«Էդ մարդն ինքն եկավ, ինքն ըսեց, ինքն էրեց, էսօր արդար կեղներ, որ ներկա լիներ»․ Գյումրիում Ռուբեն Վարդանյանի «տեղն երևում էր»

«Էդ մարդն ինքն եկավ, ինքն ըսեց, ինքն էրեց, էսօր արդար կեղներ, որ ներկա լիներ»․ Գյումրիում  Ռուբեն Վարդանյանի «տեղն երևում էր»

Փետրվարի 3-ին, տեղի ունեցավ Գյումրու Բարեկամության զբոսայգու սահադաշտի և Վերնիսաժի պաշտոնական բացումը, որին բացի քաղաքային եւ մարզային իշխանություններից  ներկա էին  նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն ։

 «Քաղաքում կանաչ տարածքի, հանգստյան նոր ու արդիական լուծումներով հագեցած այգու շահագործումը սպասված էր բոլորիս համար։ Մի քանի օր է ինչ սահադաշտը բաց է այցելուների համար և հետաքրքրությունն ու մարդկանց հոսքն արդեն իսկ խոսում է ծրագրի հաջողվածության, քաղաքի համար դրա կարևորության և բնակիչների շրջանում մեծ հետաքրքրության մասին։ Կարևոր է նաև տոնավաճառային հատվածը, որը գյումրեցի արվեստագետների, բիզնես ոլորտում գործունեության ծավալող անձանց համար ևս մեկ հնարավորություն է ներկայանալու։ Բարեկամության այգին Գյումրու զարգացման կարևորագույն կետերից է, վստահ եմ, իր հագեցվածությամբ, նոր ու հետաքրքիր լուծումներով մեր այգին կդառնա Հանրապետության լավագույն հանգստի գոտիներից մեկը և իր դրական ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը Գյումրիում»,-նշում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ։

Թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար Բարեկամության այգում գործում է հանրային սահադաշտ՝ նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ պարագաներով ։ Իսկ ահա  Վերնիսաժի 25 փայտյա տաղավարները, որոնք կառուցվել են գյումրեցի արհեստավորների կողմից, կծառայեն որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։

Նշենք, սակայն կարևորը․ այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ Հիմնադրամի համահիմնադիրը Արցախի ՊԵԿ նախարար  Ռուբեն Վարդանյանն է։   Դեռ 2019թ-ին  «Ավրորա» ֆորումի շրջանակներում,տեղի ունեցավ Գյումրու «Բարեկամություն» պուրակի հիմնարկեքի արարողությունը: Ռուսաստանաբանակ գործարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իրենց առաջին ծրագիրն էր Գյումրիում, իսկ հետագա անելիքների մասին նախընտրում է խոսել աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ նրա՝ պուրակի շինաշխատանքները նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2021 թվականը, որից հետո  հնարավոր էր՝ Գյումրիում հանդես գան այլ նախաձեռնություններով: Համավարակի պայմաններում, սակայն,  նախագծող հիմնական խումբը Հայաստան գալ չկարողացավ, բայց աշխատանքները կանգ չառան, այգու նախնական նախագիծն արդեն կազմված էր:Պուրակը, որտեղ ժամանակին տեղակայված էր երկու տասնյակից ավել տնակ, ամբողջությամբ մաքրվեց և  պատրաստ էր վերածվելու ժամանցի վայրի։ 

Գյումրեցիները թերահավատ էին: Նմանատիպ խոստումներ ու նախաձեռնություններ շատերն են արել, սակայն շատ քչերն են իրագործվել: Այսօր արդեն պուրակում սահադաշտի բացումը նոր հույս է ներշնչում։Ճիշտ է, նշում են, թե  ցանկալի կլիներ, որ ծառայությունների գներն էլ ավելի մատչելի լինեին, բայց հնարավորության սահմաններում եղածից էլ կօգտվեն։ Օրինակ, երեխաների համար կես ժամ սահելու համար սահմանվել է 1500 դրամ արժեքը։«Հնարավոր է՝ Երևանում էս գները նորմալ են, բայց մեզ մոտ, կարծում եմ, վերանայելու կարիք կա»,-ասում է գյումրեցիներից մեկը։Մեկ ուրիշն էլ նկատում է․  «Էդ մարդը քիչ բան չէրեց, ինքն եկավ, ինքն ըսեց, ինքն էրեց, էսօր ճիշտ  ու արդար կեղներ, որ էստեղ լիներ, բայց արի ու տես․․․․,խոսքը Ռուբեն Վարդանյանի՝ բոլորիս հասկանալի  պատճառով  ներկա չգտնվելու մասին է, իր տեղն երևում էր» ։

Հավելենք, որ այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50 տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։