւ սեր էր դրսեւորում բոլորի հանդեպ, անգամ հեռու բարեկամների: Որքան անհամատեղելի է գրել «էր»:
Ավարտելով անգլերեն թեքումով Երեւանի միջնակարգ դպրոցը՝ նա ընտրեց ֆրանսերենը (գերազանց տիրապետելով անգլերենին), եւ ունենալով հնարավորություն՝ սովորելու ուրիշ երկրում, մնաց իր հայրենիքում:

Սովորում էր սիրով եւ այնքան լավ, որ ավարտական պրակտիկան անցնելու համար ընդգրկվել էր Ֆրանսիա եւ Շվեյցարիա մեկնող ուսանողական խմբի մեջ: Պատասխանատու անձինք եւ դասախոսները չէին կարող չառանձնացնել շատ գեղեցիկ, խելացի եւ ժպտերես երիտասարդին: Նրա ժպիտը լուսավորում էր ոչ միայն իր դեմքը, այլ նաեւ ամբողջ շրջապատը: «Նրա կենսուրախությունը, այլոց հետ կիսվելու ձգտումը, խոհարարական հմտություններն ու հումորը բոլորիս հիացրին»,- գրում է Ֆրեդերիկը, ով Հայաստանի ֆրանսիական համալսարանի երեք երիտասարդներին հյուրընկալել էր իր տանը:
Նա շատ էր կարդում, ընդ որում՝ այնպիսի ընտիր գրականություն, որի մասին շատ հասակակիցներ անգամ չէին լսել, գերադասում էր ամեն ինչում լավագույնը: Վերադառնալով Շվեյցարիայից՝ ուսանողական խմբի հետ որոշել էր, որ ավարտելուն պես կհագնի զինվորական համազգեստ եւ միայն 2 տարի անց կշարունակի ուսումը մագիստրատուրայում:

Մեր Պարգեւը… ում ուշադրությունը, բարությունը, հումորը, զսպվածությունը հպարտություն էին ծնողների, հարազատների եւ ընկերների համար: Բազմակողմանի զարգացած եւ շատ խելացի, ինչպիսի՜ ապագա էին նրան կանխատեսում բոլորը:
Նա պարգեւ էր բոլորի համար, մեր առաջնեկը: Երբ զանգում էր բանակից, նրա ձայնի ոչ մի երանգ, հնչյուն չէր փոխվում, անգամ թեժ մարտերի օրերին: «Ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, դուք ձեզ նայեք…»,- ասում էր ծնողներին: Ծառայության ժամանակ բանակից ստացանք «Շնորհակալական նամակ»՝ մեր որդու բարեխիղճ ու օրինակելի ծառայության համար: 
Նա այնքան լի էր կյանքով, կարծես հենց կյանքն էր պատկերում: Ոչինչ չգիտեինք եւ չգիտենք. ո՞վ էր նրա կողքին, առավո՞տ էր, թե՞ երեկո, ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ:

Իհարկե, պատերազմ էր, շատերը մինչ օրս չեն գտնում իրենց զավակներին, եւ այդ ցավը դարձել է մի ընդհանուր սեւ ամպ, կարծես ատոմային ռումբի ամպ լինի: Մեր տղաները հերոս էին մինչեւ բանակ գնալը, հերոս էին իրենց ուսումով, աշխատանքով, հայրենասիրությամբ, բարի գործերով, ամբողջ կյանքով:
Ցավը չի մեղմանա, բայց եթե գտնվեին զինակիցներ, ընկերներ, ովքեր կիսել են Պարգեւի հետ իրենց ծանր ծառայությունը, տեսել, խոսել են այն վերջին օրը (չի գրվում այդ բառը), գուցե դա մի քիչ հանգստացնի ծնողների կոտրված սրտերը:

Երբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ղեկավարները (ռեկտորը եւ պրոռեկտորը) անձամբ բերեցին Պարգեւ Կարենի Տերոյանի կարմիր դիպլոմը (հայկական եւ ֆրանսիական վկայականը) եւ սփոփանքի ջերմ խոսքեր ասացին, դա ե՛ւ ցավ էր, ե՛ւ ուրախություն: Մի պահ նույնիսկ թվաց, որ Պարգեւը կզանգի բանակից, եւ մենք կասենք, որ մեզ բերել են նրա ավարտական փաստաթուղթը, միայն մի պահ…

Ինչո՞ւ, ինչի՞ համար․ եւ նորից անպատասխան հարցեր, որոնք մնացել են եւ կմնան ինչպես մի դրոշմ, մի անվերջ տառապանք մեր բոլորի աչքերում եւ սրտերում:

Ասում են՝ մարդկանց պահում է երեք բան․ սերը, հավատը եւ հույսը: Կարող են մեռնել սերը, հավատը, բայց հույսը մնում է: Մեր հույսն էլ է անհետացել, մնացել են միայն հուշերը, հիշատակը եւ լռակյաց լուսանկարները, այնքա՜ն տարբեր, որտեղ ժպտում էր եւ շարունակում է ժպտալ մեր Պարգեւը, մեր «աշխարհը»:

Հռիփսիմե Մկրտչյան