Զբոսաշրջային բու՞մ, թե՞ բում-բում

Զբոսաշրջային բու՞մ, թե՞ բում-բում

Ասում են` զբոսաշրջային բումի շեմին ենք կամ գուցե՝ արդեն ներսում: Չգիտեմ: Չեմ վիճում: Թվերի ետեւից չեմ ընկնի, դրանցից շատ եմ հեռու: Ինձ այդ ասպարեզում ներգրավվածների տարրական գրագիտության, իսկ ավելի ճիշտ՝ անթերի տգիտության հարցերն են մտահոգում: Տարիներ շարունակ խոսում ենք մարզերում ենթակառուցվածքների մակարդակի բարելավման մասին (արտաքնոցներ, ջուր-սուրճ խմելու վայելուչ պայմաններ), բայց մոռանում ենք շատ կարեւոր մի հանգամանք՝ զբոսավարների իմացության աստիճանը: Հատկապես՝ օտարալեզու զբոսավարների, որոնց արտաբերած մի տխմարությունը, նույնիսկ անմեղ սայթաքումը կարող են ակնթարթորեն հայտնվել ինտերնետում, դառնալ զավեշտի, ծաղրի, ցավոք՝ նաեւ նենգափոխման պատճառ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մեկ ուզող ունենք, հազար չուզող: Այդ մեկ ուզողի տեղն անձամբ ես՝ չգիտեմ, բայց մյուսներն անդադար գործում են, չէ՞:

Բլոգերների ջոկատներ են գալիս Հայաստան: Ովքե՞ր են հայտնվում նրանց կողքին, ի՞նչ են դուրս տալիս: Կա՞ որեւէ կառույց, ստորաբաժանում, օղակ, որ հետեւի-տիրություն անի-կանխի (ան) գիտակցաբար վնասարարությամբ զբաղվողների գործունեությունը կամ ինքնագործունեությունը: Դիպլոմ ունեցող, բայց կենսաքիմիկոս չդարձած աղջիկն ահավոր վատ ռուսերենով հիմարություններ է արտանետում, որոնք դրսում կարծիք են ձեւավորում ոչ թե նրա, այլ մեր մասին:

Օրերս ակամա «մասնակից» դարձա անծանոթների զրույցի.
- Ախչիիիիի, էն օրը Ախթալայի եկեղեցի էինք գնացել: Մենք ու վրացիք վիճում ենք դրա պատկանելության հարցի շուրջ: Բայց պարզվում է՝ գիդն ասեց, որ մոնղոլական է…
- Երեւի ասել է՝ մոնղոլների տիրապետության շրջանում:
- Յաաահ, ուրեմն էդքան բան չեմ տարբերո՞ւմ: Ասեց՝ մոնղոլներն են սարքել…
Չէ, ինձ ճիշտ հասկացեք, մոնղոլների նկատմամբ ոչինչ չունեմ: Այն քիչ ժողովուրդներից են, որ վաղուց իրենք իրենցով պարփակված՝ ապրում են իրենց տիրույթում՝ յուրտում: Շեշտում եմ՝ յուրտո՜ւմ…

Հիմա կարող եք ասել՝ ինչ ես կորցրել, ինչ ես փնտրում: Բայց ժամանակն ու կյանքը ցույց տվեցին. երբ անփույթ ես դառնում պատմությանդ (մեր պատմաբանները գիտությունն իջեցրին ռեպեԾԻՏորական խոպանի, շտեմարանի, թեստերի մեջ պտիչկաներ դնելու մակարդակի), մշակույթիդ հանդեպ, պարարտ հող ես ստեղծում մեծ կորուստների համար: Այլ կերպ ասած՝ ոչ թանձրացականի հանդեպ անփութությունը թանձրացական աղետներ է բերում…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
մշակութաբան