Այդ կնոջ մեղադրանքի սանկցիան 10 հազար դրամ տուգանք է եւ 0- 3 տարի ազատազրկում՝ կալանավորել են
Վարդան Ղուկասյանի` «Դոգի» և նրա մերձավորների դեմ իրականացվող քրեական հետապնդումները այսօր շատերի ուշադրության կենտրոնում են: Նրանց շահերը պաշտպանող փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Վ․Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ավելի քան 6 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել: Թեեւ գուցե մեղադրյալներն ավելի շատ են, ինքը տեղյակ է միայն այսքանի մասին, որոնք շահերն է ներկայացնում դատարանում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ՝ փաստաբան Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ Փողերի լվացում, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ Շորթում։ Իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ «2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ»։ Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև Դոգի քույրը: Թե մինչև որտեղ կարող է ձգվել հետապնդումների այս շղթան, մենք փորձեցինք պարզել գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանից:
- Պարոն Բաղդասարյան, գործի շրջանակներում` քանի՞ կալանավորված անձ կա:
- Իմ ունեցած տեղեկություններով` 6-7, գուցե ավելի, չեմ կարող հստակ ասել: Իմ փաստաբանական գրասենյակի որոշ փաստաբաններ ավելի քան 6 հոգու շահերն են ներկայացնում դատարանում: Նշենք, որ գործի շրջանակներում կա կալանավորված կին, որի մեղադրանքի սանկցիան սկսվում է 10. հազար դրամից, ավարտվում 0-ից 3 տարի ազատազրկմամբ, սակայն այս կնոջ դեպքում կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց: Դա ծայրահեղ միջոց է: Մնացյալ ալտերնատիվ խափանման միջոցները գրավ, տնային կալանք, չի կիրառվել: Նշենք, որ այդ կինն ունի 3 տարեկան երեխա:
- Ո՞վ է այդ կինը:
- Չեմ կարող ասել` նախաքննական գաղտնիք է:
- Խոսակցություններ են պտտվում, որ Արտակ Գալստյանի որդուն ևս կալանավորել են:
- Նման խոսակցություններ կան, սակայն այդ տղան Վրաստանում է գտնվում և վերցված է արգելանքի տակ` այսինքն, անազատության մեջ է:
- Ձեր պաշտպանյալների կալանքը փոխելու համար չե՞ք պատրաստվում Վերաքննիչ դատարան դիմել:
- Իմ պաշտպանյալների հետ կապված, ըստ օրենքով նախատեսված կարգի` առաջիկա օրերին գործերը կուղարկվեն Վերաքննիչ դատարան, դրանից հետո գուցե դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ասեմ, որ պաշտպանյալներիցս մեկի գործով, արդեն իսկ ՄԻԵԴ-ում վարույթ կա հարուցված:
- Ո՞ր պաշտպանյալի, ինչի՞ համար:
- Արման Մկրտումյանի գործով:
- Իսկ ընդհանուր գործը քանի՞ դրվագից է բաղկացած:
- Նախաքննության գաղտնիք է, չեմ կարող ասել:
- Առերեսում եղե՞լ է առհասարակ:
- Այս հարցին ևս չեմ կարող պատասխանել:
- Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու և կալանավորելու ուղղությամբ միջոցներ էին ձեռնարկվում, ի՞նչ ընթացքի մեջ են:
- Չունեմ տեղեկություն, պետական լիազոր մարմինն է դիմել, նրանք էլ կիմանան: Ընթացքից տեղյակ չեմ:
Կարծիքներ