Հիշեք, թե ժամանակին ինչի հանգեցրին կոմպրոմիսները Հիտլերի հետ

Հիշեք, թե ժամանակին ինչի հանգեցրին կոմպրոմիսները Հիտլերի հետ

Հարցազրույց Ուկրաինայի Գերագույն ռադայի խորհրդական, Հայաստանի հետազոտությունների միջազգային կենտրոնի հիմնադիր, Stay with Ukriane բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի հետ։

- Ի՞նչ իրավիճակ է այժմ տիրում Ուկրաինայում, շփման գծում փոփոխություններ կա՞ն։

- Պայմանականորեն իրավիճակը կարող ենք բաժանել դիպլոմատիկ, տնտեսական եւ ռազմական ֆրոնտների։ Առաջին երկուսի դեպքում իրավիճակը կոնստրուկտիվ շարունակվում է, որքանով որ հնարավոր է։ Դիվանագիտական ֆրոնտում Ուկրաինան շարունակում է Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականությունը՝ դանդաղ, բայց վստահ քայլերով։ Մեր պրոֆիլային նախարարություններն ակտիվորեն կատարում են «տնային աշխատանքը»՝ եվրոպական պահանջների կատարման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները պատրաստելու համար։ Որոշակի հաջողություններ գրանցվել են քաղաքական-ռազմական աջակցության հարցերում։ Օրինակ, Գերմանիան կտրամադրի 12 միլիարդ դոլար՝ ուկրաինական բանակն անհրաժեշտ պարագաներով երկար ժամանակահատված ապահովելու համար։ Եթե հիշենք, թե որքան դժվար էր Բեռլինին ստիպել փոխել իր միտքը, ապա սա կարող ենք համարել դիվանագիտական հաղթանակ։ Տնտեսական իրավիճակը պարզերից չէ, սակայն սկսում է շտկվել։ Շնորհիվ էներգետիկների հերոսական ջանքերի՝ երկրի էներգահամակարգը պահվում է նորմալ ռեժիմով։ Բացի այդ, մենք քիչ-քիչ վերսկսում ենք էներգիայի արտահանումը մեր գործընկեր երկրներ՝ Մոլդովա եւ Լեհաստան, որպեսզի պետական բյուջեն լցնենք։ Միաժամանակ բանակցություններ են գնում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ դժվար է վերականգնել պատերազմող երկրի տնտեսությունը, հատկապես երբ ակտիվ ռազմական գործողությունները չեն ավարտվել։

- Վերջին տվյալներով, որքա՞ն կորուստներ են գրանցվել։

- Գաղտնիք չէ, որ Ուկրաինան չի հրապարակում մարդկային կորուստների հստակ թվեր։ Միանշանակ է, որ թվերը, որոնք հրապարակվում են իբր թե Պենտագոնի փաստաթղթերի «սլիվներում», բավականին ուռճացված են։ Խոսակցություններ կան, որ ուկրաինական զորքի կորուստների թիվը մոտավորապես 17-20 հազար հոգու միջակայքում է։ Իհարկե, նույնիսկ այս թիվն է սարսափելի, ինչը նկատի ուներ Մեծ Բրիտանիայում մեր դեսպան Վադիմ Պրիստայկոն։ Չեմ հասկանում, թե ինչու բազմաթիվ տեղեկատվական ռեսուրսներ կառչեցին իր արած այդ արտահայտությունից։ Ուկրաինայի համար սարսափելի է ցանկացած զինվորականի կորուստը, մարտի դաշտում սպանվածի կորուստն է ցավալի, ռուսական հրթիռից զոհված քաղաքացիական անձի կորուստն է ցավալի։ Եվ եթե նույնիսկ մեր կորուստները ռուսական կողմից 4-5 անգամ քիչ են, դա շարունակում է ողբերգական առիթ լինել՝ մեր մարդիկ զոհվում են ռազմական ագրեսիայի պատճառով։ 

- Հայտարարվեց, որ Ուկրաինան հակահարձակման է անցնելու, անգամ ամսաթիվ է նշվում։

- Ուկրաինան պատրաստվում է նոր կարեւոր մարտերի եւ մեր տարածքների ու մարդկանց ազատագրմանը, որոնք ժամանակավոր օկուպացիայի մեջ են գտնվում։ Եկեք օբյեկտիվ լինենք, եթե խոսում ենք մարտի դաշտի մասին, ապա կան վայրեր, որտեղ իրավիճակը բարդանում է, սակայն այն հնարավոր է վերահսկել։ Բախմուտում տալով հսկայական մարդկային կորուստներ՝ թշնամին մի քիչ է առաջ շարժվում, անմիջապես քաղաքի մեջ շատ ծանր մարտեր են գնում։ Ավդեեւկայում եւ Մարիինկայում նույնպես ծանր մարտեր են ընթանում։ Ավդեեւյան ուղղությամբ թշնամին մարտի դաշտում գործի է դրել օդուժը, ինչը նախկինում վախենում էր անել։ Խնդիրն այն է, որ հակաօդային պաշտպանության միջոցները սուղ են՝ դժվար է միաժամանակ պաշտպանել ստրատեգիական նշանակության ռազմական օբյեկտներն ու ամբողջ շփման գիծը։ Պետք է հստակ արձանագրել, որ քիչ-քիչ ռուսական բանակը շնչահեղձ է լինում։ Վագների շարքերում հսկայական կորուստները ստիպում են նրանց կանոնավոր զորքերն օգտագործել հարձակումների ժամանակ, ինչը պատճառ է դառնում հսկայական զոհերի։ Այս ամենը նշան է այն բանի, որ տարվա սկզբին ռուսական բանակի լայնածավալ հարձակումների մասին հայտարարություններն այդպես էլ իրականություն չդարձան՝ շնորհիվ ուկրաինական զինված ուժերի արդյունավետ եւ հերոսական գործողությունների։ Միաժամանակ ակտիվ հակահարձակման ֆազային է պատրաստվում ուկրաինական կողմը։ Ուկրաինական զինված ուժերը համալրվում են ծանր տեխնիկայով՝ մոտ 300 բրոնետեխնիկա եւ 100 տանկ։ Հարվածող բռունցքն ամրանում է։ Մեր սպասումներով, Ուկրաինան մայիս-հունիս կտրվածքում մարտի դաշտում նախաձեռնողականությունն իր ձեռքը կվերցնի։

- Բայց լուրեր կան, որ մարդիկ հոգնել են երկարող պատերազմից ու անմեղ մարդկանց մահերից։

- Նորմալ մարդիկ չեն կարող հաճույք ստանալ պատերազմից, եւ, բնականաբար, բոլորն էլ ուզում են հնարավորինս շուտ ավարտել այս պատերազմը հաղթանակով ու կանգնեցնել այս սարսափը։ Կուտակվում է հոգնություն ու սթրես, երբ ամեն օր տեսնում ես, թե ինչպես են մարդիկ զոհվում ռուսական հրթիռների հրետակոծության, զինվորները՝ հրետանու հարվածների արդյունքում։ Անմեղ մարդիկ դարձել են ռազմական ագրեսիայի զոհ, դա ճնշում է եւ անօգնական վիճակ է ստեղծում։ Չնայած դրան, ավելի շատ են մարդիկ աշխատում հաղթանակի վրա, որ կարողանան մեր տնից թշնամուն վռնդել ու դադարեցնել պատերազմը։

- Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, ինչին ԱՄՆ-ն արագ արձագանքեց, որ անընդունելի է ՌԴ-ի հետ որեւէ բանակցություն։

- Երբ մարդը մեծացնում է բանակը, նոր մոբիլիզացիա է պատրաստում, զինվորների նոր խմբեր է ուղարկում ուրիշ տարածք, հայտարարում է նոր զինտեխնիկայի արտադրության մասին, անցած հարյուրամյակի տանկերն է վերազինում, կրակ է բացում անմեղ մարդկանց տների ուղղությամբ՝ դա բանակցություններին պատրաստ լինելու նշան չէ։ Իր դեպքում բանակցությունները տարրական մանիպուլյացիա են՝ ժամանակ շահելու, ուժերը հավաքելու ու պատերազմը շարունակելու համար։ Դա դիվանագիտություն է, որի հետեւում ագրեսորը դանակ է պահում։ Պատկերացրեք, հանցագործը գալիս է ձեր տուն, սպանում է ձեր հարազատներին, ձեր տան բակում զինված մարդկանց է կանգնեցնում ու ասում, որ պատրաստ է բանակցությունների։ Ի՞նչ կարելի է նրան պատասխանել։ Ուկրաինան պատրաստ է բանակցել օրվա ցանկացած ժամի, միայն հիմնական պայմանների դեպքում՝ դուրս հանեք ձեր զորքերը մեր տարածքներից, վերադարձրեք բռնված մարդկանց, դադարեք կրակել անմեղ մարդկանց ուղղությամբ։ Վլադիմիր Զելենսկին մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին, որոնք հիմնված են ուկրաինացի ժողովրդի շահերի վրա։ Եկեք խոսենք, բայց նախ դուրս բերեք բանակը եւ դադարեցրեք օկուպացիան։

- ԱՄՆ-ի արձագանքի մասով ի՞նչ կասեք։

- Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք Ուկրաինայի փոխարեն որոշումներ չեն ընդունում։ Ես հասկանում եմ նրանց տեսակետը, որ սառեցնել կոնֆլիկտը ներկայիս գծում՝ արդար չէ։ Իսկ ո՞ւր է երաշխիքը, որ ռուսները վաղը նորից չեն փորձի օկուպացնել Խարկովի մարզը, նրանք կհարձակվեն, կօկուպացնեն, իսկ հետո կհայտարարեն, որ պատրաստ են բանակցությունների՞։

- Եթե Զելենսկին որոշի գնալ բանակցությունների, ուկրաինացիները կաջակցե՞ն նրան։

- Հանրությունը միշտ կաջակցի նախագահին եւ բանակցությունները, եթե միայն դրանք արդարացի լինեն ու հիմնված լինեն մեր պահանջների վրա՝ դադարեցրեք մարդկանց սպանությունները, կանգնեցրեք ձեր բանակը եւ դուրս հանեք այն մեր տարածքներից։

- Իսկ ուկրաինացիները պատերազմի դադարեցման համար պատրա՞ստ են գնալ ինչ-որ փոխզիջումների։

- Ցավոք, ռուսական կողմի հետ կոմպրոմիսներ հնարավոր չեն մի պատճառով՝ Կրեմլը չի ցանկանում դրանց հետեւել։ Նրանք օկուպացրել են Դոնեցկը, վաղը նրանց կարող է թվալ, որ կարելի է հարձակվել Խարկովի վրա։ Ի՞նչ կարելի է բանակցել մի երկրի հետ, որը կարծում է, որ դու գոյության իրավունք չունես, խրախուսում է խաղաղ բնակիչների սպանությունը։ Ասացեք, խնդրում եմ, ռուսական իշխանությունների՝ Հայաստանին տրված խոստումների մեծ մասն իրականություն դարձե՞լ է։ Խոսել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին եւ զենք վաճառել Ադրբեջանին՝ ահա ռուսական դիվանագիտության բնույթը։ Ուկրաինայի հասարակությունը պատրաստ չէ տարածքների հաշվին կոմպրոմիսի, սեփական խղճի ու արժանապատվության հաշվին արվող կոմպրոմիսների։ Մենք դեմ ենք պատերազմին եւ խաղաղություն ենք ուզում։ Սակայն սա պատերազմ է մեր երկրի կյանքի ու ազատության համար։ Ապագայի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն անցյալում են՝ հիշեք, թե ինչի հանգեցրին կոմպրոմիսները Հիտլերի հետ։