Ոչ փողոց փակելով երկիր կկառուցենք, ոչ էլ բաց ու փակ քվեարկությամբ կինո կստեղծենք…

Ոչ փողոց փակելով երկիր կկառուցենք, ոչ էլ բաց ու փակ քվեարկությամբ կինո կստեղծենք…

Ի՞նչ խորհրդավոր է հնչում չէ. «Ձեր «Հայոց խիղճը» նախագիծը քննարկվել է «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի կողմից և չի ընդունվել: Հայտնում ենք նաև,որ գեղարվեստական խորհրդի բաց և փակ քվեարկությամբ ընդունված որոշումների վերաբերյալ «Հայկ» կինոստուդիան պարզաբանումներ չի տալիս: Շնորհակալություն մասնակցության համար»:

Առաջին հայացքից թվում է, ինչ կա ո՞ր, նորմալ պատասխան է: Սրանից էն կողմ էլ ի՞նչ պիտի լինի…Էլ ո՞վ կարող է ասել աչքիդ վերևը հոնք կա:

ՀՀ մշակույթի նախարարության «Հայկ» պետական կինոստուդիան և 7 հոգանոց հեղինակավոր հանձնաժողովն օգտագործել է դեմոկրատիայի բարձրագույն դպրոցի ամենասկզբուքային ձևերից մեկը` էլ բաց քվերկություն, էլ փակ քվեարկություն: Տպավորությունն այն է, թե մրցույթն անցել է, ոչ ավել ոչ պակաս,գրեթե խորհրդարանի նախագահ ընտրելու նման… 

Խեղճ «Հայկ» կինոստուդիա, որը ինքնուրույն դե յուրե հարց լուծելու իրավուքն ունի, բայց դե ֆակտո, օդից է կախված…

Ընդհանրապես հարց լուծողները միշտ վերևներում են եղել…

Անկախության մոտ երեք տասնամյակ տևած «ապկատներից». ասել է թե, դու ինձ… ես քեզ... նշանաբանից բացի, մեզանում խաղարկային մի լուջ կինո չստեղծեցինք: Ստեղծած մեկ երկու խնդրահարույց հաջողված ֆիլմն էլ Մոսկվա կինոթատրոնում կայացած պրեմիերաներից, հարևան բարեկամների երկարատև բուռն ծափահարություններից ու մի քանի օրվա ցուցադրումից հետո էն կողմ չեն անցել..
Իսկ հիմա, մշակույթի նախկին նախարարության նոր կառուցվածք է, ենթակառուցվածքների նոր ղեկավարություն է, լեցուն` մշակույթում ու կինոյում կտրուկ շրջադարձներ կատարելու խանդավառությամբ… Բարի երթ…

Ասում են ճուտը ձվի մեջ է երևում: 50-ամյա իմ, կինոգործունեություն չասեմ, աշխատանքի ընթացքում կինոյի տեսակ-տեսակ մինիստրների /էն ժամանակ/ ու նախարարների հետ եմ առնչվել: Մեկը մյուսից զարմանազան` իրենց շռայլ խոստումներով, տեսակ-տեսակ   ֆրսանդներով, բոյով-բուսաթով, օտար լեզուներ տիրպետող ու չտիրապետողներով: Սակայն այդպես էլ կինոյի հոգս ու ցավից հասկացողներին մատների վրա կարելի է հաշվել: Էլ չասեմ`որ տարիներ առաջ նկարահանվող մի մուտֆիլմ ունեինք, մինչև ավարտը 7 նախարար փոխեց: Զավեշտի օրինակներ ինձ շատ են հանդիպել: 

Սակայն վերը նշված խնդրին, անկեղծ ասաց, անդրադառնում եմ ոչ թե նրա համար, որ  հարցն ինչ որ չափով նաև ինձ է առնչվում: Բոլորովին… Այլ, պարզապես, այս փուչ ու պլպլան  մրցույթներից ազատվելուն`ես վաղուց էի ուզում անրադառնալ:

Դա կարծես սատանի մայլում քյանդրբազ խաղացողների ժանրից է… Նախ որտեղ մրցույթ, այնտեղ շահերի բախում: Մեզանում ակնհայտորեն ներմուծված մրցույթային այդ փիչինգներն ու միչինգները չէ, որ «փրկելու է» հայ մշակույթն ու կինոն:

Դա,իսկապես, կարող է միայն պատրանք ստեղծել`որ արվում է մաքսիմումը, թե տեսեք-տեսեք մենք ինչքան մաքուր ու սկզբունքային ենք: Արդյունքում ցանկացած պահի, այդ մրցույթ ասածդ, կարող է շղարշի ու վարագույրի դեր կատարել…

Խոսքն այստեղ պետք է տրվի ոչ թե արտաքին փայլին,այլ ունակ ու կարող ստեղծագորոծական խմբերի միացմանը,համախմբմանը` թե չէ նրանցից ամեն մեկը ֆինանսական վերմակն իր կողմն է ձգում… Ու այստեղից էլ ծայր է առնում քինախնդրության մի ամբողջ շղթա: 

Հայտերի կամ գաղափարների մրցույթս որն է: Դա ոչ նկարահանած մատերիալ է, ոչ գրական գործ է, ոչ սցենար է, ոչ էլ առավել ևս ռեժիսորական սցենար է: Կարծում եմ դա, պարզապես, ինքնախաբեություն ու թոզ փչել է...

Փիչինգը լայնորեն տարածված է ռուսական կինոյում, որն արդեն իսկ, այնտեղ կոռուպցիոն սխեմաների ներդրման պարարտ հող է դարձել:

Ավելին ասեմ, այնտեղ դեռ մրցույթին մասնակցող ընկերություններից, հազարական դոլար գրավ են պահանջում, որը պարտվելու դեպքում են միայն հետ վերադարձնում, այն էլ ամիսներ հետո…Փառք Աստծո գոնե սա մեզանում հանված է…
Սակայն մեզանում էլ անմեղ թվացող մեկ այլ երևույթ կա: Մրցույթի վերջին օրը, մեկ էլ մի 15-20 հայտ միանգամից ավելանում է: Ես չեմ ուզում մտածել, թե դա խաղաթղթերը խառնելու համար է: Սակայն, երբ մրցույթով չանցածների պատասխան նամակի վերջում էլ գրում են, որ բաց և փակ քվեարկության համար պարզաբանումներ չենք տալիս, սա արդեն, մեղմ ասաց, անբարտավանություն է:
Իսկ ո՞վ պիտի պարզաբանի…

Եթե կարելի է ես պարզաբանեեմ… Պլպլան այդ մրցույթները, բացի ինքնախաբեությունից,  ոչինչ էլ չեն տալիս…Իսկ հետո՞: Հետոն էլ այն է, որ ոչ միայն կինոյի, այլև բոլոր բնագավառներում պետք է ունենալ պատասխանատվությունն իր վրա վերցնող ղեկավարություն:

Թե չէ պատասխանատվություն բառն, իսպառ, մոռացության ենք մատնել… Էքստրեմալ պայմաններում ապրող երկիր ենք…

Չէ, ոչ փողոց փակելով երկիր կկառուցենք, ոչ էլ բաց ու փակ-գաղտնի քվեարկությամբ կինո կստեղծենք…

Ռոբերտ Մաթոսյան