«Հրապարակ». Թուրքը, որ թուրք ա, Բաքվի բերդում թողնում են, որ ծնողներն իրենց երեխեքին զանգեն

«Հրապարակ». Թուրքը, որ թուրք ա, Բաքվի բերդում թողնում են, որ ծնողներն իրենց երեխեքին զանգեն

Արարատ քաղաքի բնակիչ Գեղամ Սահրադյանը, որը հանրությանը հայտնի է որպես Հանրապետության հրապարակը գրոհած «Համերի» վարորդ, եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Ապրիլի 10-ին նրա կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին տեղեկացանք Սահրադյանի հորից՝ Արթուր Սահրադյանից, որը «Համերի» իրական տերն է։ Փետրվարի կեսից, երբ որդուն կալանավորել են, մինչ օրս նա չի կարողացել ո՛չ այցելել, ո՛չ էլ զանգել որդուն։ «Այցելությունները եւ հեռախոսազանգերը քննիչի որոշմամբ նոր են բացել, բայց ես դեռ չեմ այցելել որդուս»,- ասում է հայրը։

Հիշեցնենք․ Գեղամ Սահրադյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար (Քրեական օրենսգրքի 264, 297, 396, 452-րդ հոդվածներով)։ 25-ամյա երիտասարդը փետրվարի 10-ին «Համերով» մոտեցել էր կառավարության շենքին, ոստիկաններին ասել, որ բենզինի փող չունի, 1000 դրամ էր ուզել։ Նրան փորձել էին կանգնեցնել, բայց չենթարկվելով պարեկների պահանջներին՝ նա մեքենան աջ ու ձախ էր վարել, վնասել տարածքում կայանված ավտոմեքենաները, ապա փախել էր դեպքի վայրից։ Մի քանի ժամ հետո նրան հայտնաբերել էին ոսկու շուկայի մերձակայքում՝ մեքենաներից մեկի հետեւում կանգնած ծխելիս։ Գեղամ Սահրադյանը, ըստ հոր, հոգեկան խնդիրներ ունի, զառանցական մտքերով է տառապում, բուժվել է Նուբարաշենի հոգեբուժարանում, նարկոդիսպանսերում։  

«Սակայն քննիչը մեկնաբանում է, որ Գեղամը լիարժեք առողջ է։ 5 հազար զինվոր գնացին կռվեցին, նահատակվեցին։ Եղան, չէ՞, ահռելի թվով զինվորներ, որոնք մահացան սպաների անփութության, դավաճանության հետեւանքով։ Գեղամն այդ զինվորներից մեկն է, 2 պատերազմի մասնակցած։ Էդ աֆիցերները զինվորներին տարան, անտառների մեջ թողեցին դավաճանաբար, բայց նրանցից համարյա ոչ մեկին չդատեցին։ Ոչ ոք իրենց չի ասել՝  էս ի՞նչ արեցիք։ Հիմա ի՞նչ պատահեց, ասենք թե մի զինվոր էլ հրապարակում «տինտիրիտ» ա արել: Թուրքը, որ թուրք ա, Բաքվի բերդում իրանց թողնում են, որ իրենց երեխեքին զանգեն։ Հիմա ի՞նչ ա արել իմ երեխեն։ Իրենց հետ որ շփվում եմ, հոգեկանս խանգարվում է։ Դրա համար հանձնել եմ Աստծուն իմ երեխուն, իմանամ՝ իմ երեխեն էլ թուրքերի մոտ գերի ա ընկել»,- գանգատվում է հայրը։

Հանրային պաշտպան Տիգրան Գրիգորյանը պատրաստվում է բողոքարկել Գեղամի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Դուք ունե՞ք հոգեբուժարանի փաստաթուղթ առ այն, որ Գեղամ Սահրադյանը գտնվում է հոգեբուժական հաշվառման մեջ․ հարցին փաստաբանը չցանկացավ որոշակի պատասխան տալ․ «Նախաքննության մարմինը հոգեբուժարանից հարցում է արել, եւ պատասխանը ստացվել է։ Նշանակված է նաեւ փորձաքննություն»։

Նրա առողջությունն ի՞նչ վիճակում է։ «Շատ նորմալ։ Նրա հայրը առաջին օրն ահազանգում էր, թե որդին մարմնական վնասվածքներ ունի։ Ես նույն օրը գնացել եմ դատապարտյալների հիվանդանոց, տեսակցել եմ նրա հետ, նա նորմալ վիճակում էր։ Բացարձակ որեւէ վնասվածք չուներ։ Տղան ասել է, որ ընդամենը վիճել է ոստիկանների հետ։ Միառժամանակ մնաց դատապարտյալների հիվանդանոցում, առողջական վիճակի հետ կապված ստուգումներն ավարտելուց հետո նորից տեղափոխվել է կալանավայր»,- ասաց պաշտպանը։  

Գեղամ Սահրադյանն այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է։

Հետաքրքիր է, որ տուժած քաղաքացիները, որոնց մեքենաները դեպքի օրը կայանված են եղել Հանրապետության հրապարակում եւ մեղադրանքում ներկայացվում են որպես խոշոր չափի ոչնչացված գույքի սեփականատերեր, չեն բողոքել նրա դեմ։ «Վնասված գույք ասվածը հիմնականում ավտոմեքենաներ են, նաեւ` պարեկների։ Քաղաքացիներն իրենց գույքային վնասները նշել են, բայց, ըստ էության, իր հետ կապված, իմ ունեցած ինֆորմացիայով, դեռեւս  գույքային պահանջ չեն ներկայացրել։ Յուրաքանչյուր քաղաքացի նշել է, որ էսինչ չափի գույքային վնաս է կրել, բայց նաեւ գրել են, որ չեն ուզում, որ այս անձը պատասխանատվության ենթարկվի։ Միայն մեկ անձ է, որ մի քիչ ավելի խիստ է մոտեցել ու բողոքել է»,- ասաց «Համերով երիտասարդի» փաստաբանը։  

Թմրամիջոց իրացնելու մեղադրանքի շուրջ նա չցանկացավ խոսել՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում․ «Դիմեք նախաքննության մարմնին»։ Գեղամի հայրը վստահեցնում է, որ իր որդին թեեւ թմրանյութ է օգտագործել, բայց երբեք «բառիգ» չի եղել։ Բոլորի աչքի առաջ կատարված գործողություններ են, ինչո՞ւ են այսքան երկար ձգում վարույթը եւ ի՞նչ հիմքեր ունեն թմրամիջոցների իրացում մեղադրանքը ներկայացնելու համար։  

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեր հարցերին պատասխանեց․ «Կալանքի հիմքերը՝ նոր հանցագործություն կատարելու եւ այլնի հետ կապված, եւ այս պահի դրությամբ համարվել է, որ իր՝ ազատության մեջ լինելը կխոչընդոտի քրեական վարույթի արդյունավետ քննությանը, եւ միջնորդությունը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այդ ռիսկերի պահպանմամբ։ Թմրամիջոցների հետ կապված փաստերն առկա են։ Քննություն է իրականացվում թմրամիջոցները ձեռք բերելու աղբյուրները պարզելու ուղղությամբ»։ 

Հիշեցնենք, որ Գեղամ Սահրադյանը երկու պատերազմների մասնակից է՝ քառօրյա եւ 44-օրյա։ 44-օրյա պատերազմի օրերին Ջեբրայիլում 5 ընկերների հետ՝ խուճապի, հետնահանջի պայմաններում, դուրս է պրծել թուրքերի շրջափակումից, մի կերպ փրկվել։