Հոսանքն անջատվել է միայն մեր շենքում, հետո արդեն ընտրության արդյունքները պարզ էին․ Գալստյան

Հոսանքն անջատվել է միայն մեր շենքում, հետո արդեն ընտրության արդյունքները պարզ էին․ Գալստյան

«Դուք նշեցիք, որ վստահված անձինք չեն եղել [ընտրատեղամասերում «Հայոց հայրենիք» կուսակցությունից]։ Դուք այս ինստիտուտից չեք օգտվել, ինչո՞ւ», - Սահմանդրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցրեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին, ում մասնակցությամբ ՍԴ-ում ընթանում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների բողոքարկման դիմումների քննությունը։

«Ուրեմն ասեմ ձեզ, հարգելի՛ դատարան, կապված է եղել մարդկային և ֆինանսական ռեսուրսներից։ Նաև այն հանգամանքից, որ մեր կուսակցության թիմը նոր էր հավաքվել, ընդամենը մեկ ամսվա պատմություն ունեինք։ Նաև ֆինանսական ռեսուրսների խնդիրներ կային, դրա համար ընտրեցինք երկրորդ տարբերակը, որը որ, կարծում ենք, նորմալ երկրներում, բավականին պիտի գործուն լիներ։ [Կուսակցության] Կենտրոնական շտաբում տեղադրեցինք մոնիտորներ, կարողանում էինք միաժամանակ վերահսկել մոտավորպես 1500 տեղամասեր, բայց ցավոք սրտի, Աստծո կամոք, թե ոչ, հոսանքազրկվեց, մոտավորպես ժամուկես վերահսկողությունը չենք ունեցել։ Ընդ որում, հոսանքը անջատվել է միայն մեր շենքում, վերականգնվելուց հետո արդեն ընտրության արդյունքները պարզ էին», - պատասխանեց կուսակցության ղեկավարը։

Գալստյանն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոք ներկայացրել են՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, սակայն ժամկետի մեջ չէին տեղավորվել, և բողոքը վարույթ չէր ընդունվել ԿԸՀ-ի կողմից։