Թատրոն-թամաշա 

Թատրոն-թամաշա 

Երկրի ղեկավարն ու շարքային քաղաքացին պիտի իրարից տարբերվեն։ Եթե երկրի ղեկավարը շարքային քաղաքացու նման փողոցում «պիրյաշկի ուտի» կամ «կուկուռուզ կրծի» , նա դառնալու է նույն շարքային քաղաքացին, որին վիրավորելու, ծաղրելու, հայհոյելու են։ Չասեք, թե դրանով երկրի ղեկավարը «սիրտ է շահում»։ Դրանով նա դառնում է փողոցում «պիրյաշկի ուտող, կուկուռուզ կրծող» մարդ։ 

Երկրի ղեկավարը չի կարող ինքը բարձրագույն կրթություն չունենալով, պայքարի ոչ բարձրագույն կրթություն ունեցողների դեմ։ Նրա երեսին շրմփացնելու են՝ բա դու ո՞նց ես երկիր ղեկավարում, որ մեզ թույլ չես տալիս է մի 10-15 հոգանոց դասարան պահել։

Երկրի ղեկավարը, չի կարող ինքը բանակում ծառայած չլինելով, ասի՝ տուգանում, քրեական գործ եմ հարուցում նրանց դեմ, ովքեր բանակում չեն ծառայել։ Չի կարող գերագույն հրամանատար լինել և զորքին առաջ տանել։ Չի՜ կարող պատժել իր պարտականությունը չկատարող զինվորին։ Կասեն՝ թե լավ բան է, դու ծառայեիր, պատերազմ գնայիր․․․
Երկրի ղեկավարը չի կարող երկրում ողբերգական կամ ցանկացած դեպք  պատահելուց  հետո րոպեների ընթացքում այնտեղ չլինել։ Մարդիկ ողջ կյանքում չեն մոռանա, կասեն՝ մի հատ դեպքի վայր էլ չգնացիր, դու ի՜նչ ղեկավար․․․
Երկրի ղեկավարը երկրի օրհասական պահին, երբ պետականության լինելիության հարցն է դրված, չպիտի պոկի, չպիտի ցնցուղ բռնի։ Նրա գործը երկրի անվտանգությունն է, որ տեղ լինի՝ կախիչ կախեն, ցնցուղ դնեն։ Ինչպես որ իր գլխին տեղ է պետք, որ կեպի դնի։ 

Երկրի ղեկավարը լավի, ամենալավի օրինակը պիտի լինի։ Նա ստի, կեղծիքի, դավաճանության, թալանի մասին խոսելու իրավունք պիտի վաստակի։ Այլապես մարդիկ անլրջությամբ կվերաբերվեն նրա ասածին ու լավագույն դեպքում կասեն, կխոսեն, կծիծաղեն․․․

Երկրի ղեկավարը մի տեղ գնալուց պիտի մտածի, որ ինքը ոչ թե որպես անձ է գնում, այլ որպես պետություն։ Որ ինքը իրեն չի ներկայացնում, իր ընտանիքին չի մեծից փոքր ներկայացնում, այլ  հայ ժողովրդին է ներկայացնում։ Նա չպիտի այնպես ներկայանա, որ թշնամին նրա վարքով, պահելաձևով ուրախանա, հայ ժողովուրդն էլ ամաչի։ 
Մեր երկրում թատրոն- թամաշա է․․․ Պատկերացրեք մեքենա, որի ոչ մի դետալը իր տեղում չէ, շարժիչն  էլ չի աշխատում, բայց զիլ աղմկում, գլուխ է տանում։ Դա էլ քիչ է՝  ապագայից, ընթացքից  է խոսում։