Ինչո՞ւ էին մարզպետները կանչվել «Իմ քայլի» «կառափնարան»

 Ինչո՞ւ էին մարզպետները կանչվել «Իմ քայլի» «կառափնարան»

Հայրենի մարզպետներին երեկ հերթական անգամ հրավիրել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն՝ հաշվետվություն ներկայացնելու։ Փակ հանդիպմանը շտապող մարզպետներից ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչու են հրավիրվել ԱԺ, ինչ քննարկում է ծավալվելու։ Եվ որքան էլ տարօրինակ է՝ տեղյակ չէին նաեւ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը։ Վերջին շրջանում տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը կադրային վերադասավորումների է պատրաստվում, սպասվում են պաշտոնանկություններ, որոնք չեն շրջանցի մարզպետների թիմին։ Ենթադրվում էր, որ մարզպետներին հենց այդ պատճառով էին կանչել «կառափնարան», որ հայտնեն դժգոհություններն ու հետո որոշեն՝ ով պետք է հայտնվի «մեղադրյալի աթոռին», ով պետք է շարունակի պաշտոնավարել։ 

Իշխող ուժի պատգամավորների հետ փակ քննարկումից հետո մարզպետաց դասը միաբերան հերքեց այս լուրերը՝ հավաստիացնելով, որ պաշտոնանկությունների հարց չի քննարկվել, եւ որ այս հանդիպումը պետք է դիտարկել ԱԺ-ին հաշվետու լինելու համատեքստում, սակայն հարցուպատասխանից պարզ դարձավ, որ մարզպետների աշխատանքի վերաբերյալ հնչել են դժգոհություններ։ Պարզվում է՝ Հայաստանում ներդրումներն ուշանում են, քանի որ մարզպետների ենթակայության տակ գործող համայնքապետերը «հին տրամաբանությամբ» են աշխատում։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անկեղծացավ, որ քննարկել են նախկին համակարգի մաս կազմած համայնքապետերի հարցը. «Կան համայնքապետեր` հին արժեհամակարգով առաջնորդվող, որոնք խոչընդոտում են զարգացումներին` սխալ տեղեկություն տրամադրելով: Մասնավորաբար՝ ներդրումներին»։

Մարզպետն անուններ չհնչեցրեց, բայց վստահեցրեց, որ որոշ համայնքապետեր համայնքային հողերը տարբեր նպատակներով տրամադրել են տեղի բնակիչներին, եւ դրա դիմաց տարեկան 50-100 դոլար է տրամադրվել համայնքապետին, ոչ թե բյուջե: «Հետեւաբար, երբ որ ներդրողներ են գալիս, այդ համայնքապետերը փորձում են կոծկել հողերի առկայության փաստը, որ իրենք եկամուտ քաղեն։ Ես՝ որպես մարզպետ, անձամբ եմ խոսում ներդրողների հետ եւ փորձում հարթել։ Այն համայնքապետերը, որոնք թույլ են տալիս օրենքի խախտում, գործ են ունենում իրավապահների հետ»։ Համառ պնդումներից հետո էլ խոստովանեց, որ նման երեւույթները համատարած բնույթ չեն կրում, ներկա դրությամբ երկու-երեք համայնքապետի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, թե ինչ հիմքով՝ Ղուկասյանը չմանրամասնեց։ Այդուհանդերձ, Լոռվա մարզում, մարզպետի վստահեցմամբ, շատ ներդրումներ են կատարվում․ «Տուրիզմի հետ կապված ներդրում ունենք, Կաթնաղբյուրում չինական 5 միլիոնի ներդրում ունենք եւ այլն»։ Թե ինչու է հարցը քննարկվել ԱԺ պատգամավորների հետ, եւ ինչ կարող է առաջարկել օրենսդիր մարմինն «անհնազանդ» համայնքապետերի հետ կապված, պատասխանեց․ «Ոչ մի բան, իրենք ընտրված մարմիններ են, եւ միայն ժողովուրդը կարող է նրանց հրաժարականը պահանջել»։ 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին էլ է պատուհասել այն նույն խնդիրը, ինչ Անդրեյ Ղուկասյանին, ավելին՝ Պետրոսյանն ասաց, որ ամբողջ Հայաստանում կա նման խնդիր․ «Հողային ֆոնդերի հետ կապված՝ անմխիթար ժառանգություն ենք ստացել։ Օրինակ՝ Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է, անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։ Երբ հարցրինք, թե ինչ հիմքով է գործ հարուցվել, մարզպետն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ ճիշտ է՝ այդ գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտե՞նք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, իրենք օգտվել են այդ նորմից»։ Զարմանալի է․ այսպիսի հայտարարություններից հետո ո՞վ կցանկանա ներդրում անել, երբ իշխանությունն իր օրենքներն ունի ու ինքն է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, որը՝ բարոյական, որը՝ ոչ։ Կոտայքի մարզպետը պատգամավորների հետ կիսվել է նաեւ իր «դարդով»․ «Աբովյանում դեռեւս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում, եւ ես այդ մասին խոսել եմ այսօրվա քննարկմանը»։ Մարզպետի կարծիքով՝ նման «կլանային շահեր սպասարկող» համայնքապետերից ազատվելու մի ճանապարհ կա, երբ ՀՀ քաղաքացիները տուրք չեն տա կլանային կարծրատիպերին։

Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը չի առնչվել գործընկերների նշած՝ ներդրումները խոչընդոտելու խնդրին, ավելին՝ հայտարարեց․ «Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում»։ Իր մարզը միակն է, որտեղ խոշորացվել են համայնքները, եւ աշխատանքի սկզբունքները մի քիչ այլ են, առայժմ նորմալ է ամեն ինչ, եթե լինում են խնդիրներ, ասում է, շտկվում են: Ասաց՝ աննախադեպ ցուցանիշ է գրանցվել՝ ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր: «Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել։ Չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է: Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա»,- ասաց Պողոսյանը: Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից։ «Իրեն հարցրեք։ Ես ինքնագնահատականներ չեմ տալիս»:

Փաշինյանը մի առիթով հայտարարել էր, որ նախկին պաշտոնյաները հսկայական հողատարածքներ էին ձեռք բերել` էժան գներով, եւ քննարկվում է դրանք հետ բերելու հարցը: Սյունիքի մարզպետը պատասխանեց իր ղեկավարած մարզի կտրվածքով, ասաց, որ ինքը միայն կարող է ասել, որ նշված փաստերով քրեական գործեր կան հարուցված․ «Ներգրավված են նախկին պաշտոնյաներ՝ ե՛ւ տեղական, ե՛ւ…»: Հարցին` Սյունիքի նախկին մարզպետը ներգրավվա՞ծ է, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ հստակ տեղեկություն տալ չի կարող, նախաքննության գաղտնիության հարց կա։