Ո՛չ նիկոլական «սխալվելու վճռականությանը»

Ո՛չ նիկոլական «սխալվելու վճռականությանը»

Ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում մեջբերել է ֆրանսիացի քաղաքական եւ պետական գործիչ, դիվանագետ Շառլ-Մորիս դը Թալեյրանի (1754-1838) ասույթներից մեկը․ «Ժողովուրդները կսարսափեին, եթե իմանային, թե ինչ մանր մարդիկ են իրենց կառավարում»։ Իսկապես, մարդկության պատմության մեջ հզոր առաջնորդների քանակն այնքան էլ շատ չէ՝ դժվար թե դրանց քանակը հասնի հարյուրի: Նույնքան կամ ավելի քիչ են խելապակաս կամ անմեղսունակ՝ ծնունդով թագակիրները կամ ընտրովի ղեկավարները՝ էլ չեմ խոսում դավաճանների մասին: Իսկ երկրների ղեկավարների մեծագույն մասը միջին կարողության տեր մարդիկ են եղել եւ շարունակում են այդպիսիք լինել: Միջին կարողության տեր՝ միջակ մարդը, որպես երկրի շարքային բնակիչ, նորմալ երեւույթ է: Սակայն նույն երկրի համար վտանգավոր երեւույթ է, երբ այդպիսի մեկն է ծնվում կամ դառնում երկրի ղեկավար: Իսկ այժմ, եթե կարող եք, պատկերացրեք որեւէ երկրի վիճակը,՝ երբ ղեկավար է դառնում ոչ թե միջակը, այլ՝ անմեղսունակը: 

Մեր բախտը, ինչպես բազմաթիվ այլ, այս հարցում եւս չի բերել. մեր ժողովրդի՝ մեզ գրավոր ավանդված (վերջին երեք հազար տարվա) պատմության շրջանում հզոր առաջնորդների թիվը կարելի է հաշվել մեկ կամ, լավագույն դեպքում՝ երկու ձեռքի մատների վրա: Շատ ավելի պակաս է անմեղսունակ կամ դավաճան ղեկավարների թիվը: Սակայն, դժբախտաբար, վերջիններս հայտնվել են պատմության կրիտիկական պահերին, երբ որոշվում էր պետականության լինել-չլինելու հարցը: Եվ, բնականաբար, ծանր գնով վերականգնված անկախությունը կրկին կորսվում էր: Այս օրերում մենք ապրում ենք հենց նման պահերից մեկը:  

Երեք տարի առաջ համարյա ազգովի ղեկավար կարգեցինք մեկին, որը, ինչպես հետագայում պարզվեց, նման բարձր պաշտոն զբաղեցնելու ուղղակի իրավունք չուներ: Իրավունք չուներ բոլոր առումներով՝ փորձառությամբ, պրոֆեսիոնալ, մարդկային: Մեր իրավիճակի ողբերգականությունն արտահայտվում է նաեւ նրանում, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո ոչ միայն ինքը հրաժարական չտվեց՝ թաքնվելով ստորգետնյա բունկերներից մեկում, այլեւ նրան հրաժարական չպարտադրեցին պետական այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ (գործառութային) պարտականություն ունեին՝ ապահովելու պետության անվտանգությունը: 

Եվ դա էլ բավարար չէր, հասարակության անորոշ մասն է շարունակում աջակցել անմեղսունակ այդ անձին, չնայած վերջինս անընդհատ դուրս է տալիս անհեթեթություններ: Եվ այն հայը, որ ինքն իրեն խելացի ու «շուստրի» է համարում, մարսում է անհեթեթ այդ սնունդը: Վերցնենք, օրինակ, նրա վերջին հայտարարությունը՝ ինքը գիտի, որ մենք ծանրագույն խնդիրներ ունենք, ինքը չի փախչում պատասխանատվությունից (ինքն ընդհանրապես փախչող տեսակ չէ), սակայն ինքը շարունակում է հպարտ լինել: Ես՝ որպես նորմալ անձ, եւս գիտեմ, որ ունենք ծանրագույն խնդիրներ, ու այդ պարագայում՝ անկախ այն հանգամանքից, որ պատասխանատվության իմ բաժինը նրա հետ համեմատելի չէ, չեմ կարող ինձ զգալ հպարտ, որն առկա էր 2016-ին, ջհանդամը՝ 2018-ին: Ես անընդհատ փորձում եմ պահպանել իմ լավատեսությունը, բայց հպարտությունը… Այն անցյալ տարեվերջին թաղվեց արցախյան հողում, շարունակվում է թաղվել սյունիքյան եւ գեղարքունիքյան հողում… 

Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում ինքը հպարտ մեր պարտությամբ՝ կհարցնեք դուք: Լավ, հասկացանք, կշարունակեք, ինքն անմեղսունակ է, զուրկ է արժանապատվությունից, կարող է լինել եւ դավաճան, բայց պարտադիր չէ, որ նման տեսակի անձը հպարտ լինի իր ղեկավարած երկրի պարտությամբ: Պատասխանեմ․ ողջ խնդիրը հենց դա է՝ ինքը պարտությունը որպես այդպիսին, այսինքն՝ որպես պարտություն չի ընկալում: Ինքն իրեն տարիների ընթացքում համոզել է, որ այլոց կարծիքով սխալը, վատը, ի վերջո՝ պարտությունը, իրականում, այդպիսիք չեն: Դրանք ընդամենը երեւութականություններ են, որ ամրապնդում են իր վճռականությունը դեպի «ճշմարիտ ճանապարհ»: Հիշենք պատերազմի առաջին օրը խորհրդարանում արտահայտած նրա աննախադեպ թեզը․ «Ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»: Իսկ դրանից ընդամենը 9 օր առաջ էլ գրել էր «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերնագրով հոդվածը: Ու հենց այդտեղ փորձել էր իր անցած ճանապարհով հիմնավորել սեփական համոզումը, որ այլոց կողմից սխալ համարվածն իրականում հենց դրա հակառակն է:

Տվյալ խնդրի՝ մեզ առնչվող ողբերգական կողմն այն է, որ ինքը կարող է ամբողջական կործանման տանել երկիրը ու համարել, որ դա ընդամենը վերը հիշատակված երեւութականություններից է, եւ ինքն իրականում առաջնորդվում է դեպի վերջնական հաղթանակ: Սա է, որ պետք է հասկանա յուրաքանչյուր ոք ու առաջնորդվի ոչ թե նիկոլական «սխալվելու վճռականությամբ», այլ նորմալ մարդկային տրամաբանությամբ: Ճիշտ այնպես, ինչպես ամեն մարդ առաջնորդվում է իր կենցաղում: Ու ջնջի Նիկոլին ու նիկոլիզմն իր աշխարհից՝ արտաքին աշխարհում կրկին մեր հպարտ դիրքը վերականգնելու նպատակով: