Արթուր Սարգսյանը որեւէ քրեորեն պատժելի արարք չի կատարել. պաշտպան

Արթուր Սարգսյանը որեւէ քրեորեն պատժելի արարք չի կատարել. պաշտպան

Այսօր՝ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն քննելու է դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Հիմա չէ, 17.20-ին ծանուցվել ենք, պարոն Սարգսյանին են ծանուցել, հետագայում նաեւ ես եմ խոսել ոստիկանության աշխատակցի հետ, ում հանձնարարված էր ծանուցել։ Տեղեկացել ենք, որ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն նիստ կանի։ Գործի մասին որեւէ տեղեկություն այս պահին չունենք, այսօր առավոտյան մամուլից տեղեկացել ենք, որ ներկայացվել է միջնորդություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ձեռնամուխ ենք եղել՝ պարզելու հանգամանքները՝ դիմում ենք ներկայացրել ԿԸՀ, այս պահին պատասխան չունենք, ու դրանից հետո ծանուցում  ենք ստացել, միայն մամուլից տեղեկացել ենք, որ պարոն Սարգսյանը կասկածվում է 308 հոդվածի 2-րդ մասով եւ 314 հոդվածի առաջին մասով, սակայն էությունը, բովանդակությունն այս պահին հայտնի չէ, կգնանք նիստին կծանոթանանք ներկայացվող միջնորդությանը, կկարողանանք հետեւություններ անել»,- ասաց պաշտպանը։

Նրան հարցրինք՝ իսկ պարոն Սարգսյանն ի՞նչ կարծիք ունի այս ամենի վերաբերյալ.

«Պարոն Սարգսյանը կոնկրետ կասկածանքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի, բնականաբար, նա որակել է այս ամեն ինչը որպես քաղաքական հետապնդումների մի շարք, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր կասկածանքի էությանը, առհասարակ Արթուր Սարգսյանը որեւէ քրեորեն պատժելի արարք չի կատարել, եւ, միանշանակ չի վերաբերում այս ամեն ինչին»,- ասաց Խաչատրյանը: