Բումերանգի հայկական հետեւանքները

Բումերանգի հայկական հետեւանքները

«Կյանքը խաղ է»,- վստահ են թե՛ խաղամոլները, թե՛ խաղավարները: «Կյանքը բումերանգ է»,- հուսով են թե՛ արդարության սպասողները, թե՛ նրա համար պայքարողները, որոնք վստահ են, որ եթե անգամ արդարություն չհաստատվի, ապա գուցե բումերանգը հատուցում կբերի: Հայաստանում իրականում ոչ թե կյանքն  է բումերանգ, այլ՝ քաղաքականությունը: Ներհայաստանյան հասարակական-քաղաքական անցյալ եւ ներկա, ենթադրաբար՝ նաեւ ապագա զարգացումների համար   ճշգրիտ բնութագրումը, ձեւակերպումը, կանխատեսումը հանգում է դրան՝ «քաղաքականությունը բումերանգ է»: 

Բումերանգը՝ պատերազմի եւ որսորդության այդ վաղ նախնադարյան զենքը, հայտնի է այն յուրահատկությամբ, որ որսին կամ թշնամուն հարվածելուց հետո նույն ուժգնությամբ հետ է վերադառնում եւ կարող է հարվածել հարվածողին: Բումերանգի քաղաքական զենքը Հայաստանում ամենատարածվածն է նաեւ այն պատճառով, որ իշխանության համար մղվող՝ նախկինների ու ներկաների դժնի պայքարում արդեն երկուսուկես տասնամյակ բումերանգը մնում է հիմնական զենքը, թեպետ հրազենը եւս Հայաստանում իշխանության համար պայքարի կիրառվող զինատեսակներից է:  

Իշխանության համար պայքարը քաղաքականության անբաժանելի մասն է: Ցանկացած պայքար ունի իր բիրտ կանոնները, այդ իսկ պատճառով  իշխանության համար մղվող պայքարն ավելի քաղաքակիրթ դարձնելու եւ հանրությանը այդ պայքարին մասնակից դարձնելու համար առաջադեմ մարդկությունը սահմանել է ազատ, արդար, օրինական ընտրությունները: Հայ ժողովուրդը, չնայած մարդկության քաղաքակրթության ակունքներում է կանգնած եղել, սակայն տապալել է ազատ ընտրությունների կարեւոր քաղաքակրթական քննությունը 1995թ. ի վեր:

Ընտրությունից ընտրություն Հայաստանում իշխանության համար մղվող պայքարում քաղաքական բաղադրիչը նվազել է, ի վերջո՝  ընդհանրապես ոչնչացվել, ինչի հետեւանքով իշխանության համար մղվող դժնդակ պայքարն ավարտվել է կա՛մ հոկտեմբերի 27-ով, կա՛մ մարտի 1-ով, կա՛մ 2018թ. հեղափոխությամբ:

Վերջին երկուսուկես տասնամյակի ներհայաստանյան իրողություններն ավելիով վկայում են,  որ սակավաթիվ իշխանափոխությունները տեղի են ունեցել ոչ թե ազատ ընտրությունների, այլ իշխանության՝ տարակուսելի եւ  վտանգավոր  փոխանցումների հետեւանքով: Նմանօրինակ իրավիճակում իշխանության համար պայքարում հանրությունը մղվել է փակուղի՝ խարխափելով ընտրության հիմնականում երեք տարբերակների շուրջ՝ վատի, ավելի վատի եւ վատթարի: Սա մի փակ եւ կախարդական շրջան է, ուր արգելափակվել են Հայաստանի հանրությունը եւ խեղդամահ արվող պետությունը:

Նմանօրինակ իրավիճակում բումերանգի վերադարձի  սպասումով ապրող, քաղաքական անհուսության դատապարտված Հայաստանի հանրության համար «քաղաքականությունը բումերանգ է» ձեւակերպումը եղել է թե՛ խուլ նզովք, թե՛ հույսի շող միաժամանակ: Բումերանգի քաղաքական զենքը գրեթե միշտ հետ է վերադարձել, իսկ բումերանգի հայկական հետեւանքները վրա են հասել անխուսափելիորեն: 

1996թ. ՀՀ նախագահի վիճահարույց ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն 1998թ. փետրվարին ստիպված եղավ հրաժարական տալ իր իսկ թիմակիցների պահանջով. նրանց, ում ինքն էր բերել իշխանության: Սա քաղաքականության բումերանգի առաջին հարվածն էր Տեր-Պետրոսյանին: Բումերանգի երկրորդ հարվածն առավել շառաչուն էր արդեն 2008թ. ՀՀ նախագահի ընտությունների ժամանակ: Ավազակապետության դեմ եւ «ավգյան ախոռները» մաքրելու համար մղվող՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարն ուժգին բախվեց այն համակարգի անգթությանը, որը ձեւավորվել էր իր իսկ կառավարման օրոք: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի կառավարումը դարձյալ վերստանձնեց ընտրակեղծիքների եւ իշխանության բռնազավթման հետեւանքով: Կեղծված ընտրությունների բումերանգի զենքը հետ էր վերադարձել եւ ուժգին հարվածել  Տեր-Պետրոսյանին եւ նրա քաղաքական թիմին: Տեր-Պետրոսյանի ստեղծած եւ Սահմանադրության կեղծմամբ հաստատված քաղաքական համակարգը դարձավ նրա հաջորդների քաղաքական պատվանդանը, որի վրա բարձրացան Հայաստանի մյուս կառավարիչները: Այդ պատվանդանն իրականում ծանր  շիրմաքարի պես դրվել էր Հայաստանի առաջադիմության  ճանապարհին: Իրավիճակը բարդանում եւ խնդիրը խճճվում է նաեւ այն պատճառով, որ քաղաքական բումերանգը հարվածել էր ոչ միայն Տեր-Պետրոսյանին, նրա քաղաքական թիմին, այլեւ Հայաստանի հանրությանը եւ պետությանը՝ դառնալով արգելակ զարգացման եւ քաղաքակրթության ճանապարհին:

Քաղաքականության  բումերանգն ուժգին հարվածեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին արդեն 2018թ. ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ նա անցնում էր հրապարակային դատավարությունների, հանրային պարսավանքի, մարդկային ստորացումների տառապագին ճանապարհը:

Բումերանգի հարվածը հետ վերադարձավ նաեւ մարտի 1-ի արյունալի դեպքերի կրկնության սպառնալիքով, այս անգամ արդեն՝ հեղափոխական իշխանությունների կարկառուն ներկայացուցչի՝ իր ազգանվանակցի՝ Անդրանիկ Քոչարյանի շուրթերով, որը պետության՝ կրակելու իրավունքը համարեց օրինաչափ: Բումերանգի հաջորդ հարվածն այն քաղաքական հետապնդումներն էին, որոնց ենթարկվում էին Քոչարյանի աջակիցները եւ փողոցներում Փաշինյանի հրաժարական պահանջողները: Տեր-Պետրոսյանի պես՝ Ռ. Քոչարյանը ստիպված էր բախվել նույն քաղաքական համակարգի անգթությանը, որը հեղափոխության տխրահռչակ առաջնորդը հրաժարվեց փոխել:
Հայկական քաղաքականության բումերանգը նույն ուժգնությամբ հարվածեց նաեւ Քոչարյանի հաջորդին՝ Սերժ Սարգսյանին, որը իշխանությունը ստանձեց մարտի 1-ի արյունոտ դեպքերի եւ հայկական ապստամբության խեղդելու գնով: 2008թ. ապրիլի 9-ին  Երեւանում Սերժ Սարգսյանի երդմնակալությանը տասը տարի անց հաջորդեցին Երեւանի, Հայաստանի մարզերի, Սփյուռքի փողոցներում ու հրապարակներում հոծ զանգվածների բողոքի միջոցառումները՝ նրա հրաժարականի պահանջներով եւ «Մերժի՛ր Սերժին»  կարգախոսով: Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հագնել իր սահմանադրական  կոստյումը՝ կարված անձնիշխանության գորշ թելերից: 
Այդ կոստյումը հագավ Տեր-Պետրոսյանից ժառանգած, Քոչարյանի եւ Սարգսյանի վերաձեւած քաղաքական համակարգը շարունակաբար մերժող Հայաստանի գործող կառավարիչը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հեղափոխությունից կարճ ժամանակ անց քաղաքականության բումերանգը սկսեց անդադար հարվածել նաեւ Փաշինյանին, երբ ակնհայտ դարձավ, որ պետականաշինության նրա պատկերացումները նույնացվել են ընդդիմադիր թերթ խմբագրելու պատկերացումների հետ՝ դառնալով ական Հայաստանի պետության ճանապարհին: Քաղաքականության բումերանգը շարունակ հետ էր վերադառնում եւ հարվածում Փաշինյանին թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ պատերազմից հետո, ուր նա խաղամոլի պես պահեց իրեն՝ տանուլ տալով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազատագրված Ղարաբաղը. այն ամենը, ինչը հայ ժողովուրդը ձեռք էր բերել մեծ զոհողությունների, զրկանքների, արյան գնով, իր պատմական երազանքներն իրականություն դարձնելով:

Բումերանգն այժմ հետ է վերադառնում եւ հարվածում Փաշինյանին Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքների փողոցներում, ուր նրա հրաժարականը պահանջում են թե՛ նրա քաղաքական հակառակորդները, թե՛ նրա երբեմնի ջերմեռանդ աջակիցները: Բումերանգը հետ է վերադառնում  ատելության եւ խառնակչության, քաղաքական պոպուլիզմի, իշխանության յուրացման եւ դրա տենդագին պահպանման արատավոր ճանապարհներով: Բումերանգը հարվածում է Փաշինյանին նաեւ որպես երբեմնի ընդդիմադիր գործիչ, քանի որ այն ամենը, ինչ նա մերժում եւ քննադատում էր, արդեն երեք տարի իրականացնում է: Բումերանգը Նիկոլ Փաշինյանին ամենաուժգինն է հարվածում: Նրան նզովում են որդեկուրույս մայրերը եւ հայրենիք կորցրած քաղաքացիները: Փաշինյանը կանգնել է իշխանությունը պահպանելու նույն երկընտրանքի առաջ՝ հեռանալ արյա՞մբ, թե՞ առանց արյան, ազատ ընտրություննե՞ր կազմակերպել, թե՞ դրանք կեղծել: Բումերանգը նրան հարվածում է իր իսկ կադրային սխալներով,  քաղաքական հավատաքննությամբ, անձնական վրեժխնդրությամբ: 

Քաղաքականությունը, իրոք, բումերանգ է, ողջ խնդիրն այն է, որ քաղաքական բումերանգը երկուսուկես տասնամյակ հարվածել է ոչ միայն այն օգտագործող ՀՀ կառավարիչներին, այլեւ նախեւառաջ Հայաստանի հանրությանն ու պետությանը, որոնք այժմ կանգնած են բումերանգի վտանգավոր զենքի օգտագործման մեջ հմտացած Նիկոլ Փաշինյանի կառավարումից Հայաստանն ազատելու կարեւոր խնդրի առջեւ: 

Քաղաքական բումերանգը Հայաստանում իշխանության համար մղվող պայքարի հիմնական զենքն է եղել եւ կմնա այդպիսին, քանի դեռ Հայաստանի կառավարումը չի ստանձնել նա, ով, ի վերջո, այդ բումերանգը կդնի յոթ փակի տակ:  Հակառակ դեպքում՝ բումերանգի հայկական հետեւանքները վերջնականապես կավերեն Հայաստանը եւ հայ ժողովրդի ազգային իղձերը: