«Սանիտեքը» մեղքը գցել է «Ֆլեշի» վրա

«Սանիտեքը» մեղքը գցել է «Ֆլեշի» վրա
Մայրաքաղաքի իշխանություններն անելանելի վիճակում են: Չնայած նրանց կոչերին, հորդորներին, տուգանքներին ու նախազգուշացումներին, «Սանիտեք» ընկերությունը չի ազատում Երեւանն աղբից: Օրերս ընկերությունը հերթական անգամ տուգանվեց աղբահանությունը ոչ պատշաճ կատարելու համար։ Երեւանի քաղաքապետարանն այս մասին հաղորդեց, որ «Սանիտեք» ընկերությանն ուղարկվել են հնարավոր տուգանքի մասին ծանուցումներ, եւ սահմանվել են ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: «Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել, եւ ընկերությունը տուգանվել է 12 միլիոն 967 հազար 739 դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ամենայն հավանականությամբ, ընկերությունն արդեն «հանել» է իր ներդրած գումարները եւ նոր ներդրումների պատրաստ չէ, քանի որ չկա վստահություն, որ Հայաստանի նոր իշխանությունները կերկարացնեն ընկերության հետ պայմանագիրը:



**«Զիբիլի» մեքենաների շքերթը խոստումնալից էր**



Աղբահանության միջազգային օպերատոր՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը Երեւանում սկսեց աշխատել 2014-ի դեկտեմբերի 1-ին: Այդ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը շքախմբով անցավ Շահումյանի հրապարակով, որտեղ «զիբիլի» մեքենաներ էին շարել, եւ սա յուրօրինակ օրհնություն էր նոր ընկերությանը: Առաջին տարիներին այն սպասարկման ոլորտի ամենաօրինակելի կազմակերպություններից էր, ինչը գնահատում էր ե՛ւ քաղաքային իշխանությունը, ե՛ւ քաղաքացիները: 10 մլն դոլարի ներդրում կատարվեց, ժամանակակից, GPS-ներով մեքենաներ բերվեցին, գերմանական աղբամաններ տեղադրվեցին քաղաքում: Հեղափոխությունից հետո, սակայն, աղբն աստիճանաբար սկսեց իր ռեւանշը: Միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանք խոստացող ընկերությունն արդարանում էր՝ աղբատար մեքենաները վերանորոգման կարիք ունեն, չկան պահեստամասեր: «Անցյալ տարի մենք ունեցել ենք նման խնդիր եւ կարճ ժամանակում հասցրել ենք լուծել,- ասաց ընկերության տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը քաղաքացիներին, որոնք սեպտեմբերի 6-ին մի տոպրակ աղբ էին տարել «Սանիտեքի» գրասենյակ,- տեխնիկական խնդիրներ են, որոնց բախվել է ընկերությունը եւ որոնք աշխատում է լուծել»:



**Սկզբում՝ ճանապարհները,հիմա էլ՝ «ֆլեշը»**



Պատճառաբանություններին հավատալը դժվար է: «Ցանկացած պահեստամաս պատվիրելու դեպքում մեկ շաբաթից, մեկ ամսվա ընթացքում գալիս տեղ է հասնում: Իսկ «Սանիտեքի» աշխատանքն արդեն մոտ 4 ամիս պարալիզացված է»,- մեզ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Ըստ նրա, ժամանակին ընկերության ներկայացուցիչները դժգոհել են, որ դեպի աղբավայրեր ճանապարհներ չկան: «Այժմ այդ ճանապարհները կառուցված են, հիմա էլ պատճառաբանում են, թե, իբր, իրենց ծախսերը նախատեսվածից շատ են եղել, քանի որ իրենց ստիպել են վառելանյութը գնել «Ֆլեշ» ընկերությունից: Մենք այդ ընկերության շահերը պաշտպանելու խնդիր չունենք, սակայն պետք է նշել, որ այդ ընկերությունը հարմար, մյուսներից էժան գներով է աշխատել»,- ասում է կոմունալ վարչության պետը: Հարցին, թե ինչ կարող է անել քաղաքապետարանը, եթե «Սանիտեքը» չի կատարում իր պահանջները, պատասխանեց. «Մենք միայն կարող ենք տուգանել: Արդեն 12 մլն դրամի ենք տուգանել, հիմա տուգանքն անհամեմատ մեծ կարող է լինել»: Հիշեցնենք, որ հուլիսին կոմունալ տնտեսության վարչությունը հայտնաբերել էր պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման դեպքեր: 12 մլն տուգանք սահմանելիս քաղաքապետարանը նաեւ զգուշացրել էր, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան չիրականացնելու դեպքում կկիրառվեն ավելի կոշտ միջոցներ:



**Ընկերության լիցենզիայի դադարեցումը կբերի քաոսի**



Քաղաքապետարանը կարող է, իհարկե, զրկել ընկերությանը լիցենզիայից, բայց դա ժամանակատար գործընթաց է: «Սանիտեքին» լիցենզիայից զրկելուց հետո կարող է քաոսային վիճակ ստեղծվել: Մրցույթ անցկացնելու համար պետք է հիմնավորվի, որ ընկերությունը չի կարողանում աշխատել: Բացի այդ, կազմակերպությունը, որը պետք է գա, առնվազն մի 6 ամիս մոնիտորինգի ժամանակ պետք է ունենա: Մեծ է հավանականությունը, որ հենց այդ պահին աղբահանությունը Երեւանում կկանգնեցվի, ծառայությունները կդադարեցվեն: Քաղաքը մի քանի օրում կկորի աղբի մեջ, քանի որ երկրորդ կազմակերպությունը չկա: Պարզ է, որ նախընտրական փուլում նման ցնցումների կառավարությունը չի ցանկանա գնալ: Ահա ինչու քաղաքային իշխանությունը ստիպված է դիմանալ «Սանիտեքի» կամակորություններին, իսկ «Սանիտեքը» չի պատրաստվում «քշտել թեւերն» ու գործի անցնել:



**Մենաշնորհի «հոտավետ» հմայքը**



Նախկինում Երեւանի բոլոր թաղապետարաններն ունեին «սանսեկտորներ», որոնք բարդ իրավիճակներում օգնում էին քաղաքապետարանին աղբահեռացման, ձյան մաքրման աշխատանքներում: Այսօր այդ ստորաբաժանումները վերացված են, եւ աղբահանության ոլորտում, ինչպեսեւ բոլոր մյուս բնագավառներում, մենաշնորհ է հաստատվել: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած, նույնիսկ ամենալավ ընկերություն, հայտնվելով մենաշնորհային դիրքում, սկսում է գլուխ պահել: Այդպես եղավ նաեւ ֆրանսիական «Վեոլիա գրուպ» ԲԸ-ի հետ, որը 2006-2016թթ. կառավարեց մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս «Երեւան ջուր» ՓԲԸ-ի: Ապա հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային մրցույթում՝ 2017 թվականից իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը, որից հետո ընկերության մատուցած ծառայությունների որակն ավելի ու ավելի էր վատանում: Ի վերջո, հասան նրան, որ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, այն բանից հետո, երբ Հայաստանի պաշտոնյաներին իրենց հաշվին Ֆրանսիա տարան՝ «փորձի փոխանակման» անվան տակ:



**Միջազգային փորձ ունեին ավազոտ, ո՛չ ձնոտ երկրների համար**



«Սանիտեքի» հետ կապված քրեական պատմություն դեռեւս չկա: Ընկերությունը, ըստ մասնագետի, որն աշխատել է «Սանիտեքում», ի սկզբանե սխալ մենեջմենթ էր կիրառում: «Ունեին միջազգային փորձ: Բայց մեր կառավարությունը մի բան չհասկացավ՝ միջազգային փորձ ունեին ավազոտ, ո՛չ ձնոտ երկրների համար: Պատկերացրեք, Դուք Ձեր ամբողջ կյանքն ապրել եք Դուբայում, իսկ հիմա պետք է տեղափոխվեք Սիբիր: Դուք չգիտեք, թե ձյունն ինչ է: Բացի դա, իրենց մեքենաները դրսում, այլ երկրներում 7-8 տարի ծառայում են: Մեզ մոտ դրանք քշում են «Զիլ» քշող շոֆերներ, որոնք ուտում են մեքենաները: Մեր բանվորներն են խնդիրը: Մեր խնդիրը մեքենան օգտագործելն է: Մի երկու մեքենա դքի վրա շուռ է եկել՝ արագությունը գերազանցելու պատճառով: 120-140 հազար եվրո է մի մեքենայի գինը: Ափսոս էին»,- հայտնեց մեր աղբյուրը: Ընկերությունը կառավարման լուրջ թերություններ է ունեցել: Ավտոպարկը հավաքվել է տարբեր ընկերությունների բեռնատարներից՝ «Մերսեդես», «Սկանիա», «Իվեկո», «Հինո», «Ատլաս»: «Ինչ ֆիրմայի ավտո ասես՝ կա: Մեկի պահեստամասը մյուսի վրա չի լինում դնել: Երբ որ մեքենաները նոր էին, դժգոհություններ չկային: Բայց հիմա բոլորը շարքից դուրս են գալիս: Պահեստամաս բերելը, մեքենա նորոգելը լուրջ պրոբլեմ ա դարձել»,- պատմում է «Սանիտեքի» նախկին աշխատողը: Մենեջմենթի թերություն է նաեւ այն, որ ջարդված պահեստամասերն արագ նորոգելու պրակտիկա «Սանիտեքում» չկա: «Օրը 24 ժամ մեքենան աշխատում է: Պետք է տեխզննություն անցնի, ռեմոնտ: Հիմա գիտե՞ք ինչ են արել: Ձյունը մաքրող մեքենաների «մատոռները» հանել են, դրել են աղբ տանողների վրա: Հետո՝ մեքենաների քանակն ա քիչ: Երեւանի համար 40 մեքենա ա պետք: Իրենք ունեն 27 մեքենա, առաջ ընդհանրապես քիչ էր՝ 14 ավտո ունեին: Եթե բոլորն աշխատում են, բավականացնում է, բայց եթե մեքենաները կանգնում են նորոգման, արդեն քիչ են, չեն հերիքում»:



**ՀԳ**. _«Սանիտեք» ընկերության պաշտոնյաներից միակ «հասանելին»՝ տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը, հրաժարվեց մեկնաբանել մեր ստացած տվյալները աղբահանողի վերաբերյալ։ «Ես իրավասություն չունեմ լրագրողների հարցերին պատասխանելու: Մամուլի հետ աշխատակից մենք չունենք: Չգիտեմ տնօրենը որտեղ է: Ես աշխատանքի չեմ: Դրանից ավել մեկնաբանություն չեմ կարող տալ: Մի քանի օրից ունենալու ենք մամուլի ասուլիս՝ մոտակա ժամանակներս, եթե համբերեք, ձեր հարցերը կարող եք տալ»,- ասաց նա:_



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**