Թալիշի ֆենոմենը

Թալիշի ֆենոմենը

Արցախի նախագահի գրասենյակից դեկտեմբերի 14-ին երկու տեղեկատվություն է տարածվել: Առաջինը ծանուցում է, որ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, քննարկվել են զորքերի  շփման գծում իրավիճակի հետ կապված հարցեր:

Դեսպան Կասպրչիկը մասնակցել է Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս առումով նրա այցը Ստեփանակերտ եւ բանակցությունները Բակո Սահակյանի հետ բավական խորհրդանշական են: Մանավանդ երբ նախագահի աշխատակազմը նույն օրը երկրորդ հաղորդագրությունն է  տարածում, որից հայտնի է դառնում, որ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպումից հետո Բաո Սահակյանն ուղեւորվել է Արցախի հյուսիսային սահման, որտեղ երկամյա լայնածավալ վերականգնողական աշխատանքներից հետո հիմնովին վերաբնակեցվում է Թալիշ գյուղը: Ապրիլյան քառօրյա պատերազմից ադրբեջանական կողմն իր համար մեծագույն հաջողություն էր ներկայացնում Թալիշի խաղաղ բնակչության բռնատեղահանումը: Պաշտպանության նախարար Հասանովը մի քանի անգամ  հայտարարել է, որ Թալիշն այլեւս երբեք չի լինելու հայկական բնակավայր, իսկ ավելի ծայրահեղականները սեփական ժողովրդին ներշնչում էին, որ տեղահանվել է ոչ միայն Թալիշի, այլեւ Մատաղիսի բնակչությունը: Այս քարոզչական արշավի դեմ Արցախի նախագահն անձամբ նախաձեռնեց Թալիշի վերականգնման եւ վերաբնակեցման գործը: Անցած երկու տարիներին Բակո Սահակյանը տասնյակ հանդիպումներ է ունեցել թալիշցիների  հետ, որ ժամանակավորապես բնակվում էին Ալաշանում եւ Չարենցավանում, պատասխանել ամենացավոտ հարցերի, մշտապես վստահեցրել, որ Թալիշը հառնելու է ավերակներից եւ վերադարձողներին ներկայանալու է բոլորովին նոր տեսքով: Քաղաքական այդ հանձնառությունը պատվով եւ արժանապատվությամբ կատարված է: Ամանորի շեմին նախագահ Բակո Սահակյանը Թալիշում այցելել է վերաբացված դպրոց: Սա շատ խորհրդանշական, ֆենոմենային պահ է՝ պաշտոնավարման ժամկետն սպառող նախագահը հաջորդին է թողնում վերականգնված Թալիշ, որտեղից, ամենայն հավանականությամբ սկսվելու է երկրի ամբողջական նորացումը: Նախագահի ուղերձը հստակ է: