Գյումրեցիներին ոչ այնքան ջրհեղեղը, որքան կոմունալ բաժնի աշխատողների վիճակն է անհանգստացրել

Գյումրեցիներին ոչ այնքան ջրհեղեղը, որքան կոմունալ բաժնի աշխատողների վիճակն է անհանգստացրել

Երեկ Գյումրիում աղետալի վիճակ էր։ Ողջ օրը տեղացող հորդառատ անձրևը բառի ուղիղ իմաստով քաղաքը ողողեց ջրով։ Սա առաջին դեպքը չէ, երբ հորդառատ անձրևից  քաղաքը ջրասույզ է լինում։ Գյումրեցիները նկատում են՝ Հանրապետության երկրորդ քաղաքում ջրահեռացման համակարգ  գրեթե չկա, հատկապես նոր՝ վերջին շրջանում սարքած փողոցներում դրանք իսպառ բացակայում են, կամ եղած չեղած` մեկ է։Թեև Գյումրու համայնքապետարանը երեկ անձրևը դադարելուց անմիջապես հետո քայլեր ձեռնարկեց փողոցը մաքրելու, քաղաքացիները շարունակում են իրենց իրավացի դժգոհությունն արտահայտել։

«Ջրահեռացման համակարգերը գործել են, բայց ջրի ծավալն է շատ մեծ եղել ու համակարգերը չեն հասցրել ջուրը հեռացնել»,-պարզաբանում են Գյումրու համայնքապետարանից։ Մինչդեռ բնակիչներն հակադարձում են՝ Անի թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում ընդհանրապես ջրահեռացման համակարգեր նախատեսված չեն։

Պարզվում է նաև, որ  քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների վիճակը  նույնպես անհանգստացրել է գյումրեցիներին։ «Աշխատողները ստրուկ չեն, նման դեպքերի համար ռեզինից սապոգներ տվեք հագնին։ Մարդիկ կոշիկները փչացրեցին, ոտքերին հազար վարակ կարող է կպնի, կամ մրսեն հիվանդանան։ Վերջը ձև ու շնորհք պիտի ունենա՞ աշխատանքը»,-նկատում է գյումրեցի Սոնա Զաքյանը։

Մեկ այլ գյումրեցի՝ Արշակ Հովհաննիսյանն էլ հավելում է․«Ուր ա ձեր լոմը, ծռած արմատուրը, ռետինե կոշիկները, էլի հասկցանք աննախադեպ տեղումների քանակով պայմանավորված մեր ունեցած քանիմ ծակը ջուրը չի հասցրե քաշե, բայց էլ ուր մնաց մարդկային պայմանները»։ Բայց, իհարկե, ամենից անհեթեթը համայնքապետարանի արդարացումն է, ըստ որի՝ աշխատողներին առանց համապատսխան հագուստի դեպքի վայր ուղարկելը իրավիճակով  պայմանավորված է եղել ․« Անհրաժեշտ է եղել տեղում և շատ արագ կազմակերպել տվյալ գործընթացները»,-արդարանում են համայնքապետարանից։