Իբր լուրջը դու՞ ես․․․

Իբր լուրջը դու՞ ես․․․

Փաշինյանի ասուլիսի լրջությունը բնութագրելու համար բավական է ուշադրություն դարձնել նրա ներածական ճառին, երբ տնտեսական աննախադեպ ցուցանիշների մասին էր խոսում ու երկրում կատարվող բոլոր աճերը ներկայացնում մի այնպիսի ոգևորությամբ, որ մարդ ակամա մտածում է, թե ինքը ո՞ր երկրում է ապրում։ Բայց դրանց վրա չեմ ուզում կենտրոնացնել ձեր ուշադրությունը և չեմ պատրաստվում կասկածի տակ դնել նրա ասածը։ Այո, Հայաստանը զարգանում է թռիչքաձև, այստեղ ապահովված են բոլոր պայմանները, որ մարդ իրեն կուշտ զգա։ Ներածականի վերջն է սարսափելի։ Այդքան պլյուսները, առավելությունները թվարկելով, նշում է, որ այո, Հայաստանի անվտանգությունը վտանգված է։ Այսինքն անվտանգություն չկա։ Դե եթե թշնամին գալիս ու առանց դիմադրության քո տարածքում հանգստանում, տուն- տեղ է դնում, քո տանը կից շինարարություն է ծավալում, ի՜նչ անվտանգության մասին է խոսքը։ 

Որպեսզի ավելի պարզ  պատկերացնեք, թե ինչ է ասում Փաշինյանը, մի հասարակ օրինակ բերեմ։ Գողը մտել է տունդ։ Դու աննախադեպ ապրուստ ունես, կնոջդ ու երեխեքիդ էլ հետ գիշերը կուշտ կերել ես։ Որպես տղամարդ առաջինը ի՞նչ կմտածես՝ որ սառնարանդ լի՞քն է, որ լավ ապրուստ ունե՞ս, թե որ կնոջդ զգեստահարանները պայթում են հագուստներից։ 

Անվտանգությունդ երբ  խարխլված, վտանգված է, երբ թշնամին դանակը դրել է երեխեքիդ վզին, երբ կնոջդ քո ճոխ սենյակներով քարշ են տալիս, երբ քո ձեռքերը կապել են ու դու, ինչպես խոստովանեցիր, կաշկանդված ես, ո՞նց է մտքովդ անցնում, որ դու  լավ տուն ունես, աննախադեպ աճ ես գրանցում, որ սառնարանդ լիքն է․․․ 

Այդքանից հետո ո՞նց կարող ես չզարմանալ, թե  Սերժ Սարգսյանը ո՞նց էր «էդ լրջությամբ» երկիր ղեկավարում։ Այդ լրջությունը քեզ նման մարդը չի կարող հասկանալ, որովհետև Արցախ է տանուլ տվել, սեփական տան մեջ թշնամին խրախճանք է անում, մարդկանց իրենց հայրենիքից, տուն ու տեղից  զրկել, մի ողջ ժողովրդի պատանդ է թողել թշնամու ձեռքում ու խոսում է լրջության  մասին․․․ Այնքան որակումներ կարելի է տալ նման թույլ մարդուն, բայց ես զերծ կմնամ դրանից ու ընդամենը կհարցնեմ՝ իբր լուրջը դու՞ ես, որ այդքան խայտառակություններից հետո կնոջդ հետ «կուկուռուզ կրծել» հանրայնացնում ես։ Անգամ կուկուռուզն էր ձեր փոխարեն անհամաչափ ծամծմված, պատառոտված լաց լինում։