Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն պատրաստ չէր ֆորսմաժորային սիտուացիաների

Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն պատրաստ չէր ֆորսմաժորային սիտուացիաների

Աբովյանի Տուբերկուլյոզային դիսպանսերի դիահերձարանի պատկերից հայաստանյան հասարակությունը հերթական շոկն ապրեց։ Իշխանությունը, որի առաջին դեմքը հունիսի 1-ին իր ծնունդն էր նշում Ֆրանսիայում, քավության նոխազ դարձրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որը ներողություն խնդրեց կատարվածի համար։ Դատաբժիշկ, պաթոլոգոանատոմ Գարիկ Աղաբեկյանի կարծիքով՝ սրա պատասխանատուն նախարարը չէ։ «Առողջապահության նախարարը չպետք է իմանա, թե դիակը ոնց են պահպանում։ Դրա համար ինքն ունի հիմնարկի նշանակված տնօրեն, որին պետք է կանչեր ու ասեր՝ այ… տղա, դիմում գրիր ու փախիր։ Ես ինչի՞ պետք է քո փոխարեն կարմրեմ»։

Ըստ նրա՝ դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն պատրաստ չէ նման ֆորսմաժորային իրավիճակների։ «Մենք ունեցել ենք նաեւ արցախյան առաջին պատերազմում շատ-շատ մահվան դեպքեր, երբ Հայաստանում, գուցե հիշեք, ամենուր ազատամարտիկների թաղումներ էին, էլի Հերացու վրայի մորգը լիքն էր, բայց որ դիակները գետնի վրա շպրտված լինեին, նման բան չկար։ Նման խնդիր երբեւէ չէր ծագել, որ հարազատներին դիակները չտան, նրանք չկարողանան ճանաչել 7 ամիս պահելուց հետո»,- հավելեց Աղաբեկյանը։ 

Իսկ պատկան մարմինն իրավունք ունե՞ր այդքան երկար պահել այդ դիերը՝ զուտ մասնագիտական ստանդարտների տեսանկյունից։ Դատաբժիշկն ասում է․ այդքան երկար՝ ոչ։ Երկու, երեք օր, լավ՝ մեկ շաբաթ, ոչ ավելի։ «Կամ եթե պահում են, պետք է դնեն սառնարանի մեջ, բայց ես որքան հասկացա՝ սառնարան էլ չունեն»,- ասաց դատաբժիշկը։ Նրա խոսքով՝ «սխալ կազմակերպչական հարցեր են, համենայնդեպս, ճիշտ է՝ ֆորսմաժոր է, բայց 7 ամիս է՝ դրա տակից չեն կարողանում դուրս գալ»։ Մասնագետն անընդունելի է համարում մարմինները գետնին պահելը։ Ասում է․ «Տեսա, որ, երեւի բժիշկ էր, ասում էր՝ պադվալում, մի քիչ սառը, պադվալում ինչքա՞ն սառն է, 7 աստիճա՞ն է, թե՞ 0»։ Մահացած մարդու մարմինն առավելագույնը 1 ամիս կարելի է պահել +4-7 աստիճանի պայմաններում։ Եթե դին չի ճանաչվում, կարելի է նաեւ երկար պահել, բայց ինչո՞ւ չեն կարողանում ճանաչել: Գենետիկ անալիզների նոր սարք գնեցին, չնայած որ ՍՊԻԴ-ի կենտրոնում կար, երեւի մասնագետ չկա ՊՈԱԿ-ում:

Բարձրացված աղմուկից հետո Աբովյանում գտնվող 6 մարմինները տեղափոխվեցին Մարտունու դիահերձարան։ Գարիկ Աղաբեկյանն ասում է, որ շատ դիահերձարաններում նույն վիճակն է։ «Կարող է տանը մահացած դիակ լինի, սկոռին բերի-շպրտի պոլին․ սա եղել է անգամ մինչեւ պատերազմն ու կորոնան։ Եվ ես պայքարել եմ միշտ, որ դիակների հետ վատ չվարվեն»,- ասաց նա։ Հնարավո՞ր է, որ պատճառը սառնարանների սղությունն է։ Ըստ դատաբժշկի՝ մոտ 10-15 տարի առաջ Հայաստանում սառնարանի խնդիր եղել է, բայց դրանից հետո բոլոր դահերձարաններն այս խնդիրը լուծել են, քանի որ, ըստ նրա, սառնարանը «փող է բերում»՝ պահման մեկ օրը 5-10 հազար դրամ է։

ՀԳ․ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարց ուղղեցինք՝ քանի՞ չճանաչված դիեր կան հանրապետության տարածքում։ Խնդրել էինք նշել կոնկրետ թիվ։ Նա կոնկրետ թիվ չնշեց, սակայն հարցին, թե քանի տեղ կան դիերի պահման կետեր, ասաց․ «Խոսքը մեր բոլոր դիահերձարանների մասին է։ Այս պահի դրությամբ ինֆորմացիան սա է»։