Եթե չունենք հայրենիքի զգացողություն, ապա այն գոյություն ունենալ չի կարող

Եթե չունենք հայրենիքի զգացողություն, ապա այն գոյություն ունենալ չի կարող

Այսօր լրացավ չորրորդ ամիսը, ինչ ՀՀ վարչապետը ստորագրել է եռակողմ հայտարարությունը ու դեռեւս մնում է իր աթոռից կառչած: Մեծ ժամանակահատվածի համեմատ չորս ամիսը նույնն է, ինչ, ասենք, մեկ կաթիլ ջուրը՝ մեծ օվկիանոսում: Սակայն մեր հայրենիքի այսօրվա վիճակի տեսանկյունից մեկ կաթիլ ջուրն էլ կյանքի հույս է «անապատում» մոլորված ճանապարհորդի համար: Եվ եթե դրան գումարենք այն անորոշ ժամանակահատվածը, որ Նիկոլ անունով անձը դեռեւս կմնա իր աթոռից կառչած, ապա կունենանք կյանքի ու մահվան միջնագիծը: Ու այն չի կարող շարունակվել անվերջ, քանի որ մեզ հաստատ այն տրված չէ: Ու դա, դժբախտաբար, չի ընկալվում իշխանական ու մերձիշխանական շրջանակների, հանրության՝ իշխանության կողմից զոմբիացված զգալի մասի ու փոքր նպատակներ հետապնդող անձանց ու միավորների կողմից:
Նիկոլին աթոռից քերելու տարբերակ կարող էր լինել բանակի ղեկավարության կողմից նրան ձերբակալելը՝ հատկապես, որ ռազմական դրության պայմաններում ՀՀ բոլոր զինված ուժերը ենթարկվում են ԶՈՒ ԳՇ պետին:

Սակայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն անվճռականություն հանդես բերեց՝ բավարարվելով հայտարարություններով, եւ երկրի վարչապետի ու նախագահի հանցագործ համագործակցությամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Զարմանալի է, որ իրեն լավ ճանաչողների կողմից «վախկոտ» բնորոշմամբ Նիկոլն ինչպես է կարողանում չեզոքացնել իր իշխանությանը սպառնացող վտանգները: Եթե արանքում չլիներ պատերազմում մեր պարտությունը, ու ինքը դեռեւս ունենար նախապատերազմյան վարկանիշը, ապա ամեն ինչ հասկանալի կլիներ: Սակայն պարտություն կրած գերագույն գլխավորը բարոյական որեւէ իրավունք չուներ շարունակել պաշտոնավարումը: Դրան գումարած նրա նկատմամբ իրավապահներին ուղղված բազմաթիվ հաղորդումները, որ մի օր հաստատ կդառնան քրեական գործերի հարուցման հիմք: Եվ այդքանից հետո նա հաղթում է գեներալ-գնդապետին:

Քանի որ մեր հասարակությունը բաց թողեց Նիկոլից ազատվելու ակնհայտ տարբերակը, մնում է քաղաքացիական անհնազանդության ակցիաների կիրառումը: Ընդ որում, դա հաստատ չի ենթադրում խորհրդարանի շենքի շրջափակում, քանի որ արդեն հաղորդվել է, որ շրջափակվել են ոչ բոլոր մուտքերը, եւ բացի դրանից, կա մեկ այլ՝ գաղտնի, ելքի ու մուտքի հնարավորություն մետրոյի կանգառի միջոցով: Հնարավոր միակ տարբերակը մնում է արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների եւ ԲՀԿ-ական երիտասարդական ուժերի կողմից գոնե քաղաքի կենտրոնի խաչմերուկների համատարած շրջափակումը, ինչի արդյունավետությունն ապացուցվեց 2018-ի գարնանը: Եթե դա տեղի չունենա, ապա հանգիստ կարող ենք արձանագրել, որ ոչնչություն մեկը հաղթեց ողջ մի ժողովրդի, եւ պատրաստվենք կամովին լքել այս տարածքը: Կամ էլ մեր հայրենիքի մի փոքր հատվածում, քանի որ դրա մի մասն էլ կկորցնենք ժամանակի ընթացքում, վերածվենք թուրքական կապիտալը եւ թուրք պաշտոնյաներին սպասարկող անձնակազմի:

Այս ամենն արձանագրում եմ ցավով, քանի որ ենթադրում էի, որ գեներալ-գնդապետի ուսադիրներն ունեցող անձը պետք է լինի այնքան գիտակից եւ վճռական, որ կարողանա լուծել կապիտուլյանտ դավաճանի խնդիրը: Եթե դա այդպես չեղավ, ապա ուրիշ ինչը կարող է փրկել այս ժողովրդին, որի համար սոցիալական խնդիրները, ինչպես արտահայտվեց իմ ծանոթ երիտասարդներից մեկը, ավելի առաջնային են, քան հայրենիքի անվտանգությունը: Եթե երիտասարդները չունեն հայրենիքի զգացողություն, ապա նման հայրենիք ուղղակի գոյություն ունենալ չի կարող:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ