Գուցեև, սա քաղաքական հետապնդում է․ Ժաննա Ալեքսանյանը՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին

Գուցեև, սա քաղաքական հետապնդում է․ Ժաննա Ալեքսանյանը՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին

Սյունիքի համայնքապետերի դեմ իշխանության հայտարարած հետապնդումները շարունակվում են, այսօր՝ առավոտյան, հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ԿԸՀ-ն զրկել է պատգամավորի անձեռնմխելիությունից, երեկ նույնը ԿԸՀ-ն արեց Սիսիանի համայնքապետի մասով, ավելի վաղ կալանավորվել էին Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետերը։ Հետագայում նաև նյութեր տարածվեցին, թե ինչպես են ոստիկանական բաժանմունքում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գետնին գցում Մխիթար Զաքարյանին, ոլորում և վնասում մարդու ձեռքը։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին հարցրինք, թե արդյո՞ք այս ձերբակալությունները մարդու իրավունքների խախտումներ  և քաղաքական հետապնդում չեն:

«Կենտրոնացումը Սյունիքի վրա է, ես կարող եմ համարել, որ Սյունիքի վրա ինչ-որ սևեռված են։ Ես գիտեմ, որ պաշտպանները  կալանքի օրինականությունից են խոսել, գործերին տեղյակ չեմ, դրա մասին չեմ կարող խոսել, բայց ես չեմ կիսում այդ մեծածավալ ձերբակալությունները, որ կարծես ամբողջ Սյունիքը թիրախավորվել է։ Դա ինձ համար համոզիչ չի թվում, որ իրոք կան այնպիսի խախտումներ, որ հենց պետք է Սյունիքի այդ համայնքապետերը լինեին, չգիտեմ՝ մարզպետը լիներ կամ մյուսները։ Այդ առումով ես տեսնում եմ, որ, գուցեև, սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Ալեքսանյանը։

Նրան հարցրինք նաև, թե որպես իրավապաշտպան` ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ոստիկանական բաժանմունքում Մխիթար Զաքարյանին գցում են գետնին, ոլորում ու վնասում ձեռքերը:

«Անընդունելի եմ համարում հանրության առաջ մարդու հետ այդպես վարվելը, ով ուզում է լինի, որ այդպես դիմակներով բերում, շոու են կազմակերպում, ես դրան կատեգորիկ դեմ եմ»,- պատասխանեց Ալեքսանյանը։

Իսկ ի՞նչ կարծիքի է կալանավորումների վերաբերյալ. հիշեցնենք, որ բոլոր համայնքապետերին՝ նույնիսկ Քարահունջի կին համայնքապետին, կալանավորել են․

«Ես չգիտեմ՝ արդյոք տեղի՞ն էին այդ բոլոր կալանքները, թե՞ ոչ, ես հենվում եմ նաև օմբուդսմենի ահազանգի վրա՝ կապված բերման ենթարկելու և այս ամենի հետ կապված, ես կիսում եմ այդ կարծիքը, ասացի արդեն, թե ինչքանով եմ կիսում»,- ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե ինչու են իրավապաշտպանները լռում այս գործերով, երբ նախկինում նմանատիպ գործերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինում էին, հայտարարություններ էին տարածում, Ալեքսանյանը չցանկացավ գնահատական տալ իրավապաշտպանների գործունեությանը։