Արցախում ավելի շատ մտահոգված ենք ՀՀ-ում տիրող իրավիճակից

Արցախում ավելի շատ մտահոգված ենք ՀՀ-ում տիրող իրավիճակից

Եւս մի քանի օր, եւ կբոլորի 2 ամիս, ինչ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի թողնելով շրջափակման մեջ։

«Շրջայցով սննդի կետերում էի, քաղաքի տարբեր հատվածներում։ Սնունդը քանի որ արդեն կտրոններով է, նախօրոք կշռվում և պոլիէթիլենային տոպրակներով շարվում է ցուցափեղկերին,  և հաճախորդները առանց դժվարության շատ արագ գնում են։

Մի քիչ բարդ իրավիճակ է բանջարեղենի հետ կապված, որովհետև կտրոնով չի իրականացվում առևտուրը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ վերահսկելի է, հասարակության մոտ կա գիտակցում, որ զրկանքները կրում են հանուն Հայկական Արցախի։ Բնակարանները տաքացնելու համար էլ  հերթագրվել են քաղաքապետարանում՝ վառելափայտ և վառարաններ ձեռք բերելու համար»,-hraparak.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնում է  Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը ։

Արցախցի երիտասարդ քաղաքական գործիչն անկեղծ խոստովանում է․ « Մենք այստեղ ավելի շատ մտահոգ ենք ՀՀ ում տիրող իրավիճակից, հիասթափված  նախօրեի  խորհրդարանական լսումներից, որոշակի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՀՀ իշխանությունների կեցվածքից։ Դե,  հաշվի առնելով ՔՊ-ականների կեցվածքը և հակաարցախյան մտածելակերպը,  գործելաոճը` մենք շատ լավ հասկանում ենք,  որ քանի նրանք իշխանության ղեկին են,  իրավիճակը միայն վատթարանալու է։Մենք բազմաթիվ անգամ նշել ենք այն կոնկրետ գործողությունը և ուղին, որի արդյունքում հնարավոր կլինի կանգնեցնել այս կործանարար ալիքը․ այն է՝  հայկական կողմի գլխավոր բանակցող հանդիսացող Նիկոլ Փաշինյանին այդ աթոռից պոկելը։

Մենք այստեղ դիմակայում ենք փորձություններին  և դժվարություններին։Բայց այնպես չլինի, որ այսքանից հետո լինեն նոր զիջումներ»։

Հարցին, թե Արցախում քաղաքական դաշտն ինչպիսին է այսօր, մեր զրուցակիցը պատասխանեց․«Արցախում կա ներքին համախմբվածություն, պայքարի ոգի և մեկ ընդհանուր նպատակ։ Եթե ՀՀ-ում էլ լիներ նման համախմբվածություն, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչպիսի իրավիճակում ենք, և որ ներքին պառակտումը առաջին հերթին ձեռնտու է թշնամուն։ Այդ իսկ պատճառով փորձում ենք հնարավորին չափ անաղմուկ, թեկուզ խորհուրդներով մատնանշել Արցախի իշխանությունների սխալները և բացթողումները։

Կադրային փոփոխություններ և այլ գործընթացներ բնականաբար լինելու են, քանի որ Արցախը պետություն է, և ունի ինստիտուտներ, որոնց զարգացման համար անհրաժեշտ են բարեփոխումներ, նոր ռեֆորմների մշակում և այլ գործընթացներ։Սակայն շրջափակման պարագայում կա գիտակցում առ այն, որ պետք է միասնական լինել և թույլ չտալ պետականության կործանում» ։